Հեռո՛ւ մնացեք իշխանությունից, թողեք գան մարդիկ, ովքեր կաշկանդված չեն պարտության բեռի բարդույթով. աղոթքի նպատակը քաղաքական մեսիջներ ուղարկելը չէ՛. Արշակ սրբազանը՝ վարչախմբին
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Դժվարանում եմ ասել՝ Վեհափառի ուղերձին ծանոթանալուց հետո՞ են կայացրել այն իր ժամին չհեռարձակելու որոշումը, թե՞ պահի պոռթկման արդյունք է։ Ուղերձի հրապարակումից հրաժարվելը տեղի է ունեցել վերջին պահին, Հանրային հեռուստաընկերության կողմից։ Հետո Հանրայինը պարզաբանում տարածեց, որն ավելի շատ հարցեր առաջացրեց, քան դրանք կային՝ հղում տալով օրենսդրական կարգավորմանը։ Դա նույնն էր, որ ասենք՝ հայրենասիրության մասին չխոսենք, այն գոյություն չունի, որովհետև օրենսդրական կարգավորում չկա։ Սա շատ ծիծաղելի էր։ Բարեբախտաբար, չստացվեց այն, ինչ մտածել էին, որովհետև այս տարվա Կաթողիկոսի ուղերձն ամենաշատ դիտվածն էր։
- Իհարկե, ակնհայտ է, ինչպես մի շարք հարցերում, այնպես էլ Արցախի հարցում հանրության մի ստվար մասի, Մայր Աթոռի ու իշխանությունների միջև կա մոտեցումների տարբերություն։ Ինձ համար զարմանալի է այն ահռելի վիհը, որ կա իշխանությունների դիրքորոշման փոփոխությունների միջև, երբ մինչև 2020թ. «Արցախը Հայաստան էր, և վերջ», իսկ դրանից հետո՝ «Արցախը Ադրբեջան է, և վերջ»։ Դժվարանում եմ արժանահավատ համարել Արցախի հարցում իշխանությունների բերած փաստարկները, որովհետև իշխանությունն ազնիվ չէ։ Չկան ռացիոնալ բացատրություններ, որ մենք զգանք՝ իշխանության որդեգրած գիծն Արցախի հարցում արդարացված է։
- Չեմ ուզում բնորոշումներ տալ՝ դավաճանական, ապիկար և այլն, բայց այս ձախողումները տեղի են ունեցել այս իշխանությունների օրոք, և միայն հոգեբանական բարդույթները բավարար են, որ իրենք չկարողանան Արցախի հարցի շուրջ բանակցել։ Դրա համար մենք բազմիցս ասել ենք՝ հեռու մնացեք իշխանությունից, թողեք գան մարդիկ, ովքեր կաշկանդված չեն պարտության բեռի բարդույթով։
- Վեհափառի ուղերձը ուղերձ էր՝ ուղղված Փաշինյանի խղճին՝ հեռանալ ու թույլ տալ արդյունավետ որոշումներ կայացնել։ Խոսքը պատերազմից հետո նրա հրաժարականի պահանջի մասին Կաթողիկոսի խոսքին է վերաբերում։ Հիմա ասում է՝ բա ո՞վ… Դա մյուս հարցն է, բայց եղբա՛յր, ոչ դու։ Դու չես այն մարդը, ով պետք է որոշի երկրի հետագա ընթացքը։ Մարդը դժվար է ընդունում իր սխալը, բայց երկրի ղեկավարը պետք է կարողանա տարբերակվել։ Երբ դու ասում ես՝ պատրաստ եմ գնդակահարության պատի տակ կանգնել, դա միայն խոսք չպետք է լինի, այլ նաև պատրաստակամություն, առավել ևս, որ ոչ ոք չի պատրաստվում գնդակահարել։ Բայց պետք չէ թողնել, որ հարցը հասնի ինքնադատաստանի։ Վերջիվերջո, այստեղ չլինի պատիժը, կլինի այնտեղ՝ մահվանից հետո։
Ընթերցողին հիշեցնենք, Արցախյան 44-օրյա պատերազմին վերջ դրած զինադադարից գրեթե մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 8-ին, Վեհափառ հայրապետը հանդես եկավ 1991 թվականից՝ Հայաստանի անկախության նվաճումից ի վեր աննախադեպ հայտարարությամբ՝ հորդորելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին «հանձնառություն ստանձնել և վայր դնել վարչապետի լիազորությունները՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները»։
Վեհափառ Հայրապետն այդ հայտարարությունից մինչ օրս տարբեր առիթներով հայտարարել է, որ շարունակում է պահանջել վարչապետ Փաշինյանի հրաժարականը՝ միաժամանակ հայտարարելով, որ եկեղեցին վերքաղաքական մարմին է, որն առաջնորդվում է ազգային ու պետական շահերով, և, որ իրենց համոզումներում, մեր դիրքորոշումներում որևէ փոփոխություն չկա:
- Դու չես կարող Սուրբ Ծննդյան տոնին ասել մի սաղմոս, որը ասվում է Հարության տոնին։ Նրա (Նիկոլ Փաշինյանի,- հեղ.) ընթերցած սաղմոսը արտասանվել է քաղաքական նկատառումներով։ Աղոթքի առաջնային նպատակը սեփական մեղքերից ձերբազատվելն է, և եթե դու աղոթքը օգտագործում ես քո առավելությունը ընդգծելու, քեզ թագավորի հետ համեմատելու համար, ընդունելի չէ։ Աղոթքի նպատակը մեղքերից ձերբազատվելն է, ոչ թե քաղաքական մեսիջներ ուղարկելը:
- Հաճախ էլ իրեն համեմատում է Պապ թագավորի հետ։ Բայց Պապն այն թագավորը չէր, որի հետ պետք է համեմատվել։
- Ավելի ուրախ եմ, որ իշխանությունները չեն մասնակցում Սուրբծննդյան պատարագին, որովհետև Սուրբ պատարագին նրանց մասնակցությունն ավելի շատ խնդիրներ է առաջացնում, քան չմասնակցելը։ Իշխանության որևէ ներկայացուցիչ չէր եկել. համենայն դեպս ես բարձրագույն իշխանությունից որևէ մեկին չեմ տեսել Սուրբծննդյան պատարագին։
– Նիկոլ Փաշինյանը հավատացյա՞լ է:
– Ես առհասարակ մարդու հավատքի չափման գործիք չունեմ, բայց երկրի հետ կապված այն գործերը, որն անում է Փաշինյանը, կարո՞ղ է թույլ տալ մեզ ասել, որ նա հավատացյալ է։
- Մինչ 2018թ․«հեղափոխությունը» Հայաստանի իշխանությունները վերարտադրության առումով որոշակիորեն զսպված էին, որովհետև արևմտյան դեսպանատները, այսպես կոչված, քաղհասարակությունը խոշորացույցի տակ էին պահում նախկին իշխանությունների յուրաքանչյուր գործողություն, և յուրաքանչյուր չնչին բան սկանդալի առիթ կարող էր ընդհուպ դառնալ։ Հիմա ո՞վ է այս իշխանությունների գործողություններին այդ շրջանակներից ինչ-որ բան ասում։ Ոչ ոք։ Արտաքին ուժերի լոյալության պարագայում ինքը վերարտադրվելու հրաշալի հնարավորություն ունի։ Այնպես որ, չեմ կարծում, որ իր շատ ցածր ռեյտինգն իրեն անհանգստացնում է, հատկապես, որ ոստիկանական ծառայությունն այս աստիճան ուժեղացրել է։ Եկեղեցու դեմ այս կռիվն իրենց համար հերթական կարծրատիպը կոտրելու համար է։ Սա միայն իր խնդիրը չէ, այլ նաև այն հոսանքի, որն իրեն բերել է իշխանության։
Ընթերցողին հիշեցնենք, որ Միջազգային Հանրապետական ինստիտուտը (IRI), հրապարակել էր 2023թ. մարտին Հայաստանում անցկացված սոցհարցումների արդյունքները։ Իր բարձր վարկանիշով առաջին հորիզոնականում Հայ Առաքելական եկեղեցին էր, հարցվածների 25 տոկոսը պատասխանել էր, որ լիովին բավարարված է եկեղեցու աշխատանքով: Երկրորդ հորիզոնականում ոստիկանությունն էր։ Երրոդում՝ ԱԱԾ-ն: Վարչապետի աշխատակազմը՝ 5-րդ տեղում, Զինված ուժերը՝ 6-րդ, ՄԻՊ գրասենյակը՝ 7-րդ, կառավարությունը՝ 10-րդ, բանակի ղեկավարությունը՝ 11-րդ, ամենավերջին տեղում ԲԴԽ-ն էր։
Հարցմանը մասնակցել էր 18 տարին լրացած 1513 ՀՀ քաղաքացի։
- Նախորդ իշխանության հետ Եկեղեցու տարաձայնությունները գործառնական էին, այս իշխանությունների հետ՝ կոնցեպտուալ։ Գործող իշխանությունների կոնցեպտն ապազգային է։ Դու կա՛մ պետք է տեղավորվես նրանց այդ կոնցեպտի մեջ, կա՛մ ոչ։ Իրենց հետ խոսել հնարավոր չէ։ Նախորդ իշխանությունների հետ մեր տարաձայնությունները լուծվում էին քննարկումների միջոցով։
- Ալիևը Հայաստանի հետ խոսում է խայտառակ վերջնագրերով, որոնք նույնիսկ այս իշխանություններին տեղ չեն թողնում խաղաղության պայմանագրի մասին խոսելու։ Մենք պատերազմ չենք ուզում, բայց չենք ուզում՝ ստորագրվի մի փաստաթուղթ, որը երկիրը դարձնելու է հավելյալ ասպատակությունների դաշտ։
- Երբեմն չես կարողանում կողմնորոշվել՝ ում լսես՝ վարչապետի՞ն, թե՞, օրինակ, ԱԳ նախարարին, ինչպես, օրինակ, Արցախի վրա հարձակման օրերին, երբ Փաշինյանն ասում էր՝ Արցախի ժողովրդին վտանգ չի սպառնում, իսկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ում խոսում էր Արցախի ժողովրդի ցեղասպանվելու մասին։ Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ սրանք նույն երկրի պաշտոնյանե՞րն են, թե՞ տարբեր։
- Հայր Միքայելն ունի առողջական խնդիր ու չի կարող հաղորդություն տալ, հավատացյալների հետ որևէ կոնտակտ ունենալ։ Որոշում է կայացվել ժամանակավորապես դադար տալ դրան։ Անհասկանալիորեն, բայց հաշվի առնելով որոշ շրջանակների հետաքրքրությունները՝ լավ էլ հասկանալիորեն, ուղղորդված լուրեր են տարածվում, թե Հայր Միքայելին կարգալույծ են արել։ Սա ամենայն հավանականությամբ որոշակի շրջանակների կողմից տարվող հակաեկեղեցական արշավի մաս է։ Անբարոյականություն եմ համարում կոնկրետ քաղաքական նպատակներում Հայր Միքայելի առողջական վիճակի վերաբերյալ շահարկումները։ Տաթևի վանքի վանահայր Տեր Միքայելը սիրված հոգևորական է, և կարծում եմ՝ նա կշարունակի ծառայել։
- «Հայոց պատմություն-7» դասագրքում սխալներն այնքան շատ են, որ ուղղակի անթույլատրելի են դարձնում նրա հետագա կիրառումը։ Այս դասագիրքը պետք է դուրս բերել։
- Լրահոսից տեղեկացա, որ ՀՀԿ-ն Հայոց եկեղեցու պատմության առարկայի դասընթացի ուսուցում է սկսել։ Ցանկալի կլիներ, որ մյուս կուսակցությունները ևս նախաձեռնեին։ Շատ ողջունելի է, ու կարծում եմ, որ այն պետք է վարակիչ դառնա։
- Հավատացած եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Մենք մեր պատմության ընթացքում բազմաթիվ փորձություններ, կեղծիքներ, դավաճանություններ տեսել ենք, բայց դուրս ենք եկել։ Հիմա էլ դուրս կգանք։ Աստված կօգնի, մի դուռ կբացվի։
Մանրամասները՝ տեսանյութում։