Հայաստանը դիվանագիտական լքվածության մեջ է, երբ թշնամու թիրախը Սյունիքն է. Ռուբեն Մելքոնյան

2020 թվականին Փաշինյանի ղեկավարած Կառավարությունն ընդունեց Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որտեղ որպես Հայաստանի ազգային նպատակ՝ ի թիվս այլ դրույթների, սահմանված է, որ Հայաստանը հետամուտ է լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, հետևանքների հաղթահարմանն ու վերացմանը, ինչպես նաև Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը՝ առանց որևէ սահմանափակման։

Թե ինչու է այս Ազգային անվտանգության ռազմավարություն ընդունած ՀՀ իշխանությունն իր գործունեությամբ փաստում լրիվ հակառակը՝ ճանաչում Արցախն Ադրբեջանի մաս և հրաժարվում ցեղասպանության միջազգային ճանաչումից, 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԵՊՀ Արևելագիտության ամբիոնի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանը պատահական քայլ չհամարեց։

«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ կազմաքանդվում են ոչ միայն մեր պետականության ինքնության տարրերը, այլ նաև դրանց հետ շաղկապված իրավական փաստաթղթերը։ Ազգային անվտանգության ռազմավարության այդ արձանագրումներն իրականության հետ ոչ մի կապ չունեն, մի երկրում, որտեղ իշխանության մակարդակով քննարկվում է՝ ընդհուպ որպես պետական խորհրդանիշ, Արարատ սարից հրաժարվելու հարցը, հետևապես, զարմանալի չէ, որ հրաժարվեն նաև իրենց կողմից ընդունված Ազգային անվտանգության հայեցակարգի դրույթներից։ Այս իշխանությունը բացել է Պանդորայի արկղը, իսկ այդ դեպքում քննարկում է ամեն ինչ»,- ասաց նա։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է նույն Ազգային անվտանգության ռազմավարության մեջ արված մեկ այլ արձանագրման, ըստ որի՝ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման կգնա, եթե Թուրքիան վերանայի իր ոչ բարիդրացիական քաղաքականությունը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ, Ռուբեն Մելքոնյանը նշեց՝ Թուրքիան վերանայում իր քաղաքականության մեջ չի արել, ինչն արել է Հայաստանի այս իշխանությունը, դրանով է պայմանավորված, որ երկու կողմից խոսում են, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մոտ է։

«Կարող ենք հասկանալ, որ Հայաստանի դիմադրողականության վերջին ռեսուրսները մոտ են սպառման։ Թուրքիան հաղթած է, Հայաստանն է գնացել զիջումների մի մեծ փաթեթի ընդունման, և այդ համատեքստում պետք է խոսել ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, այլ թուրքական նախապայմանների բավարարման մասին»,– ասաց Մելքոնյանը՝ շեշտելով, որ Թուրքիայի պահանջները բավարարելուց հետո տակը ոչինչ չի մնալու։

«Տակը բան չի մնա, փաբերն են մնալու. Անհավանակա՞ն եք համարում, որ վաղը Թուրքիան պահանջի այն, ինչ Ադրբեջանը, և ադրբեջանական պահանջները դառնան թուրքական։ Չկա արգելակ՝ ընդդեմ թուրքական պահանջների, ուստի միակ ելքը դիմադրությունն է»,- ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, եթե այս իշխանությունը հրաժարվի Արարատ սարից՝ որպես խորհրդանիշ, մոռանա Ցեղասպանության ճանաչման մասին, միևնույն է՝ Թուրքիան ոչինչ չի անելու, քանզի Թուրքիան ամբողջն է ուզում, նոր Հայաստան՝ իրեն սպասարկող երկիր։

«Հայաստանը հայտնվել է դիվանագիտական միայնության, դիվանագիտական լքվածության մեջ. և ԱՄՆ-ը, և ԵՄ-ն, և ՌԴ-ն, բացի հայտարարություններից, որևէ այլ գործուն քայլ չեն անում։ Այս իշխանությունը տապալել է Հայաստանի դիվանագիտությունը, որի հետ ոչ դաշնակիցը, ոչ գործընկերները չեն կարող շփվել սրտացավորեն։ Արցախից հետո հաջորդ թիրախը Սյունիքն է. չկա Սյունիք, չկա Հայաստան»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս