Փախստականի կարգավիճակը բացասաբար է անդրադառնալու ոչ միայն արցախցու, այլև Հայաստանի վրա. Ռոման Երիցյան

ՀՀ կառավարության հանրահայտ որոշման համաձայն, Հայաստանում արցախցիները զրկված լինելով  իրենց կարծիքը հայտնելու հնարավորություններից՝ ձեռք են բերել փախստականի կարգավիճակ։ Այդ կարգավիճակը ձեռք բերելու համար անհատական որևէ դիմումի ընթացակարգ չսահմանվեց, բոլոր արցախցիներն ինքնըստինքյան դարձան փախստականներ, ինչը նշանակում է, որ նրանք չդիտարկվեցին՝ որպես ՀՀ քաղաքացիներ։ Այս մասին 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռոման Երիցյանը։

«Հիմա բոլորս, անկախ մեր կամքից, համարվում ենք փախստականներ, անկախ այն հանգամանքից՝ ունե՞նք փախստականի կարգավիճակ, թե՞ չունենք։

Փախստականի կարգավիճակի առավելությունների մասին խոսելը, կարծում եմ՝ ավելորդ է, քանի որ ժամանակավոր ապաստարան հայցողն ունի ավելի լայն իրավունքներ, օրինակ, համապատասխան բնակարանով կամ կենցաղով ապահովելու պարտավորություն է կրում պետությունը, բայց փախստականի դեպքում նման պարտավորություն չի կրում։ Հետևաբար՝ ավելի ճիշտ է խոսել այս կարգավիճակի բացասական կողմերի մասին։

Կարդացեք նաև

Արցախի քաղաքացիները՝ ՀՀ քաղաքացի չդիտարկվելու հետևանքով, զրկվեցին հանրային որևէ պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից։ Իսկ հանրային ծառայությունն իր մեջ ներառում է և՛ պետական, և՛ քաղաքացիական ծառայության գրեթե բոլոր ոլորտները, զինվորական, իրավապահ համակարգում և այլն։ Այսինքն՝ արցախցին զրկվեց ՀՀ քաղաքացու համար սահմանված իրավունքից։ Սա այն դեպքում, երբ մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը արցախցիների շատ մեծ հատված ՀՀ-ում զբաղեցնում էր հանրային ծառայողի պաշտոն՝ քննիչի, դատավորի, դատախազի, զինվորական ծառայող։ Հիմա նրանք զրկվել են նման պաշտոն զբաղեցնելու իրավունքից»,- նշեց փաստաբանը։

Փաստացի ստացվում է, որ այն արցախցիները, որոնք չեն ընդունել ՀՀ քաղաքացիություն, զրկված են ՀՀ-ում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից, այդ թվում՝ զինվորական ծառայության անցնելու կամ զինվորական ծառայությունը շարունակելու հնարավորությունից։

Ռոման Երիցյանի կարծիքով՝ այս ամենը բացասական հետևանքներ է առաջացրել ոչ միայն արցախահայերի, այլև պետության համար։ Սահմանադրությամբ ՀՀ-ում զինվորական ծառայության անցնելու և պարտադիր զինվորական ծառայություն կրելու պարտավորություն է կրում բացառապես ՀՀ քաղաքացին, ուստի Արցախից բռնի տեղահանված և պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պարտականություն ունեցող արական սեռի ներկայացուցիչները ՀՀ-ում նման պարտականություն չեն կրելու։ Նույնիսկ պատերազմի վտանգի կամ պատերազմի դեպքում որևէ մեկը, նրանց կամքին հակառակ, զինվորագրելու հնարավորություն չի ունենալու։

«Սա, ըստ իս, ամենավատ ու բացասական հետևանքն է ոչ միայն արցախցիների, այլև Հայաստանի համար, քանի որ փաստացի արցախցին բնակվելով ՀՀ-ում՝ դիտարկվելու է օտարերկրացի կամ փախստական և չի կրելու ՀՀ սահմանները պաշտպանելու պարտականություն։ Իհարկե, բարոյական առումով բոլորս դատապարտված ենք դրան, բայց այդուհանդերձ իրավական առումով արցախցին նման պարտավորւթյուն չի կրելու»,- հավելեց Ռոման Երիցյանը։

Փաստաբանի փոխանցմամբ՝ ՀՀ-ում հանրային պաշտոն զբաղեցնող բոլոր արցախցիներին ստիպում են ընդունել ՀՀ քաղաքացիություն, հակառակ պարագայում սպառնում են պաշտոնից ազատել, քանի որ չի հանդիսանում ՀՀ քաղաքացի։ Խոսքն այս դեպքում հիմնականում վերաբերում է զինվորականներին, որոնք, ՀՀ-ում իրենց պաշտոնին համահավասար պաշտոն առաջարկելու կամ զինվորական ծառայությունը շարունակելու համար ասում են, որ պետք է ընդունի ՀՀ քաղաքացիություն։ Եթե արցախցին ՀՀ-ում զբաղեցրել է հանրային պաշտոն, ապա նա դիտարկվում է ՀՀ քաղաքացի, հետևաբար՝ պետությունը չի կարող նրան չդիտարկել այդ կարգավիճակով։

Իսկ այն հայտարարությունները, ըստ որոնց՝ արցախցիների ներկայիս անձնագրերը պարզապես «ճանապարհորդական են» եղել՝ հիմնովին իրավազուրկ են։

Հարցին՝ Արցախի կամ Հայաստանի Սահմանադրության ո՞ր կետով է իրավունք վերապահվել Նիկոլ Փաշինյանին ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, փաստաբանը պատասխանեց.

«Որևէ կետով ՀՀ ղեկավարին իրավունք վերապահված չէ Արցախի Հանրապետությունը ճանաչել Ադրբեջանի Հանրապետության մի մաս։ Ասեմ ավելին՝ այս դիրքորոշումը հակասում է ՀՀ անկախության հռչակագրին, հակասում է Արցախի սահմանադրությանը։ Այս դիրքորոշումը չի տեղավորվում որևէ արցախցու տրամաբանության մեջ, այդ դիրքորոշումը կյանքի կոչվելու իրավունք ուղղակի չպետք է ունենար։ Այնուամենայնիվ, այն կյանքի կոչվեց, որի հետևանքով ունենք այն, ինչ ունենք, կրկնում եմ՝ այս դիրքորոշումը հակասում է և Հայաստանի, և Արցախի սահմանադրությանը՝ պատրաստ եմ կետ առ կետ հիմնավորել»։

Ինչ վերաբերում է սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի ստորագրած փաստաթղթին, որով «լուծարվում է Արցախի Հանրապետությունը», Ռոման Երիցյանն ասաց.

«Նույնիսկ Սամվել Շահրամանյանը չի ընդունում իր որոշման իրավաչափությունը, անգամ ինքն է հայտարարում, որ ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը երբևէ չի կարող լուծարվել։ Կարծում եմ՝ հասկանալի է, թե նա ինչ շարժառիթով է գնացել այդ քայլին. բնակչության զանգվածային սպանդը կանխելու համար է նա գնացել այդ որոշմանը»։

Խոսելով Թուրքիայի ներգրավվածությանը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում՝ փաստաբանը նկատեց՝ բոլորին էլ հայտնի է Թուրքիայի ներգրավվածության աստիճանը 44-օրյա պատերազմում և դրանից հետո տեղի ունեցող իրադարձություններին։

«Պետք է հասկանանք, թե ինչու են նման հայտարություններ արվում և, վերջիվերջո, ինչու են որոշ պետություններ հայտարարում, որ Թուրքիան կարող է դառնալ անկողմնակալ միջնորդ երկիր։ Այս ամենի մեղավորների շարքում կարելի է դասել Հայաստանի իշխանություններին»,- եզրափակեց Ռոման Երիցյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս