Փաշինյանի խոստովանությունը՝ 2023-ին դիվանագիտական հաջողություն չեն գրանցել, կամ՝ ինչու միջազգային հանրության լեզուն հեռացավ հայկական շահերից

Դեկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը: Իր ելույթում, ըստ էության, Փաշինյանը ցույց է տվել իր իշխանության արտաքին քաղաքականության կամ դիվանագիտության ձախողումները: Մասնավորապես, խոսելով Արցախի հայաթափումից, Փաշինյանն ասել է.

«Իհարկե, տեղի ունեցածը հետևանք էր մի իրավիճակի, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը բազմիցս հրապարակային ահազանգում էր, որ իրադարձությունները զարգանում են այդ ուղղությամբ, և ակնկալում էր միջազգային կոնկրետ գործողություններ, բայց պիտի արձանագրենք նաև, որ այդ գործողությունները մենք չտեսանք, ցավոք: Ըստ էության, իրադարձությունները զարգացան մեր կողմից կանխատեսվող ամենահոռետեսական սցենարով, որը սակայն, ինչպես իրադարձությունները ցույց տվեցին, իրատեսական սցենար էր»:

Փաստորեն Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ Արցախում ադրբեջանական «հակաահաբեկչական» գործողությունները, ՊԲ կազմաքանդումը և հայկական երկրորդ պետության հայաթափումն իր համար անակնկալ չէր, ոչ էլ պահի թելադրանքով զարգացած սցենար: Այսինքն, սրանում նաև իր պատասխանատվության բաժինը կա:

Ի դեպ, այս մասին, ըստ էության, Փաշինյանը խոսել էր նաև դեկտեմբերի 9-ին Իջևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ, երբ թեպետ հիշել էր նախկիններին, բայցև հաստատել՝ Արցախի վերջին իշխանությունները չէ, որ 7-10 օրում Արցախի պետական ինստիտուտները տարել են լուծարման:

Կարդացեք նաև

«Կարող եմ հիմա ավելի ազատ խոսել, ցավոք, ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձություններից հետո: Երբ որ թեկուզ ասում են, որ ԼՂ այդ պահին գործող իշխանությունները լուծարեցին ԼՂ-ն, իրականում այս գործընթացն անխուսափելի էր դարձել 2016-ի օգոստոսին բանակցային գործընթացում տեղի ունեցած բովանդակային փոփոխությունների արդյունքում»,- հայտարարել էր Փաշինյանը, ով Արցախի վերջին իշխանություններից հանրապետության լուծարման մեղքը վերցրեց այն բանից հետո, երբ Ադրբեջանի իշխանությունները՝ ի դեմս Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, Արցախի հայաթափման կամ Արցախում ադրբեջանական գործողությունների պատասխանատվությունն ուղիղ և հստակ դրել էր հենց իր և Հայաստանի վրա:

Ինչ վերաբերում է միջազգային հանրության անտարբերությանը, այո, միջազգային հանրությունը բավարար ճնշումներ չգործադրեց Ադրբեջանի վրա, բայց սա Փաշինյանի համար պետք է պարզ լիներ 44-օրյա պատերազմից:

Մյուս կողմից, որքանո՞վ է Հայաստանի և Արցախի շահը գործող իշխանություններն ընկալելի դարձրել միջազգային հանրության համար, երբ Ադրբեջանը ցանկացած խնդիր ներկայացնում էր՝ որպես քաղաքական, իսկ մենք՝ հումանիտար՝ ակնկալելով, որ կշարժենք ժողովրդավար աշխարհի խիղճը: Եվ վերջապես, Փաշինյանը, թերևս, ինքն իրեն պետք է հարց տա՝ ի՞նչ է արել ինքը, որ չփակվեր Լաչինի միջանցքը, երբ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում հստակ նշված է.

«Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում սահմանվելու է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման պլանը՝ այդ երթուղու պահպանության նպատակով ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղակայմամբ:

Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը չի կարողացել հասնել այս կետի իրագործմանը: Ավելին, նա չի կարողացել կամ չի ցանկացել ընդդիմանալ 2020 թվականի նոյեմբերյան եռակողմ հայտարարության նախնական տարբերակում արված խմբագրումներին, այդ թվում՝ Լաչինի միջանցքի հետ կապված, ինչի հետևանքների մասին 168.am-ը մեկ անգամ չէ, որ գրել է։ 

Գործող իշխանություններն անգամ, ըստ էության, չկարողացան հասնել Արդարադատության միջազգային դատարանի որոշման կատարմանը, որով պարտավորեցվել էր Ադրբեջանին ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով: Մենք դեռ չենք խոսում այն քայլերի մասին, որոնք կանաչ լույս են բացել Ադրբեջանի գործողությունների համար՝ Արցախի հետ կապված:

«Փաշինյանի «ստուգողական կրակոցը» Հակարիի կամրջի եզրին. Ո՞ւմ և ինչի՞ն էր այն ուղղված» վերտառությամբ հոդվածում 168.am-ն անդրադարձել էր Հակարիի կամրջի փակմանը, որից հետո Արցախը հայտնվել էր տոտալ շրջափակման մեջ, և դրան նախորդած գործողություններին:

Կրկնում ենք, ժողովրդավար աշխարհի համար գազն ու նավթն ավելի թանկ է դարձել, քան մարդկային արյունը, բայց պիտի ընդունենք, որ երբ երկրիդ իշխանությունները պահի թելադրանքով են քաղաքական հայտարարություններ անում կամ արտաքին քաղաքական կուրս փորձում փոխել, դա բացարձակ վստահություն չի ներշնչում:

Օրինակ, 2020-ի հոկտեմբերի 25-ին Փաշինյանը  հարցազրույց էր տվել հնդկական WION հեռուստաընկերությանը, որի ժամանակ խոսելով Թուրքիայի՝ 44-օրյա պատերազմին ներգրավվածության մասին, նա ուղիղ տեքստով նշել էր, որ ՆԱՏՕ-ն այս առումով որոշակի պատասխանատվություն է կրում: Ավելին, նա կարևորել էր հակամարտության գոտում՝ Արցախում, հենց ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայումը, ինչին Ադրբեջանը համաձայն էլ չէր:

«Մենք կարծում ենք, որ տվյալ իրավիճակում ելք կարող է լինել ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը հակամարտության գոտում: Մեր կարծիքով՝ միջազգային հանրությունը և, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է աջակցեն, քաջալերեն, որպեսզի ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայումը հակամարտության գոտում տեղի ունենա: Որովհետև այլ պարագայում որևէ կոնկրետ գործողություն չենք տեսնի հումանիտար ճգնաժամը կանխելու ուղղությամբ,- հնդկական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում շեշտել է Փաշինյանը և հավելել,- Գիտեք, ես կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է մեկտեղեն ջանքերը խնդրի կարգավորման վրա, և ոչ թե՝ առանձին նախաձեռնություններով հանդես գան: Եվ ես կարծում եմ, որ այս իրավիճակում ճիշտ կլինի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցեն Ռուսաստանի խաղարարար ջանքերին և ոչ թե՝ իրենք փորձեն առանձին խաղաղարար նախաձեռնություններ ցուցաբերել: Մանավանդ որ, Ռուսաստանը, մոտ լինելով և ներկա լինելով տարածաշրջանում, ավելի գործուն լծակներ ունի իրավիճակի վրա կոնկրետ ազդեցություն գործելու համար»: Սա՝ այն դեպքում, երբ Ադրբեջանը համաձայն չէր միայն ռուս խաղաղապահների ներկայությանը:

Պատերազմից հետո, սակայն, մեկ անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանը ռուս խաղաղապահներին մեղադրում է անգործության մեջ, իսկ ՀՀ տարածքում՝ հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում, որոշում տեղակայել միջազգային դիտորդների, բայց սա չի խանգարում, որ 2022 թվականի հոկտեմբերին Սոչիում Փաշինյանն առաջարկի երկարացնել Ղարաբաղում խաղաղապահ ուժերի մանդատը, ինչի մասին նոյեմբերին 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնել էր հենց ինքը:

«Մենք առաջարկեցինք երկարացնել մանդատն անորոշ ժամանակով։ Ասենք՝ 5 կամ 20 տարով։ Եվ չնայած մեր առաջարկը չընդունվեց, այնուամենայնիվ, իմ կարծիքով, հարցն արդեն հրատապ է դարձել և կներառվի ընթացիկ օրակարգում»,- նշել էր Փաշինյանը, և սա այն դեպքում, երբ, մեծ հաշվով, հայկական կողմը պատերազմից հետո չէր կարողացել հասնել ռուս խաղաղապահների մանդատի հստակեցմանը կամ դե յուրե ֆիքսմանը:

Արդեն ավելի ուշ Փաշինյանը ՀՀ-ում տեղակայեց ԵՄ դիտորդներին և մերժեց ՀԱՊԿ առաքելության տեղակայման առաջարկները: Նմանատիպ օրինակները շատ են: Չմոռանանք ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ 44-օրյա պատերազմից առաջ և դրա ընթացքում Փաշինյանին արած զգուշացումները, որոնց 168.am-ը մանրամասն անդրադարձել էր «Օնիկ Գասպարյանի սառը հաշվարկը և նախազգուշացումները՝ ՀՀ քաղաքական ղեկավարությանը» վերտառությամբ հոդվածում, և որի մասին գեներալը հայտնել էր 2023 թվականի հունիսի 28-ին տարածած իր հայտարարության մեջ:

«Դիվանագիտական թույլ աշխատանքի հետևանքով շրջափակման մեջ հայտնվելու պայմաններում, ոչ արդյունավետ կազմակերպվեց զինված ուժերը անհրաժեշտ քանակի հրթիռներով և զինամթերքով անխափան ու կանոնավոր ապահովումները, ինչի հետևանքով լիարժեք հնարավորություն չտվեց հրթիռների և զինամթերքի ծախսը, ինչպես նաև սպառազինության ու ռազմական տեխնիկայի կորուստները լրացնելու համար»:

Ավելին, Օնիկ Գասպարյանը նաև հայտնել էր, որ 2020թ. հուլիսի 4-ին ԶՈՒ ԳՇ-ում Փաշինյանին և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներին առաջարկել է հակառակորդի հավանական ագրեսիայի դիմագրավմանը նախապատրաստելու նպատակով լրացուցիչ միջոցառումներ իրականացնել:

«Ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքներով ՀՀ վարչապետին առաջարկել եմ՝ ձեռնարկել քաղաքական և դիվանագիտական բնույթի միջոցներ՝ պատերազմը կանխարգելելու կամ, առնվազն, ՀՀ ԶՈՒ կիրառման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, մասնավորապես՝ հանձնարարել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մշակել միջոցառումների ծրագիր՝ ուղղված հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների հետ (հատկապես՝ ՌԴ հետ) հարաբերությունները կտրուկ բարելավելուն, իսկ տարածաշրջանի մյուս պետություններին (Իրան և Վրաստան)՝ բարեկամաբար տրամադրելուն…»:

Ավելին՝ պատերազմի չորրորդ օրն Օնիկ Գասպարյանը զգուշացրել է, որ «երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար», այլապես «յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:

Այս ամենը չի արվել, չի եղել միջազգային աջակցություն Արցախը պահելու հարցում, ուստի Փաշինյանին մնում է միայն շնորհակալություն հայտնել արցախցիներին օգնելու համար միջազգային կառույցներից ֆինանսական աջակցության համար, ինչը և նա արել է դեկտեմբերի 18-ին ԱԳՆ-ում կազմակերպված ընդունելությանը, որտեղ թեպետ ներկա են գտնվել օտարերկրյա դեսպաններ, սակայն հասցեական որևէ հայտարարություն չի արվել: Ավելին, Փաշինյանն իր ելույթի շեշտը դրել է աշխարհակարգի փոփոխության վրա:

«Որովհետև մենք ելնում ենք այն իրողությունից, որ արտաքին աշխարհի հետ առնչվում ենք, բառիս բուն և փոխաբերական իմաստով, մեր տարածաշրջանային հարաբերությունների միջոցով, և, իհարկե, տարածաշրջանային հարաբերությունների բարելավումը և կարգավորումը մեր առաջնահերթությունների շարքում է»,- նշել է նա՝ ըստ էության ասելով այն, ինչ ասում է կուսակցական ժողովների ժամանակ:

Խնդիրն այն է, որ Հայաստանն իրականում չի քայլում աշխարհաքաղաքական խորքային փոփոխություններին համընթաց, իսկ Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ սառը հաշվարկների վրա չհիմնված իր խաչմերուկային ծրագիրը նման մի քայլ է, որը բացարձակ չի ապահովելու ՀՀ անվտանգային շահերը, ոչ էլ տնտեսական, որքան էլ Փաշինյանը պնդի, որ ավելի լավ ենք ապրելու, եթե խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ, և բացվի հայ-թուրքական սահմանը:

«Հայաստանի Հանրապետության պետական շահ ասվածը շատ դեպքերում և մեծամասամբ համընկնում է Հայաստանի տնտեսական զարգացման և ընդհանրապես՝ զարգացման օրակարգի հետ: Սա, կարծում եմ՝ այն նրբերանգային փոփոխությունն է, որ ընթացիկ տարում կամ գուցե դրանից էլ առաջ ավելի շատ է ընդգծվում մեր արտաքին քաղաքական որոշումները կայացնելիս և արտաքին քաղաքականության ռազմավարությունները մշակելիս»,- դեկտեմբերի 18-ին ԱԳՆ-ում շեշտել է Փաշինյանը:

Շարունակենք այս հանդիպման ընթացքում հնչեցրած փաշինյանական «խոստովանությունները», որ հաշվետու տարում դիվանագիտական որևէ հաջողություն չեն կարողացել գրանցել կարևոր հարցերում:

Խոսքը վերաբերում է և՛ արցախցիների վերադարձի համար անվտանգային բարենպաստ պայմաններ ստեղծելուն, և ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքի իրացման հարցում, ինչպես նաև խաղաղության հաստատման:

«Խաղաղությունը մեր տարածաշրջանում հաստատված չէ, և այդ օրակարգն իրականացված, իրագործված չէ: Մենք, ինչպես արդեն ասվել է բազմիցս, շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին արդեն իսկ համաձայնեցված երեք սկզբունքների շրջանակներում: Հույս ունենք, որ վերջին շրջանում տարածաշրջանում և տարածաշրջանի երկրներում տեղի ունեցող իրադարձությունները վերջնարդյունքում չեն վկայի այն մասին, որ տեղի է ունենում խաղաղության գործընթացի միտումնավոր ձգձգում: Եթե, իհարկե, այդպիսի տեսակետներն ավելի շատ հիմնավորումներ ստանան, շատ խորը մտահոգությունների առարկա պետք է լինեն»,- դիվանագիտական կորպուսի և օտարերկրյա դեսպանների ներկայությամբ ասել է Փաշինյանը:

Ըստ այդմ՝ այլ բան չէր մնում նրան, քան դրական ֆոնի ներքո հայտարարել, որ «2023 թվականին մենք շատ ակտիվ համագործակցություն ենք ունեցել նաև Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ»:

«2023 թվականի ընթացքում շատ ակտիվ շփումների միջոցով փորձել ենք մեր մոտեցումները, դիրքորոշումների նրբությունները ներկայացնել նրանց, որպեսզի նրանք իրենց հերթին զեկուցեն իրենց մայրաքաղաքներին, որպեսզի մենք մեր միջազգային գործընկերների համար լինենք ավելի հասկանալի մեր գործողություններում և մեր միջազգային գործընկերների գործողությունները և մոտեցումները մեզ համար փորձենք դարձնել ավելի հասկանալի»,– նշել է Փաշինյանը:

Բայց եթե հաշվի առնենք, որ, օրինակ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Կիպրոս և Հունաստան կատարած պաշտոնական այցերի շրջանակում իր գործընկերներին ստիպված է ներկայացնել Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ավելին, դա Լոնդոնում արել է նաև ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետը, ինչի մասին 168.amգրել էր, նշանակում է՝ Փաշինյանը նաև իր նախագծի տարածման և միջազգային ընկալման հարցում լուրջ հաջողություն չի գրանցել, եթե հաշվի առնենք, որ դա բխում է ՀՀ շահերից, ինչն այդպես չէ:

Հիշեցնենք, որ նախքան «Խաղաղության խաչմերուկ», Փաշինյանն անցում է կատարել «Հայկական խաչմերուկից», ինչին և մանրամասն անդրադարձ կատարել ենք։

Ի՞նչ է ստացվում՝ Նիկոլ Փաշինյանն իր նախարարներին դարձրել է «Խաղաղության խաչմերուկի» «բուկլետ բաժանող», որպեսզի այն հնարավորինս շատ տարածվի, դեռ մի բան էլ հաղորդագրություններում ամրագրում են, որ Փաշինյանը տեսնի, որ իր օրակարգը, օրինակ, Պաշտպանության նախարարությունն առաջ է տանում, որպեսզի կասկածամիտ Փաշինյանը յուրայինների մեջ «5-րդ շարասյուն» չփնտրի, ինչի մասին արդեն զգուշացրել է.

«Այդ պրոցեսի որոշ դրսևորումներ դուք հաստատ կտեսնեք 2024-ին: Մեզ համար խնդիր է, որ առավելագույնն անենք, որպեսզի կուսակցությունում մնան այնպիսի մարդիկ, որոնք հստակ հասկանում են, թե ինչի համար ենք հավաքվել, և այդ ըմբռնումը նրանց համար ընդունելի է գաղափարապես և անկեղծորեն։ Մենք պետք է հստակ միջոցներ ձեռնարկենք այս տարբերակումն անելու համար, և նրանք, որոնք այս ըմբռնումը լիարժեք չունեն, մենք ընկերաբար, անկեղծորեն, առնվազն սկզբնական շրջանում առանց կուսակցության վարչական լծակներ գործադրելու՝ պետք է ուղղակի խնդրենք դիմում գրել և կուսակցությունից դուրս գալ: Մենք կաշխատենք այս ուղղությամբ, բայց գործնական պրոցեսը 2024 թվականի փետրվարից կսկսենք»,- դեկտեմբերի 9-ին Իջևանում կուսակցական հավաքի ժամանակ ընդգծել էր նա:

Չմոռանանք, որ 2021 թվականին Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ ճիշտ է, որ  արտաքին գործերի և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները լինեն քաղաքական թիմակիցները, քանի որ վստահության խնդիր է առաջանում:

Նշենք, որ 168.am-ի հետ հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր. «Պաշտպանության նախարարությունը ղեկավարելու որոշումն ընդունելիս, քաջ գիտակցել եմ՝ «քաղաքական թիմի» անդամ երբեք չեմ լինի՝ հաշվի առնելով իմ հոգեկերտվածքը և անցած ճանապարհը»:

Հիմա ստացվում է, որ Փաշինյանը վստահելի-չվստահելի բաժանում է անելու նաև իր կուսակիցների շրջանում, իսկ թե ինչ կարող է լինել ոչ կուսակցական թիմակիցների հետ ինչ-որ պահի, ժամանակը ցույց կտա:

Վերադառնանք ՀՀ դիվանագիտական հաջողությունների և ձախողումների թեմային, և հիշեցնենք, որ 2016 թվականի՝ Ապրիլյան պատերազմի տարում, Սերժ Սարգսյանը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված տարեվերջյան ընդունելության ժամանակ դիվանագիտական հաջողություն էր համարել  Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների արդյունքները:

«Տարեվերջին Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը ակնառու կերպով ի ցույց դրեց, թե որքան հեռու են իրականությունից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ադրբեջանական ճամարտակությունները:

Այդ հայտարարությունը միաժամանակ հստակ ցույց է տալիս, թե որքան համահունչ են միջազգային հանրության մոտեցումները մեր տեսակետների հետ:
Անշուշտ, սա իրականություն է դարձել Հայաստանի դիվանագիտության հետևողական ջանքերի արդյունքում»,-
ասել էր նա:

Իսկ 2017-ին դիվանագիտական կարևոր հաջողություն էր Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, բացի այս, դարձյալ Սերժ Սարգսյանն արձանագրել էր, որ անկախ բանակցային գործընթացում շոշափելի առաջընթացի բացակայությունից, «միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով, որը լավագույնս արտահայտված է թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների պատվիրակությունների ղեկավարների, թե՛ ՀԱՊԿ Մինսկի գագաթնաժողովի հայտարարություններում, թե՛ Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում»:

Իսկ Նիկոլ Փաշինյանը, թերևս, կարող է հպարտանալ 2023 թվականին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության բացման փաստով, ինչի նպատակով կառավարությունը վճարել էր մոտ 17 միլիոն ֆունտ ստեռլինգ և ձեռք բերել Լոնդոնի 31 Ա Սեյնթ Ջեյմս հրապարակում գտնվող 5 հարկանի անշարժ գույքը: Փաշինյանի տրամաբանությամբ, դիվանագիտական ծառայության կարողությունների ուժեղացումը հենց սա է ենթադրում:

Շենքային պայմանները թեև կարևոր են, բայց առանց բովանդակության՝ դա ոչ մի ուժ չունի Ադրբեջանի, Թուրքիայի և ցանկացած երկրի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական շահերն առաջ տանելու տեսանկյունից, որովհետև ինչպես 2016-ին ԱԳՆ-ում նկատել էր Սերժ Սարգսյանը, «դիվանագիտությունը ցանկություն չէ՛, բանակցությունները ցանկությունների կատարում չե՛ն, բանակցությունը, ամենայն հավանականությամբ, փոխզիջում գտնելու ունակություն է»:

Ի դեպ, մեծ հաշվով, այսօր էլ ՀՀ-ն և միջազգային հանրությունը խոսում են նույն լեզվով, այլ հարց է, թե այդ լեզուն որքանով է բխում Հայաստանի շահերից, որքանով՝ թուրք-ադրբեջանական:

Տեսանյութեր

Լրահոս