Նիկոլ Փաշինյանը հատում է ՊՆ պաշտոնյաների գործառույթների սահմանը
Նոյեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ նախօրեին Լոնդոնում տեղի են ունեցել հայ-բրիտանական 6-րդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցությունները։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։
Խորհրդակցությունների արդյունքում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության ու միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և ՄԹ պաշտպանության նախարարության Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության հարցերով տնօրեն Դեյվիդ Մորգանը ստորագրել են պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության 2023-2024 թթ. ծրագիրը: Հաղորդագրության մեջ նաև նշված է.
«Լևոն Այվազյանը բրիտանացի գործընկերներին ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանն ուղղված հայկական կողմի քայլերը, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Ներկայացվել են նաև ՀՀ զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումները»:
Ըստ էության, առաջին անգամ է, որ Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ հիշատակվում է Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը», այն դեպքում, երբ դրա հրապարակայնացումից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել էր, օրինակ, Վրաստանի պաշտպանական գերատեսչության հետ:
«Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Միմյանց ներկայացրել ենք նաև երկու երկրների զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ»,- նշվում էր նոյեմբերի 17-ին տարածված ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի առանձնազրույցի և հանդիպման մասին հաղորդագրության մեջ: Իսկ պաշտպանության նախարարը քաղաքական պաշտոն է:
Բայց ինչո՞ւ պետք է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետը Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացնի:
Հիշեցնենք, որ նախագիծը վերաբերում է նոր ենթակառուցվածքների ստեղծմանը կամ գոյություն ունեցողների որակի բարելավմանը: Հայաստանը պատրաստ է ճանապարհային ենթակառուցվածքների համար հինգ անցակետ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Կայանի, Սոթքի, Քարահունջի, Անգեղակոթի և Երասխի մոտ, երկու անցակետ էլ՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանին՝ Ախուրիկում և Մարգարայում։
Կառավարության պնդմամբ՝ «Խաղաղության խաչմերուկը» հնարավորություն կտա անխափան կապ հաստատել Պարսից ծոցի, Օմանի ծոցի, Սև, Կասպից և Միջերկրական ծովերի միջև՝ միավորված տարածաշրջանային երկաթուղային ցանցի միջոցով և հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք ճանապարհներով:
Այս ամենի մասին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետը պե՞տք է, արդյոք, խոսի, երբ նա ունի իր հստակ գործառույթները, այն է՝
– նախարարությանը վերաբերող մասով մշակում, համաձայնեցնում և անվտանգության խորհրդի հաստատմանն է ներկայացնում պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները և նպատակները,
– համակարգում է ներպետական և միջազգային մակարդակներում պաշտպանության ոլորտի գերակայությունները, խնդիրները և առաջնահերթությունները սահմանող հայեցակարգային և ծրագրային բնույթի փաստաթղթերի մշակման, համաձայնեցման, հաստատման և իրականացման գործընթացները,
– կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով պլանավորում, կազմակերպում և համակարգում է երկկողմ ու բազմակողմ ձևաչափով բոլոր ուղղություններով ՀՀ պաշտպանության նախարարության միջազգային համագործակցությունը, ապահովում է պաշտպանության ոլորտում ՀՀ դաշնակցային ու գործընկերային հարաբերությունների համաչափ և հավասարակշռված,
– մշակում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների համապատասխան կառույցների հետ համագործակցության վերաբերյալ հայեցակարգային դրույթներ և մոտեցումներ, ուսումնասիրում և առաջարկներ է ներկայացնում միջազգային համագործակցության զարգացման ուղղությամբ,
– ապահովում է ՀՀ պաշտպանության ոլորտի քաղաքականության և միջազգային համագործակցության իրականացման հետ կապված փոխգործակցությունը ՀՀ պետական կառավարման մարմինների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների համապատասխան կառույցների և և պաշտոնատար անձանց հետ,
– համակարգում է ՀՀ զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումների` միջազգային չափանիշներին համապատասխանեցման, այդ թվում` միջազգային զորավարժություններին և վարժանքներին մասնակցության աշխատանքները,
– համակարգում է սպառազինությունների վերահսկման և պաշտպանության ոլորտի թափանցիկության ուղղությամբ ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը:
Այսինքն, ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչությունը ՀՀ պաշտպանության նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է, որի գործունեությունն ուղղված է ապահովելու նախարարության իրավասության շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների և նպատակների, դրանց հիման վրա համապատասխան ծրագրերի մշակման և իրականացման, պաշտպանության ոլորտի քաղաքականությանը համահունչ միջազգային համագործակցության պլանավորման և միջազգային պարտավորությունների կատարման, ինչպես նաև պաշտպանության ոլորտի միջազգային իրավապայմանագրային դաշտի ձևավորման գործընթացների համակարգումը:
Այն, ինչ կոնկրետ դեպքում արձանագրում ենք, լիովին սպասելի էր: 2018 թվականի մայիսի 12-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Պաշտպանության նախարարություն և բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին: Վերջինն իր խոսքում, մասնավորապես, նշել էր.
«Վստահեցնում եմ, որ ԶՈՒ-երի մարտունակությունը լինելու է այն մակարդակի վրա, որը բանակցային գործընթացում Ձեզ համար ստեղծելու է բարենպաստ պայմաններ՝ հաջող բանակցություններ վարելու համար, և եթե անհրաժեշտ է, նաև ուժի դիրքերից»:
Այսինքն, բանակը պետք է դիվանագիտությանն աջակցի բանակցություններում ամուր դիրք ունենալու համար, իսկ դիվանագիտությունը պետք է կարողանա կանխել պատերազմները, ընկալելի դարձնել միջազգային հանրության համար զինված ուժերի այս կամ այն գործողությունները: Այնպես, ինչպես լավ կամ վատ արվել է նախկինում, և ոչ ավելին:
Ինչպես 2016 թվականի Ապրիլյան պատերազմից օրեր հետո Արցախում շեշտել էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Զինվորը հակառակորդին բան չունի ասելու. զինվորը հակառակորդին իր ասելիքն ասում է մարտի դաշտում»:
Իսկ ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո: 2021 թվականի օգոստոսի 3-ին, երբ Նիկոլ Փաշինյանն Արշակ Կարապետյանին ներկայացնում էր ՊՆ աշխատակազմին և ԶՈՒ սպայակազմին, հայտարարել էր.
«Ճակատագիրը հենց մեր վրա է դրել՝ այս օրակարգն առաջադրել, և մենք պետք է պատվով դուրս գանք այս մարտահրավերներից: Պարոն Կարապետյան, Ձեզ հաջողություն եմ մաղթում այս օրակարգը սպասարկելու և առաջ տանելու գործում»:
Իսկ Նիկոլ Փաշինյանի օրակարգն արդեն հայտնի էր՝ դելիմիտացված, դեմարկացված սահմաններ և ապաշրջափակում: Այն, ինչպես նշել էր Փաշինյանը, իբր ոչ թե ադրբեջանական, այլ հայկական օրակարգ է:
Իր հերթին՝ նորանշանակ նախարարն արձագանքել էր. «Ուզում եմ Ձեզ հավատացնել, որ մենք հասկանում ենք ստեղծված իրավիճակը, մենք հասկանում ենք, թե ինչ պայմաններում ենք ստանձնում այս պաշտոնները, և չենք վերաբերվում դրանց՝ որպես պաշտոն: Ես խոսել եմ Կորպուսի հրամանատարների հետ, որոնք մեզ լսում են, խոսել եմ Պաշտպանության բանակի հրամանատարի հետ: Մենք սա համարում ենք՝ որպես պարտականություն, հայ տղամարդու, հայ սպայի պարտականություն՝ իր երկիրը պաշտպանելու համար»:
Հետագայում, ինչպես տեսանք, և ինչպես այս տարվա հոկտեմբերի 4-ին Արշակ Կարապետյանի ուղերձից կարելի է ենթադրել, ինչ-որ պահից Պաշտպանության նախկին նախարարը չի ցանկացել սպասարկել Փաշինյանի օրակարգը կամ թուրքական պահանջները:
Իսկ Նիկոլ Փաշինյանը, ով 2017 թվականին, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, դժգոհում էր, թե ինչպես է պաշտպանության նախարարն ապահովելու ՊՆ անկախությունը, երբ իշխող թիմի անդամ է, 2021 թվականին որպես վարչապետ՝ հայտարարել էր. «Ես կարևոր եմ համարում, որ և՛ Արտաքին գործերի նախարարի, և՛ Պաշտպանության նախարարի կարգավիճակում մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներն են»:
Եվ սա նաև այն դեպքում, երբ 2018-ին Նիկոլ Փաշինյանը ՊՆ-ում հայտարարել էր, որ պաշտպանության նախարարի պաշտոնում Դավիթ Տոնոյանի թեկնածությունն ամենահարմարն է բանակն ապաքաղաքականացնելու առումով:
168.am-ը 2022 թվականին գրել էր, թե Նիկոլ Փաշինյանի օրոք Պաշտպանության նախարարներից ով՝ ինչ առաքելությամբ է նշանակվել, և ինչո՞ւ ազատվել:
Այսինքն, այսօր ունենք ՀՀ պաշտպանության նախարարություն, նախարար, որը լինելով Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամ, առանց վարանելու առաջ է տանում Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգը և պաշտպանական քաղաքականությունը, բանակի կառավարումն իրականացնում կամ բանակում բարեփոխումներ անում Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկի» տրամաբանության շրջանակում: Սակայն կա սահման. չպետք է ՊՆ փորձառու պաշտոնյաների ձեռքին տալ փաշինյանական «Խաղաղության խաչմերուկի» նախագիծը, որ նա այն ներկայացնի իր օտարերկրյա գործընկերներին:
Ի դեպ, երբ 2017 թվականին ԱԺ-ում քննարկվում էր «Պաշտպանության մասին» օրենքը, «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ոգևորված հարց էր բարձրացրել՝ արդյոք ՀՀ-ում կա՞ կամ այս օրենքի ընդունման դեպքում լինելո՞ւ է Զինված ուժերի Գլխավոր շտաբ:
«Այս օրենքի ընդունման արդյունքում ՀՀ-ում չի լինելու ՀՀ ԶՈՒ ԳՇ, այլ լինելու է ԳՇ պետի աշխատակազմ»,- ընդգծել էր նա և հավելել. «Սահմանադրութքյան մեջ ասում է, որ Զինված ուժերը քաղաքացիական վերահսկողության ներքո են և գտնվում են քաղաքական չեզոքության վիճակում, և, ըստ էության, ասվում է, որ այդ վերահսկողությունն ու չեզոքությունն իրականացնում է պաշտպանության նախարարությունը: Պրակտիկայում դա անհնարին է, որովհետև պաշտպանության նախարարը իշխող թիմի անդամ է, և անհասկանալի է, թե ինչպես և ինչու նա պետք է ապահովի Զինված ուժերի չեզոքությունը»:
Իսկ այսօր, արի ու տես՝ ունենք ՀՀ պաշտպանության նախարարին ենթարկվող ԳՇ պետ, որը համարվում է նաև փոխնախարար, այսինքն՝ գործ ունենք ԳՇ պետի աշխատակազմի հետ, և ոչ թե՝ անկախ Գլխավոր շտաբի, ինչին դեմ էր արտահայտվում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, և ինչին, փաստորեն, գնաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
168.am-ը մի առիթով մանրամասն ներկայացրել էր բոլոր ժամանակների «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքները, դրանց տարբերություններն ու ընդհանրությունները:
Վերադառնանք հայ-բրիտանական 6-րդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցություններին և հավելենք, որ հայ-բրիտանական առաջին ռազմաքաղաքական քննարկումներն անցկացվել են Հայաստանում 2014թ․ սեպտեմբերին, որի արդյունքում ստորագրվել էր հայ-բրիտանական ռազմական համագործակցության 2015-2016 թվականների պլանը։
Իսկ 2015թ․ հուլիսին էլ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության անվտանգության քաղաքականության տնօրեն Նիք Գըրն այցելել էր Հայաստան և ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկել Հայաստան-Բրիտանիա և Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր։