ԱՄՀ-ն սառը ջուր լցրեց իշխանության ոգևորության վրա
Մինչ իշխանությունները գլխապտույտի մեջ են հայտնվել վերջին մեկուկես-երկու տարիներին Հայաստանում արձանագրող բարձր տնտեսական աճերից, նստում-ելնում՝ տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումներից, աննախադեպ հաջողություններից ու չտեսնված ձեռքբերումներից են խոսում, հայտնի միջազգային ֆինանսական կազմակերպություններից մեկը՝ ի դեմս Արժույթի Միջազգային Հիմնադրամի, սառը ջուր են լցրել նրանց ոգևորության վրա։ Օրերս իր ներկայացրած մեկնաբանության մեջ ԱՄՀ-ն տվեց Հայաստանի տնտեսության աճի ու տնտեսական իրավիճակի իրական գնահատականը, ըստ էության, հորդորելով իշխանություններին իջնել երկնքից, վերադառնալ իրականություն, որտեղ ամեն ինչ շատ ավելի տխուր է, քան փորձում են ներկայացնել։
Արժույթի Միջազգային հիմնադրամի փորձագետների գնահատումներով, Հայաստանի տնտեսության ակտիվությունն ուռճացված է։
«ՀՀ տնտեսության մեջ ակտիվությունը փոքր-ինչ ուռճացված է՝ իրական արտադրողականության հետ համեմատած։ ԱՄՀ-ի գնահատմամբ` հանրապետության իրական ներուժը հնարավորություն է տալիս տարեկան 4,5 տոկոս տնտեսական աճ ապահովել»,- Հայաստանի տնտեսության վերաբերյալ իր մեկնաբանություններում արձանագրել էր ԱՄՀ-ն:
«Փոքր-ինչ ուռճացվածն» այս դեպքում, իհարկե, չափազանց մեղմ է ասված։
Տեսնում ենք, թե 4,5 տոկոս պոտենցիալ ունեցող տնտեսության մեջ ինչպիսի աճեր են գրանցվում։ Այլ կերպ, դա նշանակում է, որ արձանագրվող բարձր աճերի, երբեմն մեծ մասը, ոչ թե Հայաստանի տնտեսության արտադրողականության, այլ հայտնի գործոնների արդյունք է։
Որ այդ գործոններն են հանդիսացել Հայաստանում արձանագրվող բարձր աճերի հիմքը, շատերի համար նորություն չէ՝ կընդունեն, թե չեն ընդունի իշխանությունները։ Բայց այս պարագայում նույնիսկ դա չէ այդքան էականը. ԱՄՀ գնահատականները ևս մեկ անգամ հաստատում են այն տխուր իրողությունը, որ անգամ ի հայտ եկած այդպիսի նպաստավոր պայմաններից հետո, Հայաստանի տնտեսության պոտենցիալը չի ավելացել։
Իշխանությունները ոչինչ չեն կարողացել անել ստեղծված հսկայական հնարավորությունները ծառայեցնելու տնտեսության պոտենցիալի ավելացմանը։ Այն ինչպես եղել է 4,5 տոկոսի սահմաններում, այնպես էլ շարունակել է մնալ՝ նույնիսկ վերջին երկու տարիների բարձր տնտեսական աճերից ու ահռելի հնարավորություններից հետ։
Նախկինում էլ Հայաստանի տնտեսության պոտենցիալը 4,5 տոկոս էր գնահատվում, հիմա էլ։
Հիմնադրամի փորձագետներն առաջիկա տարիների համար էլ մեծ հույսեր չեն կապում տնտեսության պոտենցիալի ավելացման հետ։ Համարում են, որ միջինժամկետ հեռանկարում այն կմնա նույն մակարդակում։
Կարող է աճել, եթե տնտեսության և պետական կառավարման բարեփոխումներն արդյունավետ լինեն։
Տնտեսության ու կառավարման բարեփոխումների արդյունավետությունը վերջին տարիներին արդեն տեսել ենք։ Դրանց արդյունքները երևում են նաև տնտեսության պոտենցիալի մեջ, որը վերջին հինգ-վեց տարիներին գրեթե չի փոխվել։
Այսքանից հետո իշխանությունները խոսում են տնտեսության մեջ արձանագրած աննախադեպ հաջողություններից ու չտեսնված ձեռբերումներից։
Ի՞նչ հաջողությունների ու ձեռքբերումների մասին կարող է խոսք լինել, երբ դրանից տնտեսության պոտենցիալը ոչինչ չի շահում։ Վաղը, երբ վերանան այն գործոնները, որոնք բարձր աճերի շղարշ են ստեղծել տնտեսության մեջ, աճը կվերադառնա իր պոտենցիալին, գուցե նաև ավելի ներքև իջնի։
Արդեն իսկ վերադառնում է, ու դա երևում է նաև Հայաստանի հաջորդ տարվա տնտեսական աճի վերաբերյալ Հիմնադրամի կանխատեսումներում։
Հաջորդ տարվա համար ԱՄՀ-ն Հայաստանում ընդամենը 5 տոկոս աճ է սպասում։
Այսինքն՝ գրեթե այնքան, որքան տնտեսության պոտենցիալն է։ Ակնկալվում է, որ որոշ արտաքին գործոններ դեռևս կմնան, բայց դրանց ազդեցությունը նախկինը չի լինի, էապես կթուլանան, ինչը վերջին շրջանում տեսնում ենք տնտեսական աճի վրա. աճի տեմպը մեծապես ընկել է։
Հաջորդ տարի դա ավելի ակնառու կլինի։ Սպառողական պահանջարկի հաշվին արձանագրված աճերին մեծապես նպաստած մարդկային կապիտալի հոսքը Ռուսաստանից ոչ միայն դադարել է, այլև սկսել է հակառակ ուղղությամբ պտտվել։ Մինչև ո՞ւր կհասնի, կերևա հաջորդ տարի։
Անորոշությունները, ԱՄՀ գնահատումներով, Հայաստանի տնտեսության մեջ պահպանվում են։
Որոշ ոլորտներում կան նաև ձևավորված բարձր ռիսկեր։ Այդ ռիսկերը կապված են հատկապես շինարարության փուչիկի ու այդ փուչիկը կառավարության և Կենտրոնական բանկի կողմից խրախուսած հիփոթեքային վարկավորման հետ։
Հիմնադրամի մասնագետները շինարարության ու հիփոթեքի շուկաներում գերտաքացման ռիսկեր են տեսնում։
Իհարկե, այդ ռիսկերը նոր չեն առաջացել։ Դրանք նկատելի էին այն պահից, երբ անշարժ գույքի շուկան, շինարարության ոլորտն ու բանկային համակարգն ուռացնում էին՝ դնելով վտանգների տակ։ Այդ վտանգները գնալով շատ ավելի արդիական են դառնում։
Հնարավոր բացասական հետևանքներից խուսափելու համար, Հիմնադրամի մասնագետները Կենտրոնական բանկին խորհուրդ են տվել հետևել բանկերի վարքագծին, որպեսզի պահպանեն կապիտալի բարձիկները՝ չնախատեսված ռիսկերի դեպքում։
Այսպիսի խորհուրդներ Հիմնադրամի մասնագետները հաճախ չեն տալիս։ Իսկ եթե տալիս են, դա նշանակում է, որ իսկապես վտանգներ են տեսնում։
Վտանգներ կան, բայց ժամանակին էր պետք մտածել այդ մասին, և ոչ թե՝ թողնել ռիսկերը խորանան՝ նոր պարտադրել բանկերին ապահովության միջոցներ ստեղծել։ Թեև եթե հանկարծ այնպես ստացվի, որ շինարարության ու հիփոթեքային վարկավորման հետ կապված գերտաքացման ռիսկերը վերածվեն իրողության, միայն բանկային համակարգի ֆինանսական բարձիկներով անհնարին կլինի խուսափել ցնցումներից։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ