Նիկոլն ամեն ինչ կործանելու է ժողովրդի ձեռքով ու մեղքը գցի էլի ժողովրդի վրա. ՀՀԿ-ն՝ Ախուրյանում

ՀՀԿ ԳՄ անդամների 7 մարզեր կատարած այցերի ընթացքում քննարկվել են ամենատարբեր օրակարգային խնդիրներ՝ անվտանգային հարցերից մինչև սոցիալական: Այս անգամ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչների հետ հանդիպեցին: Մարզային այցելությունների նպատակն է՝ հենց տեղում լսել մարդկանց երկրում առկա խնդիրների և ստեղծված իրավիճակի մասին, նրանց կարծիքն ու մոտեցումներն իմանալ հնարավոր սպառնալիքները միասնաբար կանխելու ու դրանց դեմ պայքարելու համար:

«Թվում է, թե վերջ, էլ ի՞նչ կա կործանելու: Չէ, ժողովուրդ ջան, էլի բան կա կործանելու: Եվ այդ ամենն ինքն անելու է ձեր՝ ժողովրդի ձեռքով, ու մեղքը ժողովրդի վրա է գցելու: Ինքն ասաց՝ պատերազմում ես չպարտվեցի, նախկիններն էին մեղավոր, հետո ժողովուրդն ընտրեց ինձ: Ասաց՝ ես չեմ կապիտուլյանտը, ժողովուրդն է, ու ժողովուրդն ընտրեց ինձ: Ու ամբողջ աշխարհը տենց էլ հասկացավ, որ ինքը չէ, այլ ժողովուրդը: Արցախում հազարամյակների ընթացքում հայն է ապրել: Հիմա ինքը տվել է դա, բեռի տակ է, ի՞նչ պետք է անի: Ինքը պետք է ապացուցի, որ ժողովուրդն է տվել: Հնարավոր է՝ նաև գնա ընտրությունների: Ընտրվելու դեպքում կասի՝ ժողովրդի կամքն է եղել ուրեմն»,- արձանագրեց ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը:

Հանրապետության յուրաքանչյուր մարզն իր խնդիրներն ունի. ասաց հանդիպման մասնակիցներից մեկն ու խոսեց Թուրքիայի անմիջական հարևանությամբ գտնվող մարզին սպառնացող հնարավոր վտանգների մասին:

«Այսօր շատ ակտիվ հակառուսական քարոզչամեքենա է աշխատում: Իսկ մենք գտնվում ենք մի մարզում, որն ուղիղ տանկային հարձակման ենթակա է: Այսինքն, այստեղ Թուրքիան կարող է մեկից մեկ զորքեր տեղաշարժել: Այսինքն, շատ արագ կարող է անգամ կտրել հյուսիսն ու միացնել Տավուշին: Ինչո՞ւ հայկական ԶԼՄ-ները չեն բարձրացնում այդ հարցը, որպեսզի մարզի ժողովուրդն ի վերջո գիտակցի, թե ինքը որ մարզում է բնակվում: Հիմա պետք է հասկանալ, եթե չեն ուզում, որ ռուսը լինի, ուրեմն ո՞վ է լինելու նրա փոխարեն: Մենք ի վիճակի՞ ենք պահել այս սահմանը»,- հարց ուղղեց Երևանից եկած կուսակցական գործիչներին Ախուրյանի բնակիչը:

Կարդացեք նաև

Այսպիսի անվտանգային հարցերում առաջնային տեղում պետք է լինեն Հայաստանի շահն ու դրա ուղղությամբ տարվող քայլերը՝ պարզաբանեց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ու ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանն ու հավելեց, որ ինքը ռուսական ռազմաբազային այլընտրանք չի տեսնում: Իսկ տարբեր երկրներից ռազմատեխնիկան ՀՀ ԶՈւ-ին տրվում է իր խնդիրները կատարելու շրջանակներում:

«Այստեղ մի քանի մակարդակով է խնդիրը. առաջինն այն տեսանկյունից, որ Հայաստանում տեղակայված ռուսական զորախումբը ՀՀ սահմանի բավականին մեծ հատվածում է ծառայություն իրականացնում: Ուղղակի ֆիզիկապես նրանց դուրսբերումը, ամենատարբեր պատճառաբանությունների ներքո, բնականաբար, բերելու է այդ սահմանի բացմանը: Դա ասելով՝ նկատի ունեմ, որ պահպանություն պետք է իրականացվի այդ սահմանին: Եվ ցանկացած երկիր, որ նման որոշում է կայացնում, պետք է հստակ գիտակցի՝ ունի՞ այդ ռեսուրսը դա ապահովելու, թե՞ ոչ: Երկրորդ՝ խնդրին պետք է նայենք այն տեսակետից, որ ՀՀ-Ադրբեջան կամ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների ֆոնին երկու գործոն կա՝ անվտանգային համակարգի կողմից զսպող ուժ կիրառելու կարողություններն ու արտաքին անվտանգության բաղադրիչները: Անցյալում, երբ լարվածությունները զսպվել են՝ շատերը մտածում են, թե դա եղել է պատահական: Իրականում, սակայն, այդ երկու բաղադրիչն էլ ապահովված է եղել: Չեմ կարծում, թե տարածաշրջանային գլխավոր դերակատարի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնելով՝ Հայաստանը կարող է շահել: Բոլոր հարաբերությունները պետք է կառուցվեն այնպես, որ դրանով կանխվի ՀՀ-ի նկատմամբ ցանկացած ագրեսիա»,- համոզմունք հայտնեց ռազմական փորձագետը:

Այս հարցերը բարձրաձայնվում են ամեն օր, ասաց Տիգրան Աբրահամյանը, բայց ժողովուրդն էլ ունի իր անելիքը.

«Մարդիկ իրականում պետք է գիտակցեն, թե ինչ է տեղի ունենում: Եթե չգիտակցեն ու համապատասխան մոտեցում չցուցաբերեն՝ կլինի փողոցային պայքար թե այլ բան՝ արդյունք տալ չի կարող: Երբ մենք 2020 թվականից հետո ասում էինք, որ սա սրանով չի սահմանափակվելու, Ադրբեջանն Արցախի կոնկրետ այդ բնակավայրերի վերահսկողությամբ չի սահմանափակվելու՝ մարդկանց մի մասի կողմից դա մինչև վերջ չէր ընկալվում: Ցավոք, այնպես եղավ, որ մարդիկ տեսան, որ Ադրբեջանը հարձակում գործեց Ջերմուկի, Կապանի, Ներքին Հանդի, Գեղարքունիքի մարզի ուղղությամբ: Հետևանքը՝ այսօր 200 քկմ տարածքից ավելի, դա էլ՝ պաշտոնական տեղեկություններով, ՀՀ տարածքի օկուպացիան է: Էլ չեմ ասում, որ 2023 թվականի սեպտեմբերն էլ արդեն լիակատար ողբերգություն ապահովեց մեր ժողովրդի համար՝ Արցախի ամբողջական օկուպացիայի մասով: Այս տեղանկյունից լիովին կիսում ենք Ձեր մտահոգությունները»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

Ախուրյանցիներին մտահոգում էր նաև մշակութային ժառանգության վերացման հարցը: Որևէ ազգի հաղթելու ու ոչնչացնելու մյուս՝ ո՛չ պակաս վտանգավոր միջոցն էլ, Ախուրյանի բնակչի կարծիքով՝ հենց մշակութային ցեղասպանությունն է:

«Ինչի՞ ենք հասել. փոխվել է ընտանիքի մոդելը: Դեմոգրաֆիկ լուրջ խնդիր ունենք: Բազմազավակ ընտանիքները չեն խրախուսվում, ընդհակառակը՝ ԼԳԲՏ գաղափարախոսություններն են ասպարեզ բերվում: Երկրորդն էլ արդեն խրախուսվում է արտագաղթն այս երկրից»,- նկատեց նա:

«Ցավալի է, որ 5-6 տարի է՝ խոսում ենք այս մասին ու դեռ լուծումներ չենք գտել: Բայց այս խնդիրները հենց այնպես չեն ծնվել: Այսօր ՀՀ իշխանությունը զավթված է թուրք- ադրբեջանական իշխանությունների կողմից: Ալիևն ու Փաշինյանն այսօր սինքրոն աշխատում են, դա ակնհայտ է: Երկուսն էլ արդեն խոսում են արտահերթ ընտրությունների մասին և այլն: Այսօր ՀՀ-ում իշխանության ղեկին նստած է մարդկանց մի խումբ, որը չի սպասարկում հայ ժողովրդի ու Հայաստանի շահը: Այդ բոլորն են հասկանում, նույնիսկ այն մարդիկ, որ ժամանակին Հանրապետական ու Սերժ են մերժել: Դա այլևս անցյալ է, բայց նաև պետք է հիշել, որ այսօր իշխանության են մարդիկ, ովքեր եղել են արևմտյան ինչ-ինչ հիմնադրամների շահառուներ: Իսկ այդ հիմնադրամները նրանց սովորեցրել են, որ սեռական կողմնորոշումը կարևոր չէ, որ ընտանեկան արժեքները կարևոր չեն, որ եկեղեցին կարևոր չէ: Ես չեմ, որ պետք է հիշեցնի, թե ինչպես էին 2018 թվականի իշխանազավթման ժամանակ հարձակվում եկեղեցու վրա, Կաթողիկոսին էին քաշքշում, ծաղրում էին ընտանեկան արժեհամակարգը»,- հիշեցրեց ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը:

Եսայանը հիշեցրեց նաև՝ ինչպես 2018-ին, այնպես էլ դրանից հետո Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների՝ Հայաստանի գործող իշխանություններին սատարող, երբեմն՝ գոտեպնդող հայտարարությունները: Մինչդեռ 2018-ից առաջ Ադրբեջանի նախագահի վարքագիծն ու խոսույթը 180 աստիճանով տարբերվում էր այսօրվանից:

«Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում Ալիևի ու համանախագահողների հետ արժանապատիվ էր նստում բանակցության: Ասում էր՝ չէ՛, Արցախի խնդիրը պետք է լուծվի հայանպաստ, ու բոլոր համանախագահները հարգում էին Սերժ Սարգսյանի այդ դիրքորոշումը ու այդ ախմախ Ալիևին ասում էին, որ՝ Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է, հիմա արի ու քարը փեշիցդ ցած գցիր և ընդունիր դա: 2011 թվականին այդ թուղթը պետք է ստորագրվեր, այդ 5 շրջանները վերադարձվում էին Ադրբեջանին: Ադրբեջանը ճանաչում էր Արցախի կարգավիճակը, Արցախի անկախությունը, երկու շրջանները՝ Բերձորն ու Քարվաճառը, մնում էին որպես անվտանգության գոտի, հետո այդ հանրաքվե կոչվածը կա՛մ կլիներ, կա՛մ չէր լինի, քանի որ այնտեղ հայեր էին ապրում, այդ հարցն էլ մնում էր առկախված… այսինքն, Արցախի խնդիրը կազմում պետք է լուծվեր: 2016 թվականին Ալիևը փորձեց ռազմական ճանապարհով լուծել այս խնդիրը, երբ քթին հարված ստացավ ու տեսավ, որ չի կարողանում՝ ինքը գնաց ու խնդրեց Ռուսաստանին, թե՝ Սերժին ասա՝ կանգնեցնի պատերազմը: Եվ հետո իր կառավարության նիստում, գրեթե լացակումած, ասում էր՝ ես ի՞նչ անեմ: Ինձնից փակ դռների հետևում պահանջում են, որպեսզի ճանաչեմ Արցախի կարգավիճակը: Ահա այսպիսի վիճակում ենք մենք եղել»,- հիշեցրեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավորը:

Հայերը կանգնած են վերջին Սարդարապատի առջև՝ շարունակեց տեղի բնակիչներից մեկը: Ներկաներն իրենց անհանգստությունը հայտնեցին նաև Հայաստանից մեծացող արտագաղթի խնդրի վերաբերյալ: Մտահոգիչ է հատկապես, որ մարդիկ լքում են սահմանամերձ բնակավայրերը:

«Երկար ժամանակ ինչ էլ որ եղել է, ինչ անարդարության հետ բախվել են, կամ ինչ խնդիրներ էլ որ ունեցել են՝ կենցաղային հարցերից սկսած մակարդակներում, ՀՀ-ում ու Արցախում ապրող մարդն իրեն զգացել է անվտանգ: Անկախ ամեն ինչից, բոլորը գիտակցել են, որ ստեղծված է համակարգ ու պետություն, որը կարող է հնարավոր ռազմական գործողություններին դիմակայել, և, բնականաբար, այդ իրավիճակը նաև մարդկանց մոտ ապագայի հետ կապված կարևոր գործոններ է ձևավորել: Հիմա, քանի որ մարդիկ Արցախի ու Հայաստանի շատ բնակավայրերի օրինակով տեսել են այդ անկարողությունն ու Հայաստանի ներկա իշխանությունների զիջումների գնալու քաղաքականությունը՝ բնականաբար, յուրաքանչյուրը սկսել է մտածել իր ու իր ընտանիքի անվտանգության մասին: Սա էլ նպաստում է նրան, որ մարդիկ սկսեն մտածել արտագաղթի մասին»,- ասաց Աբրահամյանը:

Հանդիպման մասնակիցները հետաքրքրվեցին՝ իսկ արդյո՞ք այսօր հնարավոր է արցախցիների վերադարձն Արցախ:

«Արցախցիների՝ Արցախ վերադարձի հարցը պայմանավորված է մեծ թվով գործոններով: Առաջին հերթին դրանք անվտանգության երաշխիքներն են: Պետք է համոզված լինել, որ երբ արցախցի քո քույրերն ու եղբայրները վերադառնալուց, օրինակ՝ 6 ամիս հետո չեն բախվելու նոր ցեղասպանության փաստի հետ: Այնտեղ մի քանի սերունդ է զոհվել, այնպիսի մարդիկ, ովքեր Արցախի ապագան էին: Իսկ այդ հարցի կարգավորման համար պետք է խելքը գլխին իշխանություն, որն ուզում է, որ դա տեղ ունենա, որը գիտակցում է իրավիճակի լրջությունը, գիտակցում է, որ Արցախը Հայաստանի համար լրացուցիչ անվտանգության երաշխիք է, ու ի վիճակի է նորմալ բանակցություններ վարել»,- մանրամասնեց Արցախի Հանրապետության նախկին նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Ինչ վերաբերում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ստորագրած թղթին՝ Արցախի պետական կառավարման համակարգի լուծարման վերաբերյալ, Տիգրան Աբրահամյանը հստակ հայտարարեց. այդ հրամանագիրն առոչինչ է:

«Իրավական տեսանկյունից, Արցախի նախագահն ու որևէ անձ չունի իրավասություն՝ հրամանագիր ստորագրելու և լուծարելու պետությունը: Այսինքն, իրավական առումով դա իրենից որևէ բան չի ներկայացնում: Տեղյակ եք նաև, որ Արցախի պետական ինստիտուտներն են փորձում վերականգնել իրենց աշխատանքները»,- տեղեկացրեց ՀՀԿ ԳՄ անդամը:

«Կարող է, չէ՞, ասել, որ ստորագրել է ճնշումների ներքո, հիմա էլ հետ է վերցնում ստորագրությունը: Երկրորդ ճանապարհն էլ այն է, որ ԱԺ-ն կարող է դիմել իրենց գերագույն դատարանին»,- մասնավորեցրեց ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը:

Շիրակի մարզը նաև ռազմավարական նշանակություն ունեցող ցորենի մշակման շտեմարան էր: Հիմա բնակիչները խնդրի առջև են կանգնել նաև այս առումով:

«2022 թվականին պաշտոնական վիճակագրությամբ ցույց են տվել 12 հազար հա: Հիմա, մենք գալու ճանապարհին նայում էինք պարոն Բաղդասարյանի հետ ու տեսնում էինք, որ չկա ցանած: Որովհետև ցորենն արտադրել եք, մնացել է, որովհետև շուկա չկա, վաճառք չկա: Դա էլ կարծես դիտավորյալ արած լինեն: Եթե գինն ինքնարժեքից ցածր է, դա շուկա չէ, տուն քանդել է»,- արձանագրեց ՀՀ Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը, իսկ հանդիպմանը ներկա ախուրյանցիներից մեկն էլ հավելեց, որ անցյալ տարի արժեցել է 160 դրամ, հիմա ցորենը վաճառում են ընդամենը 70 դրամով:

Խնդիրները բազմազան են, քննարկումները՝ կարևոր ու անհրաժեշտ: ՀՀԿ ԳՄ անդամների հետ այսպիսի հանդիպումները շարունակական են լինելու:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս