Նիկոլի նպատակն է՝ մեզ դարձնել թուրքի «աֆիցիանտ», Հայաստանն էլ՝ թուրք-ադրբեջանական մեծ գազալցակայան, ավտոկայան. Էդուարդ Շարմազանով
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Սա Փաշինյանի հերթական ֆիասկոն էր, որ Ադրբեջանը կարողացավ Հայաստանից պահանջել՝ ազատ արձակել ցմահ դատապարտված իր հանցագործին ու մյուս դիվերսանտին, իսկ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը հերթական անգամ չգործեց։
- Մեր բոլոր ռազմագերները պետք է օր առաջ Հայաստան վերադառնան:
- 32 գերիների ազատ արձակման շոուն միանշանակ ձեռնտու էր Ադրբեջանին, որովհետև պաշտոնական քարոզչամեքենան նոր պլյուսներ է բերում Ալիևի համար, ով պատրաստվում է կրկին առաջադրվել նախագահական ընտրություններում։ Ալիևը բազմիցս ասել է, որ ամեն ինչ անելու է, որ Հայաստանում ոչ մի ադրբեջանցի գերի չմնա։ Եվ ցույց տվեց, որ հենց այդպես էլ արեց։ PR տեսանկյունից սա լավ քայլ էր Ալիևի համար։
- Ալիևի դիմաց նստած է ոչ թե հաղթած Սերժ Սարգսյանը, այլ պարտված, կապիտուլացված Նիկոլ Փաշինյանը, ում ատամները նա հաշվել է, ու պարզ է, որ հիմա մենք Ադրբեջանի հետ չենք կարող խոսել 2016թ.-ի բառապաշարով։ Պարզ է նաև, որ Ալիևն ամեն ինչ անելու է, որ Փաշինյանը մնա իշխանության։ Ամբողջ ադրբեջանական քարոզչամեքենան խոսում է այն մասին, որ Հայաստանում թույլ չեն տալու ռևանշիզմ։ Ռևանշիզմից խոսում են ՔՊ-ն ու Ալիևը։
- Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, բացառությամբ մեկի՝ Արայիկ Հարությունյանի, նախկինի գծի կրողներն էին։ Նրանք դեմ էին Ադրբեջանի հետ ինտեգրվելուն, ու պատահական չէ, որ հենց նրանք են հայտնվել ադրբեջանական բանտերում։
- Ալիևը Նիկոլ Փաշինյանից կերտել է հակահայ կերպար։ Հիմա էլ մեր ժողովրդի հիշողությունից փորձում է ջնջել Արցախի մասին հիշողությունը։ Չի ստացվելու։
- Չկա աշխարհում այնպիսի ընդդիմություն, որն ինքն է բանակցում ու ինքն էլ քննադատում բանակցությունների օրակարգը։ Պետության արտաքին քաղաքական և անվտանգային կուրսը որոշում են իշխանությունները, ոչ թե ընդդիմությունը:
- Ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանը չեն ուզում հայից ավելի հայ լինել։ Ո՛չ ոք չի ուզում այս պայմաններում վատամարդ լինել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, երբ Նիկոլ Փաշինյանն ինքն է հրաժարվում բոլոր հայանպաստ լուծումներից, որևէ մեկը չի գալու մեր փոխարեն ազգային շահերն առաջ մղի։
- Դա «Խաղաղության պայմանագիր» չէ, դա Հայաստանի թուրք-ադրբեջանացման պայմանագիր է։ Այդ պայմանագրի երաշխավորը Թուրքիան է։ Փաշինյանը Հայաստանը տանում-մտցնում է թուրքական գայլի բերանը։
- Ալիևն ինքն է հայտարարել, որ «Խաղաղության պայմանագրի» նախագիծը մշակվել է Ադրբեջանում:
- Նիկոլ Փաշինյանը փորձում է թռնել Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից: Դա շատ վատ հայտարարություն էր, որն ինքն էր ստորագրել, բայց գոնե այդ հայտարարությունն ուներ երաշխավոր, երրորդ կողմ։
- Ե՛վ Պուտինը, և՛ Լավրովը բազմիցս ասել են՝ կա 2 պլան՝ արևմտյան և ռուսական։ Արևմտյան պլանում Արցախը մնում էր Ադրբեջանի կազմում, ռուսական տարբերակում կարգավիճակի հարցը թողնվում էր ապագային։ Դա Խովաևի պլանի 15-րդ կետն էր։ Փաշինյանն ընտրեց Արևմտյան պլանը։
- Ալիևը կարող է պահանջ դնել Հայաստանի Զինված ուժերի կտրուկ փոքրացման։
- Արևմուտքի նպատակն է՝ Հայաստանից կերտել նոր Հակառուսաստան, Ուկրարմենիա։ Այլ նպատակ Արևմուտքը չունի։
- Հունաստանի վարչապետ Միցոտակիսից օրինակ վերցրեք, արա։ Միցոտակիսը չէ՞ր հասկանում, որ իր դիմաց 85 միլիոնանոց Թուրքիան է, որ Էրդողանի հետ հանդիպմանն ասաց՝ Կիպրոսում 2-րդ թուրքական պետություն չպետք է լինի։ Սա նրա կարմիր գիծն է։ Իսկ Փաշինյանը փուռը տվեց իր հայրենակիցներին։ Եթե Եվրոպայից եք օրինակ ուզում վերցնեք, լավ օրինակը վերցրեք գոնե։ Եվրոպայում կա Վուչիչ, ով հրաժարվում է Կոսովոն ճանաչել։
- Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը խաղում են պասերով։
- Նիկոլի իշխանության դեպքում պայմանավորված պատերազմը հնարավոր է։
- Նիկոլն ո՞վ է, որ պահանջներ հնչեցնի։ Պիտի քաղաքական կշիռ ունենաս, հեղինակություն, որ պահանջես։ Նիկոլը խնդրողի դերում է։ Ձեզ թվում է՝ նույն թուրքերը հարգո՞ւմ են Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչողին։ Թշնամին էլ է տղամարդկությունն ու հայրենասիրությունը գնահատում։ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ու աշխարհաքաղաքական զրո է։ Ինչի Արևմուտքը չի՞ հասկանում, որ դաշնակցին «քցողը» իրենց էլ «կքցի»։ Բորելը երեսով չտվե՞ց՝ ասելով, որ Փաշինյանը միակ ղեկավարն է, ով Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Ու դուք ակնկալում եք, որ Հայաստանի՝ այս մարդու ներկայացնելու դեպքում, աշխարհի հզորները մեզ հարգելո՞ւ են։
- Աշխարհը փոխվում է, և դու պետք է կարողանաս քո պետական շահն առաջ տանել։ Չի կարելի թշնամանալ բոլորի հետ։
- Նիկոլ Փաշինյանը 2021թ․ ընտրություններից հետո 3 տարվա մեջ 2 պատերազմ է բերել մեր ժողովրդի գլխին։ Ու սա դեռ համարձակվում է խոսել խաղաղությունի՞ց։ Թուրքը մինչև հիմա Հայաստանի տարածքում է։
- Հասարակությունը շատ լավ էլ հասկանում է՝ ինչ է լինելու։ Հասարակությանը վախեցրել են պատերազմով։ Մինչև 1890թ․ հայերն էլ էին խաղաղ, ստրուկի նման ապրում Օսմանյան կայսրությունում, գերեզմանոցում էլ է խաղաղություն… Մենք խաղաղություն ուզում ենք, բայց մենք թուրքի տակ պառկել չենք ուզում։ Ուզում ենք պետություն ունենալ, պետք է պայքարենք մեր պետության համար։ Մենք ուզում ենք՝ ուրիշները մեր երեխեքին պահեն, բայց իրենք մեզ «պապա» ասե՞ն։ Այդպես չի լինում, մե՛նք պետք է մեր պետությունը, մեր երկիրը պահենք:
- Նիկոլ Փաշինյանը բառացի ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Վերջին ասուլիսում ասաց՝ ինքը 2016թ.-ից գիտեր, որ Արցախի էջը փակ է, բայց գնաց, 2019թ․ ասաց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», ու պատերազմ հրահրեց: Բա որ 2016 թվականից Արցախի էջը փակ էր, արա՛, 5000 տան ճրագն ինչի՞ մարեցիր, ինչի՞ էդ էրեխեքին տարար կրակի բերան ու նրանց կյանքը խլեցիր…
- ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենն ազնիվ է, հստակ ասում է՝ որն է իրենց շահը։ Իրենց պետք է, որ այստեղ Ռուսաստան չլինի… Բա մե՞ր շահը որն է։
- Նիկոլ Փաշինյանն իր 5-ամյա կառավարման ընթացքում 3 պատերազմ է բերել։ Նիկոլն ու «սև թուղթը» հոմանիշներ են։ Նա կործանման, ուրացման խորհրդանիշ է։
- Եթե մենք հոգնել ենք Անկախությունից ու պետություն ունենալուց, եկե՛ք ընդունենք։ Բայց ես չեմ հոգնել։ Նախկինները փողը դնում էին բանակի, սահմանների ամրապնդման վրա, սա փողը դնում է պարեկների վրա, որ իր իշխանությունը պահի։
- Ավելի շատ ոչ թե Նիկոլն է ուզում ընտրություն, այլ Արևմուտքը։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը 50+1 ռեյտինգ չունի։ Նրա անտիռեյտինգը Հայաստանի պատմության մեջ ամենաբարձրն է: Արևմուտքի համար շահեկան է հակառուսականության այս բարձր կետի վրա գնալ ընտրությունների, որ ԱԺ-ի երկու ազգային, ոչ հակառուսական ֆրակցիաների փոխարեն՝ բերի հակառուսական ուժեր։
- 2020թ․ հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը մեզ հետ հանդիպմանն ասել է՝ մեր պարտության պատճառը թուրքական բայրաքթարներն էին։ Հակառուսական այդ շրջանակները, ովքեր համարում են, որ մեր թշնամին ոչ թե Թուրքիան է, այլ Ռուսաստանը, թուրք-ՆԱՏՕ-ական 5-րդ շարասյունն են։ Շուշիի հռչակագիրը Ռուսաստանը չի կնքել, այլ Թուրքիան ու Ադրբեջանը։
- Սերժ Սարգսյանի կնքած գազային պայմանագրի շնորհիվ Հայաստանը 165 դոլարով գազ է սպառում։ Եվրոպայում գազի գինը 700 դոլար է։ Ադրբեջանական գա՞զ են ուզում սպառել հիմա։ Թքեմ էն մարդու ճակատին, ով ուրանալով մեր հազարավոր տղաների արյունը, հիմա թուրքի ձեռքից հաց է ուզում վերցնել կամ գազ։ Արցախում հղի կինը թուրքի ձեռքից հաց չվերցրեց։ Արցախցիները գերադասեցին լքել իրենք հայրենիքն ու գերեզմանները, բայց թուրքից հաց չվերցնել ու չկզել։ Դուք նամուս, թասիբ չունե՞ք։ Ադրբեջանը ձեզ նվաստացնի, ձեր ղեկավարին ինչ ասես՝ ասի, դուք ադրբեջանական գազ սպառե՞ք։ Սրանց նպատակը Հայաստանը թուրք-ադրբեջանական մեծ գազալցակայան, ավտոկայան դարձնելն է։ Մեզ ուզում են դարձնել թուրքի «աֆիցիանտ»։
Մանրամասները՝ տեսանյութում։