Ձախողված պետության հաջողության պատմությունը
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի գովազդային բուկլետների բաժանումը դարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը՝ լինելով անիրատեսական ու պատրանքային ու դրանով իսկ՝ արկածախնդիր, իր վրա կրում է Նիկոլ Փաշինյանի հոգեբանական, արժեհամակարգային արատների ու դրանց վրա խարսխված խորամանկության ազդեցությունը։ Նա իր պաշտոնավարման ավելի քան հինգուկես տարիներին առաջնորդվում է հիմնականում «հաջողված նախադեպի» սկզբունքով։ Դրա առանձնահատկությունն այն է, որ հաջողվածը ոչ միայն կարող է չվերաբերել Հայաստանին ու հայկական շահին, այլ ճիշտ հակառակը՝ հակոտնյա լինել վերջիններիս՝ միևնույն ժամանակ բարենպաստ ազդելով Նիկոլ Փաշինյանի անձնական ու քաղաքական կարիերայի վրա։
2018 թվականին տեղի ունեցած, այսպես կոչված, հեղափոխությունից հետո, տևական ժամանակ հեղափոխությունը նրա համար վերածվել էր մտասևեռման։ Սկզբում նա ցանկանում էր «միկրոհեղափոխություններ» իրականացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, ինչն ավարտվեց Արցախի համար մեգաողբերգությամբ։ Համազգային այդ աղետը, սակայն, բարեբեր նշանակություն ունեցավ Փաշինյանի համար, քանի որ դրա արդյունքում նրա իշխանությունն ամրապնդվեց։
Հեղափոխությունների մոլուցքը, սակայն, դրանով չավարտվեց։ Արտաքին քաղաքականության մեջ հեղափոխություններին զուգահեռ՝ նա մի շրջան տարվել էր «տնտեսական հեղափոխության» գաղափարով։ Դա ևս ձախողվեց, Հայաստանի տնտեսությունը շարունակեց դեֆորմացվել՝ դրա կառուցվածքում ծառայությունների ու արտաքին գործոններով պայմանավորված ազդեցությունների տեսակարար կշիռը խիստ ավելացավ։ Բայց դա ևս Նիկոլ Փաշինյանին առանձնապես չհուզեց։ Կարևորը՝ կրկին գործեց «հաջողված նախադեպի» սկզբունքը։
Մոտավորապես նույն բանաձևն է ընկած իր կողմից որպես սեփական դարի հայտնագործություն ներկայացվող «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմքում։ Գեղեցիկ ձևակերպումներով փաթեթավորված այդ ծրագրի իմաստը Հայաստանի տարածքով առևտուր անելու հնարավորությունն է, որը նրան կվերածի խաչմերուկի։
Փաշինյանին չի հուզում, որ այդ նախագծի իրագործման համար բացակայում են անհրաժեշտ նվազագույն պայմանները՝ տարածաշրջանային խաղացողների շահերի համընկնումը, այդ ծրագրի միջոցով ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական շահերի հավասարակշռման հնարավորությունները, պահանջվող հսկայական ֆինանսական ներդրումների աղբյուրները և այլն։
Նիկոլ Փաշինյանն այս դեպքում ևս առաջնորդվում է «հաջողված նախադեպի» սկզբունքով։ Իր պաշտոնավարման շրջանում նա կարողացել է մինչ այդ աշխարհաքաղաքական շահերի այս կամ այն չափով համադրության հարթակ համարվող Արցախն ու Հայաստանը վերածել բառի բուն իմաստով գեոպոլիտիկ շահերի առևտրային խաչմերուկի, որում կայացած առևտրի արդյունքում շահել են բոլորը՝ Ադրբեջանից ու Թուրքիայից՝ մինչև Արևմուտք ու Ռուսաստան։
Շահողների թվում եղել է նաև ինքը՝ ի դեմս այդ առևտրի մոդերատորության դիմաց իրեն շնորհված իշխանության։ Այսինքն՝ առևտրի բոլոր մասնակիցները, ինքը՝ ներառյալ, շահել են, իմա՝ «Աշխարհաքաղաքական շահերի առևտրի խաչմերուկ» նախագիծը կայացել է։
Այն, որ դրա արդյունքում շահել են բոլորը, բացի Արցախից, արցախահայերից ու հավաքական հայկական շահից, նրան կրկին առանձնապես չի հուզում։ Հետևաբար՝ ոչինչ չի խանգարում այս դեպքում ևս առաջնորդվել «հաջողության նախադեպի» սկզբունքով, ինչով էլ պայմանավորված է «Խաղաղության խաչմերուկի» առիթով նրա խանդավառությունը։
Նիկոլ Փաշինյանը՝ երկրի ղեկավարի կարգավիճակում, տիեզերական մասշտաբի հակասականության մարմնավորում է։ Անհատական մակարդակում՝ որպես փողոցից իշխանության գագաթնակետին հասած մեկը, նա «հաջողության պատմություն» է, որը, սակայն, հանգեցրել է պետության ձախողմանը։
Հարություն Ավետիսյան