Բաժիններ՝

«Մտածում էինք՝ թուրքերը կսպանեն… ի՞նչ անեինք, ո՞ւր գնայինք». Հայաստան հասնելուց հետո էլ արցախցի ծնողազուրկ երեխաների ու նրանց տատիկի խնդիրները չեն պակասել

Արցախցիների մի մասը, տուն ու տեղը կորցնելուց ու բռնի տեղահանվելուց երկու ամիս անց էլ, կանգնած է օրվա սնունդը հայթայթելու խնդրի առջև: Բնակվում են տարրական կենցաղային պայմանների բացակայությամբ:

Արցախից բռնի տեղահանված և Գյումրիում հաստատված Գաբրիելյանների ընտանիքը բախվում է տարրական կենցաղային խնդիրների: Ընտանիքում 4 երեխա կա: Երեխաների երկու ծնողներն էլ մահացած են: Ամբողջ հոգսը նրանց տատիկի՝ Արևիկ Գաբրիելյանի վրա է: 168.am-ի հետ զրույցում Արևիկ տատը հայտնեց, որ իրենց տանը ձմռան շեմին անգամ նորմալ վերմակներ չկան, որ երեխաները գիշերը կարողանան ծածկվել ու չմրսել:

«Տան համար 130.000 դրամ ենք վճարում: Դեռ կոմունալներն էլ չգիտեմ՝ ինչքան կլինի: Ձմռանը ջեռուցման պայմաններում մի 70-80 հազար դրամ էլ դա կարող է լինել: Էլ տակն ի՞նչ մնաց: Սնունդի ու ամենաանհրաժեշտ բաների գումար չունենք պարզապես: Ամբողջ գումարը ծախսում ենք՝ դրսում չմնալու ու չմրսելու համար միայն»,- ցավով ասաց Արևիկ տատը:

Մեր զրուցակցի խոսքով՝ իրենք ծնողազուրկ երեխաների խնամակալի թոշակ էին ստանում Արցախում: Ասում է՝ Հայաստան գալուց հետո ինչ-որ բաներ են փոխվել: Այդ գումարն էլ չեն կարողանում ստանալ: Պետք է նորից գնա, փաստաթղթեր ներկայացնի նախարարություն՝ Արցախում հատկացված գումարը նորից ստանալու համար:

Կարդացեք նաև

«Այս ընթացքում միայն մեր 100.000-ական դրամներն ենք ստացել: Դրանով էլ այսքան ժամանակ կարողացել եմ տան համար վճարել: Ես էլ չեմ աշխատում, այլ եկամուտ չունենք: Իմ թոշակն էլ դեռ չեմ ստացել: Երեխաս բանակում մահացել էր, իր գումարն էլ չեն տվել: Ո՞րն ասեմ: Ես ինչքա՞ն պետք է սպասեմ, որ ինձ իմ հասանելիք գումարը փոխանցեն: Մինչև այդ պետք է, չէ՞, ինչ-որ ձևով գոյատևել, էս էրեխեքին պահել»,- վրդովմունք հայտնեց մեր զրուցակիցը:

Արևիկ Գաբրիելյանի խոսքով, ամսական գումարն ընդհանուր հասնում է 500 հազար դրամի, մինչդեռ իրենց ընտանիքն այդ գումարը, արդեն 3-րդ ամիսն է, չի ստանում:

«Մեզ էդ գումարն արդեն պետք է տային Արցախում: Բայց էդ պատերազմը սկսվեց, խառը վիճակներ եղան, բոլորը փախան, մենք էլ մնացինք այսպես»,- ասաց Արևիկ Գաբրիելյանն ու պատմեց, թե ինչպես են իրենք բռնի տեղահանվել Ասկերանի շրջանի Իվանյան գյուղից:

«Շատ փիս վիճակում ենք եղել: Բենզին չի եղել: Երկու-երեք անգամ գնացինք օդանավակայան, որ կարողանայինք գալ՝ չի ստացվել: Անձրև էր գալիս, երեխաների հետ այդ պայմաններում՝ դրսում… երեխաները մրսում էին… մտածում էինք՝ դե ինչ կլինի՝ կլինի, թուրքերը կսպանեն՝ կսպանեն… ի՞նչ անեինք, ո՞ւր գնայինք»:

Այդ ժամանակ նրա կրտսեր որդին հրաշքով է փրկվել: Արևիկ տատը պատմեց, որ իր տղան հարյուրավոր կյանքեր խլած բենզալցակայանի պայթյունի վայրից ընդամենը րոպեներ առաջ էր հեռացել: Հակառակ դեպքում՝ ևս մեկ ողբերգությունից չէին կարողանալու խուսափել:

«Դրանից հետո միայն կարողացել ենք մի փոքր մեքենայով, 7 հոգով հասնել Հայաստան: Երկու օր ճանապարհին ենք եղել, ճանապարհին քնել ենք, վեր կացել… այնտեղ 3 տուն եմ թողել, ապրանք, բոստան եմ թողել: Դատարկ եկել ենք…»,- ցավով հիշեց Արև տատը:

Իսկ հիմա անգամ սննդի ու ապրուստի կարիք ունեն: Ո՛չ օգնություն են ստանում, ո՛չ գումար: Եղածն էլ շուտով կավարտվի, կմնան դատարկաձեռն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին, ադրբեջանական իշխանությունների նախահարձակ ռազմական լայնածավալ գործողությունների ու ցեղասպանական քաղաքականության հետևանքով՝ Արցախից Հայաստան է բռնի տեղահանվել, ըստ պաշտոնական տվյալների, 100.417 մեր հայրենակից: Նրանցից ավելի քան 4000-ն արդեն իսկ լքել է Հայաստանը: Իսկ բազմաթիվ ընտանիքներ մինչև այժմ էլ ապրում են տարրական կենցաղային պայմաններից զուրկ կեցավայրերում:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս