Բաժիններ՝

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ից երաշխիքներ է ստացել իր ֆինանսական միջոցների ապասառեցման վերաբերյալ

Թեհրանն անհրաժեշտ երաշխիքներ է ստացել, որ Միացյալ Նահանգները կկատարի Իրանի սառեցված ակտիվների ապասառեցման համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները։ Այս մասին հաղորդում է ԻՐՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանիին:

Նա այդ հայտարարությունն արել է Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում, երբ նրան հարցրել են ԱՄՆ Կոնգրեսի կողմից Իրանի ապասառեցված միջոցները կրկին արգելափակելու բանաձևի մասին։

«Իրանական գումարի արգելափակման պլանը պետք է հաստատի Սենատը և ստորագրի ԱՄՆ նախագահը», – ասել է նա՝ միևնույն ժամանակ պնդելով, որ ԱՄՆ կառավարությունը պետք է կատարի Թեհրանի հանդեպ իր պարտավորությունները:

«Քանի որ ԱՄՆ-ն ցույց տվեց, որ հուսալի չէ, մենք այդ առումով անհրաժեշտ երաշխիքներ ենք ստացել», – հավելել է Քանաանին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը նոյեմբերի 30-ին կողմ է քվեարկել բանաձևին, որն արգելում է Իրանի համար հասանելի դարձնել այն 6 միլիարդ դոլարը, որը վերջերս ապասառեցվել էր երկու երկրների միջև բանտարկյալների փոխանակումից հետո։ Հանրապետականները պնդում էին այս բանաձևն ընդունել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների՝ Իսրայել ներխուժման գործում Իրանի ենթադրյալ դերի, որը Թեհրանը հերքել է։

Օգոստոսին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին հասել, որի արդյունքում Թեհրանում բանտարկված հինգ ամերիկացիներ փոխանակվել էին ԱՄՆ-ում բանտարկված իրանցիների հետ։ Դրա դիմաց Հարավային Կորեայի բանկերում սառեցված Իրանին պատկանող 6 միլիարդ դոլարը փոխանցվել էր Կատար։ Սակայն հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո ԱՄՆ-ն և Կատարը համաձայնության էին եկել, որ այդ գումարը հասանելի չի դառնա Իրանի համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս