Երևանում ծեծել են «Հայաստանի խուլերի միավորման» նախագահին
Նոյեմբերի 30-ին Երևանում հարձակման է ենթարկվել «Հայաստանի խուլերի միավորման» նախագահը: Այդ օրը ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կողբացի փողոցի 69 հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել և կա վիրավոր, հաղորդում է Shamshyan.com-ը:
Մինչ օպերատիվ խումբը պարզում էր դեպքի հանգամանքները` «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ԳՈՒԱՎ հարցական» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ` 40-ամյա Վալենտին Ս.-ն է:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված հասցեում ավտոկայանատեղի հետ կապված վիճաբանության ժամանակ հարվածել են ՀՀ խուլերի միավորման նախագահի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցին, ինչից հետո սկսել են միմյանց փոխադարձ հարվածներ հասցնել և միմյանց հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, բացահայտ կերպով անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հասարակության նկատմամբ:
Քրեական հետախուզության բաժնի ծառայողները խուլիգանություն կատարելու և գույքը դիտավորյալ վնասելու հիմնավոր կասկածով կարճ ժամանակում հայտնաբերել, ձերբակալել, ապա ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Հովհաննես Հ.-ին, Վայոց ձորի մարզի բնակիչ 23-ամյա Արթուր Պ.-ին, Երևանի բնակիչներ 21-ամյա Արսեն Գ.-ին և 50-ամյա Անդրանիկ Գ.-ին:
Վերջիններս հայր ու որդի են:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: