Համաձայն չենք «Արևմտյան Ադրբեջան» դարձնել մեր հայրենիքը, հեզ, բանող եզ չենք. Միքայել Նահապետյան
Արդեն երրորդ օրն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Զանգ» շարժումն իրազեկման ակցիա է իրականացնում Երևանում։
Ակցիայի ժամանակ 168.am-ի հետ զրույցում շարժման համակարգող Միքայել Նահապետյանն ասաց, որ համաձայն չեն գործող Կառավարության քաղաքականության, դրա ոչնչին չդիմադրելու փիլիսոփայության հետ։
«Իրենք որ ասում են, եթե մենք ուզում ենք պետություն ունենալ, ուրեմն՝ որևէ բանի չպետք է դիմադրենք, իսկ այդ ոչ մի բաներից մեկը, օրինակ, «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգն է, որը Հայաստանի չգոյության բանաձևն է՝ գրված թղթի վրա։ Դրան չդիմադրելով՝ մենք կկորցնենք Հայաստանը։ Մենք դրա հետ համաձայն չենք, վճռականություն ունենք դրան դիմակայելու։ Այս գործողություններով, որոնք դեռևս իրազեկման գործողություններ են, ակցիաներ են, ակնկալում ենք գտնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ևս ցանկություն կունենան դիմակայել մեր հայրենիքը «Արևմտյան Ադրբեջանի» վերածելու արտաքին սպառնալիքին և ներքին անգործությանը։ Փաստացի Կառավարությունը մեզ համար նախատեսել է հեզ, բանող եզի կարգավիճակ՝ որպես ժողովուրդ, մենք դրա հետ հարմարված չենք, հնազանդ չենք, հետևաբար՝ խնդիր ունենք մարդկանց դա ներկայացնելու, առաջարկելու այլ տարբերակ, այլ քաղաքականություն»,- նշեց Միքայել Նահապետյանը։
Ըստ նրա, եթե քաղաքացիներն աջակցեն իրենց առաջարկած այդ քաղաքականությանը, ապա մեկնարկած շարժումը կծնի իր մարդկանց, առաջնորդներին, իրագործողներին, որի արդյունքում կլինեն փոփոխություններ, պայքար, հաղթանակ։
Ինչ վերաբերում է գործողությունների հստակ քարտեզին, Միքայել Նահապետյանն ասաց, որ կա տրամաբանական որոշակի սխեմա, որն էլ ըստ իրավիճակի՝ կլրացվի շատ ավելի կոնկրետ գործողություններով։
Առանց նշված սխեմայից մանրամասներ ներկայացնելու, Միքայել Նահապետյանն ընդգծեց, որ ցանկացած գործողության հաջողություն գալիս է այն պահին, երբ մի կողմից՝ մարդկանց կարողանում ես կտրել առօրյայից ու ստեղծել մի իրավիճակ, որում նրանք կա՛մ կողմ, կա՛մ դեմ դիրքորոշում կհայտնեն, մի կողմից էլ՝ նպատակն է հասկանալ, թե որքան են այն քաղաքացիները, որոնք կուզեն հատկապես հիմա այդ օրակարգի շրջանակներում գործել ու հաջողել։
Նա նաև շեշտեց՝ չեն պիտակավորելու այն մարդկանց, որոնք դեմ կլինեն իրենց դիրքորոշմանը։
«Երկրորդ խնդիրն այն է, որ այդ մարդկանց հետ միասին ոստիկանությանը բերենք մի վիճակի, որում նրանց մի քանի հարյուր խմբերը ունակ են իրավիճակին արձագանքել, կա՛մ եթե չհասցնեն արձագանքել, կա՛մ իրենց արձագանքը չկարողանան հանգեցնել նրան, որ գործողությունները դադարեցվեն, իսկ դրա ձևը մենք գիտենք։ Այն դեպքում, երբ ոստիկանությունը մեկ շաբաթ շարունակ ճնշում է գործադրում, սակայն գործընթացները չեն դադարում և չեն դադարում բազմամարդ լինել, այդ պահից ոստիկանության մոտ սկսում է ձևավորվել այն ընկալումը, որ խնդիրը քաղաքական լուծում պահանջող խնդիր է, իսկ դրանք ոստիկանության իրավազորության տարածքում չեն»,- նշեց Միքայել Նահապետյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում