Արցախի նախկին ղեկավարության հայրենադարձությունն արագ լուծվող պրոցես չէ. դա Ալիևի համար Հայաստանի վրա ճնշում գործադրելու գործիք է. Արմեն Կապրիելյան
2022 թվականի դեկտեմբերի 12-ից շուրջ 10 ամիս շրջափակման մեջ պահելուց հետո Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին հարձակվեց Արցախի Հանրապետությունը վրա՝ թիրախում պահելով 120 հազար խաղաղ բնակիչների։
Սեպտեմբերի 20-ից հետո ադրբեջանական ցեղասպանության սպառնալիքի տակ, Արցախի բնիկ ժողովուրդը բռնի տեղահանվեց իր բնօրրանից: Դրանից առաջ և ընթացքում սահմանին, Հակարիի կամրջի վրա ապօրինաբար տեղադրված անցակետից սկսեցին ձերբակալել դեպի Հայաստան եկող արցախցիներին: Իսկ 24-ժամյա անդադար կրակահերթից ու քաղաքացիների նկատմամբ կիրառած բռնություններից հետո ձերբակալեցին Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը։ Այս պահին Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը գտնվում են Բաքվի բանտում՝ ադրբեջանական գերության մեջ: Ադրբեջանի դատական մարմինների որոշմամբ նրանք 4 ամսով ձերբակալվել են, բոլորին մի քանի ծանր հոդվածներով մեղադրանք է առաջադրվել՝ իրականության հետ որևէ աղերս չունեցող հանցագործությունների համար։ Ադրբեջանական բանտերում են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված հարյուրավոր քաղաքացիներ, որոնց Ադրբեջանը հրաժարվում է հանձնել Հայաստանին։
168.am-ի հետ զրույցում Հայաստանի ռազմագերիների հարցերի հանձնաժողովի աշխատանքային խմբի նախկին ղեկավար Արմեն Կապրիելյանը խոսելով այս մարդկանց հայրենիք վերադարձնելու իրատեսական քայլերից՝ կարծիք հայտնեց, որ նրանց հայրենիք կարող են վերադարձնել միայն քաղաքական որոշման արդյունքում։
«Ռազմաքաղաքական ղեկավարության դեպքում, իրավացի եք, պատմության մեջ առաջին անգամ է, որ գերեվարվում են, սակայն ոչ ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարման նախադեպեր եղել են՝ զինծառայողներ, քաղաքացիական անձինք։
Հաշվի առնելով հակառակորդ երկրի ղեկավարի անձը, ժամանակին շատ դեպքերի եմ առնչվել, որ նույնիսկ հասարակ զինվորի վերադարձը կախված է եղել այդ մեկ մարդու անձնական կամքից ու դիրքորոշումից։ Այստեղ առավել ևս, ավելի, քան վստահ եմ, ով հակառակ բանը կասի, կտրականապես համաձայն չեմ լինի, որ միայն ու միայն քաղաքական որոշման արդյունքում հնարավոր կլինի այդ մարդկանց հայրենիք վերադարձնել։ Ինչպես փաստաբանական խմբի ներկայացուցիչներից մեկը վերջերս ասուլիսներից մեկի ժամանակ ասաց, որ պարզապես և՛ Արցախի Հանրապետության պաշտոնյաները, և՛ մյուս մեր հայրենակիցները, ովքեր գերության մեջ են, հաշվի առնելով այս քաղաքական, գեոքաղաքական զարգացումները, ինչ-որ բանակցություններ, խաղաղության պայմանագիր և այլն, դա պարզապես Հայաստանի վրա ճնշում գործադրելու, շանտաժի մի գործիք է։ Ամեն ինչ կախված է նրանից, թե այդ անձը՝ Ադրբեջանի ղեկավարը, ինչ որոշում կկայացնի, երբ, ինչից հետո, դիմացը ինչ ստանալուց հետո, և այլն։ Կրկնում եմ՝ հաշվի առնելով իմ նախկին բազմամյա փորձը, նրանք կարող են վերադառնալ հայրենիք միայն քաղաքական որոշման դեպքում»,- նշեց Արմեն Կապրիելյանը։
Հարցին՝ այդ դեպքում հայկական կողմը կարո՞ղ է հույսը դնել գոնե միջազգային կառույցների վրա, որ նրանց ճնշումների ներքո հնարավոր կլինի մեր հայրենակիցներին վերադարձնել հայրենիք, Արմեն Կապրիելյանը պատասխանեց, որ հույս դնելն անհրաժեշտ է, բայց դրան զուգահեռ՝ պետք է անդադար շարունակվեն աշխատանքները։ Այլ հարց է, թե միջազգային համապատասխան կառույցներն ինչ լծակներ կունենան Ադրբեջանի ղեկավարի վրա ճնշումներ գործադրելու համար։
«Հիմա մենք ականատես ենք լինում, որ շատ հարցերում, ժողովրդական լեզվով ասած՝ «ասողին լսող է պետք» իրավիճակն է լինում։ Բնականաբար, միջազգային հանրության, միջազգային համապատասխան հեղինակավոր կառույցների պարագայում, եթե որոշակի ճնշում գործադրվի, հասկանալի է, որ այդ ամենն անհետևանք չի կարող անցնել։ Միանշանակ, Ալիևը դիմադրելու է այդ ճնշմանը, որովհետև բանակցային գործընթացում սա լուրջ գործիք է իր համար»,- հավելեց մեր զրուցակիցը։
Հայաստանի ռազմագերիների հարցերի հանձնաժողովի աշխատանքային խմբի նախկին ղեկավարը, իհարկե, քաջ գիտակցում է, որ բանակցային գործընթացում շոշափվում են տարբեր հարցեր՝ սկսած սահմանազատումից ու սահմանագծումից։ Բայց որպես մարդ, որ երկար տարիներ զբաղվել է Ադրբեջանի կողմից գերեվարված անձանց հայրենիք վերադարձնելու խնդիրներով, հասկանում է, որ շատ լուրջ ու հեռուն գնացող գործընթացներ են մեկնարկել, տեղի են ունենում փուլ առ փուլ զարգացող տարբեր գործընթացներ:
«Մենք հիմա չգիտենք՝ հետկուլիսային ի՞նչ գործընթաց է տեղի ունենում, ի՞նչ բանակցություններ են ընթանում, ի՞նչ են դեմ տալիս հայկական կողմին, որքանո՞վ է հայկական կողմը դիմադրում։ Ռազմագերիներից զատ, կան պատանդներ, ռազմագերիները հասկանալի է, դա կոմբադատներն են, որոնք գերի են ընկել, բայց մենք ունենք նաև ոչ կոմբադատներ խաղաղ բնակչության թվից, այս մարդիկ Ժնևյան իրավունքով համարվում են պատանդներ։ Այսինքն՝ մենք գործ ունենք ահաբեկչական պետության հետ, մարդկանց պատանդ են պահում զանազան շինծու քրեական հոդվածներով, դատում են, փիառի համար ցուցադրական դատեր են իրականացնում: Վերջին վառ օրինակը Վագիֆ Խաչատրյանի դատավարությունն էր։ Մենք շատ լավ գիտենք, չէ՞, թե ինչ հանգամանքներում են Արցախի նախկին ռազմաքաղաքական գործիչները հայտնվել գերության մեջ։
Դավիթ Բաբայանի դեպքում կամ մյուսներինը, որոշակի տեղեկատվություն ունեմ, դրա մասին չմանրամասնեմ, շանտաժի ձևով են տարել, սպառնացել են հարազատներին, ընտանիքի անդամներին, նույնիսկ խաղաղ բնակչությանը։ Այս ամենը պատահական չի արվել, այսօր օգտվելով հաղթողի իր վիճակից, Ադրբեջանը գերեվարել է այդ մարդկանց, և հասկանալի է, որ նրանց հայրենադարձությունը հեշտ ու արագ լուծվող պրոցես չէ, ցավոք։ Նրանց հայրենադարձությունը բավականին լուրջ մասն է կազմելու հետագա բանակցային գործընթացին»,- եզրափակեց Արմեն Կապրիելյանը։