Ղարաբաղի հիմնահարցը 1921թ.-ից գոյություն ունի հայ ժողովրդի մտքում, հոգում և բանականության մեջ. Հայկական ԽՍՀ ոչ մի ղեկավար այն չի հանել օրակարգից. Կարեն Դեմիրճյան
Ղարաբաղյան շարժման արդյունքում 1988թ. մայիսին Կարեն Դեմիրճյանը հրաժարական տվեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից և անցավ թոշակի: Չորս տարի անց փաստավավերագրող, հետագայում՝ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը 1991թ. տնային, ոչ պաշտոնական մթնոլորտում տեսագրել է իր զրույցը Կարեն Դեմիրճյանի հետ` մի շարք հարցերի պարզաբանման ակնկալիքով:
Այդ հարցազրույցի որոշ հատվածներ տեղադրված են «Կարեն Դեմիրճյանի տուն-թանգարանի» ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
168.am-ը կներկայացնի այդ հարցազրույցի առավել ուշագրավ հատվածները:
Ստորև բերված տեսանյութում Կարեն Դեմիրճյանը խոսում է ԽՍՀՄ տարիներին Ղարաբաղյան հիմնահարցի արդիականության, Հայկական ԽՍՀ ղեկավարների կողմից այն բարձրացնելու մասին:
«Ղարաբաղի հարցը Բարձրացվել է Գրիգոր Հարությունյանի կողմից 1945թ.՝ դեռևս Ստալինի ժամանակ: Բարձրացվել է թե՛ առանձին՝ որպես Ղարաբաղի հարց, թե՛ ընդհանուր՝ մեր տարածքային պահանջատիրության կոնտեքստում: Գրիգոր Հարությունյանից հետո Կենտկոմի քարտուղար դարձել է Սուրեն Թովմասյանը: Այդ հարցը նա չի հանել օրակարգից: Հետո եկել է Զարուբյանը. Նա էլ չի հանել: Ես համոզված եմ, որ նրանք այդ հարցի հետևից գնացել են: Նրանից հետո, երբ արդեն Անտոն Քոչինյանը դարձավ Կենտկոմի քարտուղար, նա արդեն պաշտոնապես, գրավոր բարձրացրել է այդ հարցը: Այդ փաստաթուղթը կա արխիվներում»,- ասել է Կարեն Դեմիրճյանը:
Նա հավելել է նաև, որ Քոչինյանից հետո եկած ղեկավարությունը նույնպես հարցը չի հանել օրակարգից, և ընդհանրապես այդ հարցը 1945թ.-ից բարձրացված եղել է, բայց իր լուծումը չի ստացել օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով:
«Իսկ ընդհանրապես Ղարաբաղի հիմնահարցը 1921թ.-ից գոյություն ունի հայ ժողովրդի և՛ մտքում, և՛ բանականության մեջ, և՛ հոգում: Եվ Կենտրոնն էլ միշտ իմացել է, որ հայ ժողովուրդը չի ընդունում Ղարաբաղի հարցով այդ բացասական լուծումը»,- ասել է Կարեն Դեմիրճյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: