
Մեր երկիրը սուրբ է՝ գնահատենք մեր ադամանդը. մենք ցեղ չենք, ա՛զգ ենք. մեզ պետք են հզոր ազգային էլիտա և լիդերներ. Վաննո Թադեո
«Օպերային երգիչը պետք է սիրտ ունենա բեմի համար, հոգի՝ երաժշտության համար, և ձայն, որպեսզի հասնի մինչև վերջին շարքերը»,- ասել է օպերային երգիչ, տենոր Լուչանո Պավարոտտին։
Իսկ թե ի՞նչ է կարծում իսպանաբնակ օպերային երգիչ, տենոր Վահրամ Թադևոսյանը (Վաննո Թադեո)՝ պարզել ենք զրույցի ընթացքում։
– Ինչպիսի՞ն պետք է լինի օպերայի երգիչը։
– Պետք է անցնի լավ դպրոց, ունենա ճաշակ։ Պետք է իր մեջ ունենա գույներ, մի քիչ էլ նկարիչ լինի, որ կարողանա ամեն մի բառը նկարելով երգել, ոչ թե մոնոտոն։
– Ձեր կարիերայի սկզիբը համարում եք 1995 թվականը, երբ մասնակցել եք Վինիասի անվան մրցույթին՝ շահելով Վերդիի անվան մրցանակ։ Ի՞նչ տվեց այդ մրցույթը Ձեզ։
– Մինչև մրցույթի մեկնելն ինձ ոգևորեց եզակի երևույթ, որը Գարեգին Ա-ի հետ հանդիպումն էր։ Նրա շնորհիվ կարողացա մասնակցել մրցույթին։ Նախքան դա, Երևանում մասնակցեցի երիտասարդ ձայների մրցույթ-փառատոնին, որին փաստորեն ներկա էր եղել Գարեգին Ա-ն։ Առաջին մրցանակը շահեցի, իր մոտ հրավիրեց։ Ցնցված էի։
– Ի՞նչ դռներ բացեց այդ մրցանակը։
– Որակավորման, իտալերենը զարգացնելու։ Ինձ տվեցին ուղեգիր՝ սովորելու Միլանի «Լա Սկալա»-ի ակադեմիայում։ Մոտ 1,5 տարի բնակվեցի Իսպանիայում։ Արդեն անհրաժեշտություն էր՝ ունենալ Կոնսերվատորիայի դիպլոմ, վերադարձա Հայաստան, էքստեռն ձևով քննություններ հանձնեցի, ստացա դիպլոմ։ Քննությունն անցավ այնպես, կարծես մի մեծ համերգ էր։ Հետո մեկնեցի Իտալիա։
– Ձեզ օգնել է նաև Կարեն Դեմիրճյանը ու խորհուրդ է տվել, որ անպայման վերադառնաք Հայաստան, սակայն, կարծես, չեք հետևել խորհրդին։
– Չէ, ինչո՞ւ։ Այո, Կարեն Դեմիրճյանին շատ շնորհակալ եմ։ Նա գերկրթված ղեկավար էր։ Ներկա էր եղել իմ համերգին, որոշել էր հովանավորել։ Ասաց՝ եթե լինեմ երկրի նախագահ, կուղեկցեմ քեզ, որպեսզի չմնաս արտերկրում ապրելու, միայն հյուրախաղերով մեկնես և վերադառնաս Հայրենիք։
Դեմիրճյանը գնահատող մարդ էր։ Մշակույթը գնահատում էր, ցուցահանդեսներ էր այցելում, զրուցում նկարիչների հետ։ Գաղափար ուներ կերպարվեստից, երգարվեստից, սիմֆոնիաներից։ Մի քանի սիմֆոնիա գրեթե անգիր գիտեր, ուր մնաց՝ չհասկանար տենորի որակը։
– «Լա Սկալա»-ին կից ակադեմիայում սովորելու համար կոնսերվատորիական կրթություն է անհրաժեշտ եղել, եկել եք Հայաստան։ Հիմա նորաձև է՝ արտերկիր են մեկնում սովորելու։ Այն ժամանակ նորաձև չէ՞ր։
– Գենետիկա է, էներգետիկ դաշտ։ Եթե մարդը կապված է իր հող ու ջրին, այդպես էլ մնում է։ Ես կյանքում չեմ հարգել այն տեսակներին, որոնք ընդհանրապես լքում են իրենց հայրենիքը։ Ովքեր հայրենի արմատները չեն գնահատում՝ զուտ կդառնա նյութական պահանջ։ Ես նյութական պահանջներով չեմ ապրում, հոգևոր մարդ եմ։
– Մենք Օպերային կից ակադեմիա չունենք․ սա բացթողում համարո՞ւմ եք։
– Մի քիչ բարդ հարց է։ Իհարկե, մեծ բացթողում է, բայց Հայաստանի Օպերան չունի ասպարեզ։ Գինեգործությունը ստեղծվել է Արարատի թագավորությունում, բայց չենք ունեցել գինեգործության կուլտուրա, իսկ, օրինակ, Վրաստանն ու Իսպանիան ունեն։ Հայկական գինին տարել եմ Իսպանիա, համը տեսնելով՝ որակը որոշող մասնագետներն ապշել են, որ հայերը նման գինի ունեն։ Նույնը, ցավոք, օպերայի դեպքում է, ասպարեզ չկա։
– Այսինքն, օպերային երգիչներն այստեղ լճանում են։
– Օպերային երգիչը պետք է լինի երևույթ, որպեսզի թեկուզև մնա Օպերայում, բայց շրջագայի։ Մեզ մոտ շատ է լճացումը։ Եթե կարողանում ես ներկայացնել բազմաժանրություն՝ պետք է զբաղվես դրանով։ Օրինակ, ես երգում եմ հայկական ռոմանսներ, դասական էստրադաներ, անգամ գուսանական երգեր, որպեսզի ռեստորանային մակարդակները չմտնեն, որովհետև ռեստորանային նկուղային համակարգերում մեր երգարվեստն ուղղակի բնաջնջվում է։
Իսկ այն, որ մեր մոտից օպերային երգչին ուղարկեն «Լա Սկալա» կամ այնտեղից գան այստեղ, չկա նման բան։ Իսկ Թիֆլիսի օպերան, շատ թե քիչ, ունի այդ ասպարեզային հնարավորությունը։
– Մեկ անգամ նշել եք, որ Հայաստան հրավիրում են հիմնականում մեր երգիչների մակարդակից ցածր մակարդակ ունեցողների։ Այդ չշփվելը չի՞ հանգեցնի հենց մեր ասած լճացմանը։
– Մի քիչ օտարամոլություն կա, դա փաստ է։ Գենետիկ մի կոդ կա, կոչվում է օտարամոլություն։ Կարող է բերեն օտարի, բայց ոչ որևէ հայի։ Սովետական կարգերի ժամանակ օպերան եղել է առաջին աստիճանի վրա՝ կրթելով մարդկանց։ Օպերային գրականությանը մարդիկ ծանոթացել են, ձայները տարբերել, նոր գնացել են օպերա։
Անգամ գիշերն անցկացնում էին դրամարկղի մոտ, որ առավոտյան կարողանային օպերայի տոմս գնել։
– Խոսեցիք հանդիսատեսի մասին, բայց արդյո՞ք օպերան, օպերային երգիչը չի կրթելու նրան։
– Եթե չլինեն լուրջ երևույթներ՝ հանդիսատեսը մեծ սիրով չի գնա օպերա։ Հանդիսատեսը չի գնա նրա համար, որ վարագույրներն այսօր նոր են, դեկորացիայի մեջ կա փոփոխություն։ Ոչ, նա գնում է օպերա՝ երևույթի լսելու։ Նա ձայնի համար է գնում։ Ցավոք, պայմաններն այնպես են դասավորվել, որ մշակույթով ապրողներին մատների վրա կարելի է հաշվել։
– Ամբողջ աշխարհո՞ւմ է այս վիճակը, թե՞ մենակ Հայաստանում։
– Հայաստանում ուլտրա իրավիճակ է։ Միայն Հայաստանի բնակչության չափ Իտալիայում օպերա սիրող կա։
– Ամեն դեպքում օպերասեր չեն ծնվում, դառնում են, ինչի՞ց սկսել։
– Փոքր հասակից։ 5 տարեկանից մեծանում են լավ գումար հաշվող, հետո հայ կմեծանան, էլի։ Այդպես չի կարելի։
– Ապրում եք օտար երկրում, շփվում եք շատ հայերի հետ։ Հայի տեսակը պահպանվո՞ւմ է։
– Շատերի ընտանիքներում տեղի ազդեցությունը մեծ է։ Մթնոլորտը շեղում է։ Ծնողները լուռ են մնում, երբ երեխաները սկսում են իրար հետ օտար լեզվով շփվել։ Կարող է տեսնեն՝ իրենց հյուրն ես, զբաղվում ես նաև հայապահպանմամբ, ու խաթր անեն, դիտողություն անեն, որ երեխաները հայերեն խոսեն։ Հայը պատկանելիություն է, մենք ցեղ չենք, ազգ ենք։ Մեր տեսակը հեռացել, հասել է Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Հնդկաստան, Իրան։ Մենք պետք է միաբանվենք, բայց շատ են խանգարում։ Գայլերը եղել են, կան ու կլինեն։ Մնում է՝ մարդ ավանակ չլինի։ Ավանակը միակ կենդանին է, որ երբ գայլին տեսնում է՝ գնում է մոտը։ Ով ազգությունը կորցնում է՝ նա դառնում է զրոյական։
– Ազգությունը չկորցնելու համար ի՞նչ պետք է անել։ Մեր բացթողումը ո՞րն է։
– Եթե ունենանք հզոր ազգային էլիտա՝ խնդիրները կլուծվեն։ Եթե թույլ տան մտավորականություն ծնվի, բարձրանա, այդ հարցերը կլուծվեն։ Հրեաներն ամեն ինչի մեջ օրակարգ ունեն, ու իրենք չեն կորչում․ աճում ու առաջ են անցնում։ Իրենք ունեն իրենց գնահատելու տեխնոլոգիա։
Մեզ պետք է ստեղծել տեսակի արժեքի գնահատում։ Մարդ կա՝ մտնում է եկեղեցի, մեքենա է խնդրում, կենցաղային պարագաներ, սակայն չի աղոթում իր ազգի, իր տեսակը չկորցնելու համար։ Երբ գնահատենք մեր աչքերը, որ ամեն ժողովուրդ չունի, մեր դիմագիծը, դիմացինին կպաշտենք, այդ ժամանակ ամեն մի թշնամի կնահանջի։ Թշնամին հետևում է, տեսնում, որ հնագիտական հզոր պոտենցիալ ունեցող ժողովուրդն իր ադամանդը չի գնահատում, իր լեզուն արդեն երկարում է։ Ունենք քոչվոր հարևաններ, բայց իրենց դեֆեկտ տեսակը պաշտում են։ Երբ կարողանանք մեր արժեքները գնահատել՝ այդ ժամանակ չենք կորչի։
– Չկորչելու համար գուցե ժամանա՞կն է, որ բոլորը վերադառնան Հայաստան։
– Վերադառնալու համար էլ են արդար ազգային լիդերներ պետք, որպեսզի կարողանան կազմակերպել, բարերարների ի հայտ բերել, ֆինանսներ ներդնել, որպեսզի եկողները գան, դաստիարակվեն։
Հիմա արդեն մեր հայրենիքում պետք է սկսենք զբաղվել ազգապաշտպանությամբ, որովհետև կարծես մեր հայրենիքն է ձեռքից գնում։
Մեր երկիրը պետք է լինի սուրբ։ Ամեն ոք չի հասկանում տարածքի արժեքը։ Մարդիկ կան՝ ռեստորան տեսնում՝ ուրախանում են, իրենց համար դա է սրբություն։
– Հայաստանում Օպերային թատրոնում շատ քիչ եք հանդես եկել՝ ինչո՞ւ։
– Ժամանակին գոյություն ուներ Մշակույթի նախարարություն։ Հիմա կարծես ԿԳՄՍ նախարարությունը կապ չունի Ֆիլհարմոնիայի դահլիճի կամ Օպերայի հետ։ Իմ 7-րդ մենահամերգը շատ երկրներում հեշտ անցավ, իսկ այստեղ դժվարանում է, որովհետև մեկը մյուսի հետ կապ չունեն։ Հիմա ամեն ինչ կոմերցիա է։ Ես իմ երգարվեստով դաստիարակող եմ, զվարճացնող չեմ, կոմերցիոն երգիչ չեմ։ Բայց փաստորեն բեմահարթակը դարձրել են գլոբալ․ հրաշքն էլ է այստեղ, տգետն էլ։
Մի շարք երկրներում մշակույթի ոլորտը պատկանում է քաղաքապետարանին, բայց անկախ դրանից՝ գոյություն ունի Մշակույթի նախարարություն։
– Հիմա Կոնսերվատորիան ուզում են միավորել արվեստի այլ բուհերին․ այլ երկրներում ինչպե՞ս է։
– Մեր Կոնսերվատորիան պետք է կոչվեր «Կոնսերվատորիո սուպերիոր»՝ որպես բարձր աստիճան։ Կոնսերվատորիան Եվրոպայում համարվում է որպես քոլեջ, ուսումնարան։
– Արտերկրում հե՞շտ է կայանալ։ Հայաստանում, գիտենք, որ շատ օպերային երգիչների առջև Օպերայի դռները չեն բացվում։
– Մրցակցություն է, ով ում ծանոթն է, հիմնականում դա է եղել միշտ։ Շատ անգամ արժանիին տեղ չեն տվել։ Ամեն ինչ կոմերցիա է, սակայն, եթե մշակույթի մեջ կոմերցիան մտավ՝ այն վերանում է։ Լուրջ երգիչը պետք է զբաղվի երգարվեստով, որովհետև եթե սահմանափակվենք օպերայով՝ ժամանակ ենք կորցնելու, քանի որ պետք է սպասես, թե քեզ հատկացված դերերգը երբ պետք է կատարես։
– Դե, մարդիկ կան՝ սահմանափակվում են միայն օպերայով։
– Որովհետև օպերայից այն կողմ ուրիշ տվյալ չունեն։ Եթե գեղեցիկ երգեցողությամբ կարող են հայկական ռոմանս ներկայացնել՝ մեծ գործ կկատարեն։ Բայց դա ամեն օպերային երգչի խելքի բանը չէ։ Օպերային լավ երգիչը կարող է ժողովրդական երգեր երգել, սակայն ժողովրդական երգիչն օպերա չի կարող երգել։ Նույնը՝ էստրադայի դեպքում։ Պետք է զբաղվել մշակույթով, ոչ թե սպասեն, թե հեռուստատեսությամբ այսօր ում են ցույց տալու։
– Կարևորում եք հայ երգի հանրահռչակումը, որքանո՞վ է այն ընկալելի օտարի կողմից։
– Ով անգամ իմ հայ երգեցողությունը ճանաչում է՝ ինձ համար օտար չէ։ «Հայաստան դրախտավայր» երգն եմ կատարել, որ արցունքները աչքերին նստած լսել են։ Եկմալյան եմ ներկայացրել, որ ապշել են։ Պետք է պրոֆեսիոնալիզմ։ Եթե հայերեն ենք երգում՝ պետք է երգենք հայերեն։ Երգիչ կա՝ երգում է, բայց հայկականություն չկա։ Նույնն էլ՝ նկարիչը։
Պատկերում է Մասիսը, Արագածը, նայում ես, տպավորություն է՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում է, որովհետև չկա հայկականություն, գույն։ Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Ոստանիկ Ադոյանի նկարները որտեղ էլ դնեն՝ երևում է, որ նկարիչը հայ է։
– Դուք նաև նկարում եք, ո՞ր գույներն են գերակշռում նկարներում, ի՞նչ եք սիրում նկարել։
– Ունեմ երեկոյան Գյումրիի գեղանկարը, որը գտնվում է Ձիթողցոնց տուն-թանգարանում։ Հիմա ավելի շատ ծովանկարչությամբ եմ զբաղված։
– Նկարչական կրթություն ստացել եք հայրիկի հորդորով, Կոնսերվատորիա դիմել եք Լուսինե Զաքարյանի հորդորով․ եթե չլինեին նրանք, այլ ճանապա՞րհ կընտրեիք։
– Միշտ ծնվում են նրանք, որոնք պետք է ուղեկցեն ձեզ։ Ամեն մեկս ունենք մեր ճանապարհը։ Իմ ճանապարհին եղան մարդիկ, ովքեր ինձ հսկայական ուղղություն ցույց տվեցին։ Նրանցից մեկը լուսահոգի Լուսինե Զաքարյանն էր, ով մոտ էր հայրիկիս հետ։ Հայրս նրա համար երգեր էր գրում։ Երբ ծանոթացանք՝ ես արդեն տարված էի Կոմիտասի, Արմենակ Շահմուրադյանի երաժշտությամբ։
16-17 տարեկան էի, երբ Լուսինե Զաքարյանն իմ երգը լսեց՝ հուզվեց, բայց հիշում եմ, որ դեռ 10 տարեկանից երգում էի «Ռիգոլետտո» օպերայից հատվածներ։ Եվ այդպես Լուսինե Զաքարյանն ու ամուսինը՝ Խորեն Պալյանը, որոշեցին ինձ տանել Տաթևիկ Սազանդարյանի դասարան, ապա Սերգեյ Դանիելյանի մոտ գնացի, ով եղել է Գեղամ Գրիգորյանի ուսուցիչը, ու այդպես անցա առաջ։ Երրորդ կուրսից արդեն մեկնել եմ Հայաստանից։ Այլ կյանք ինձ համար չեմ պատկերացնում։ Դա իմ ճանապարհն էր, իմ մթնոլորտը, խոսքն ու կյանքի մշակույթը․․․։