«Հայաքվեն» Հայաստանի համար Ադրբեջանին դիմադրելու պոտենցիալ է ձևավորելու. Արտակ Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանի խոսքով՝ Արցախը կորսված է, սակայն ոչ մեկընդմիշտ, և Արցախի վերադարձի ու Արցախ վերադարձի հեռանկարը կախված է հատկապես նրանից, թե այս փուլում ինչ է արվում հայ ժողովրդի ու պաշտոնական Հայաստանի Հանրապետության կողմից։
«Նվազագույն անելիքները կամուրջները չայրելն է, էլ չասեմ, որ եղած կամուրջներն ամրացնելու և նոր կամուրջներ կառուցելու կարիք կա։ Կարծում եմ՝ «Հայաքվե» նախաձեռնության կողմից առաջարկված այս նախագիծը կարևոր գաղափարական, իրական ու ամուր հիմք կարող է ստեղծել՝ Արցախի վերադարձի հետագա պայքարի համար»,- խորհրդարանում «Հայաստան» խմբակցության նախաձեռնած «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին» հայտարարության նախագծի մասին քննարկման ժամանակ ասաց Արտակ Բեգլարյանը։
Նա հայտարարության նախագծի վերաբերյալ մեկ առաջարկ հնչեցրեց՝ ընդգծելով, որ մյուս բոլոր առաջարկները գրավոր արդեն ուղարկել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին։
Ըստ Արցախի նախկին պետնախարարի, հայտարարության տեքստի վերջին նախադասությունում, որտեղ նշված է՝ «ինչպես նաև դրա հետևանքները վերացնելու ուղղությամբ» նախադասություն, «վերացնելու» բառից հետո ավելացնել հետևյալ ձևակերպումը՝ «ներառյալ Արցախի բռնի տեղահանված ժողովրդի վերադարձը հայրենիք և այնտեղ ինքնորոշման իրավունքի հիման վրա անվտանգ ու արժանապատիվ ապրելու ուղղությամբ»։
«Սա շատ կարևոր դրույթ է, որը մենք մշտապես պետք է հաշվի առնենք, որը պետք է դառնա նաև ՀՀ պաշտոնական դիրքորոշումը։
Հիմա ուզում եմ հարց ու պատասխան հնչեցնել։
Արդյո՞ք ՀՀ իշխանությունների դիրքորոշումը՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անտեսելու վերաբերյալ, բացասաբար է ազդել Արցախի կորստի վրա։ Պատասխանն է՝ այո։ Սա գլխավոր գործոնն է, որը կախված էր մեզանից, որն ամենամեծ բացասական ազդեցությունն է թողել Արցախի վրա։ Սա Ադրբեջանին հնարավորություն է տվել խնդիրը ներկայացնել՝ որպես ներքին հարց, ձերբազատվել ՀՀ-ի կողմից պոտենցիալ ռազմաքաղաքական դիմադրության ռիսկերից, ինչպես նաև հնարավորություն է տվել միջազգային բոլոր դերակատարներին խուսափել իրենց պատասխանատվությունից և պատասխանատվությունը գցել Հայաստանի վրա։ Բոլորս պետք է հաշվի առնենք, որ միջազգային հանրության դիրքորոշումը մշտապես ձևավորվել է առաջնահերթորեն Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների ու գործողությունների հիման վրա»,- շեշտեց Արտակ Բեգլարյանը։
Շարունակելով հարցն ու պատասխանը, Արտակ Բեգլարյանը նաև հարց հնչեցրեց՝ արդյո՞ք «Հայաքվեի» կողմից առաջարկած օրինագիծը թույլ կտա վերադարձնել Արցախը։
Այնուհետև պատասխանելով, ասաց՝ այո, թույլ կտա, քանի որ այն հստակ դիրքորոշում է լինելու, որ Հայաստանն այլևս ընդունում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և պաշտպանում է ինքնորոշման իրավունքը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում