Ես լրիվ համաձայն եմ և ստորագրում եմ Նարեկ Մալյանի այդ խոսքերի տակ․ Կարեն Քոչարյան․ Hraparak.am

Hraparak.am-ը հրապարակել է հարցազրույց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ, որը ներկայացնում ենք ստորև։

– Պարոն Քոչարյան, վերջին շրջանում Հայաստանում մարդկանց ձերբակալում են, կալանքի տակ պահում քաղաքական ելույթների, գրառումների, կարծիք հայտնելու համար, ըստ Ձեզ, այս քայլերով Հայաստանն ո՞ւր է գնում, արդյո՞ք մեզանում բռնապետություն է կամաց հաստատվում:

– Հայաստանը ոչ թե գնում է, այլ արդեն գնացել է և միացել ամենաավտորիտար երկրներին՝ այդ թվում Հայաստանի այսօրվա իշխանությունների ամենասիրած պետությանը՝ Ադրբեջանին է հավասարվել:

– Այս պահին կալանքի տակ են գտնվում Նարեկ Մալյանը, Արմեն Աշոտյանը, Գրիգորի Խաչատուրովը, Մամիկոն Ասլանյանը և մի շարք այլ անձինք, այս տեմպերով հնարավո՞ր է, որ յուրաքանչյուր ոք, ով, ըստ իշխանության, վտանգ կներկայացնի իրենց համար ինչ-որ հորինած պատճառով հայտնվի բանտում, և ի՞նչ պետք է անել այս աբսուրդային վիճակից դուրս գալու համար: 

– Այո, ցանկացած մարդ կարող է հայտնվել այնտեղ, որտեղ այսօր գտնվում են քաղբանտարկյալները, անգամ, եթե չհայտնվի կալանքի տակ, միևնույն է, դատական հայցերը գրեթե բոլորի նկատմամբ կան, օրինակ, Բագրատյանի հետ կապված և այլ մարդկանց հետ կապված դեպքեր, այդ թվում, իմ հետ կապված են եղել դեպքեր: Մարդկանց պարզապես գրառումների համար  դատի են տալիս, քաշքշում են՝ այսինքն  փորձում են կտրել աշխատանքից, որպեսզի մարդիկ հոգնեն, զզվեն և ոչինչ չխոսեն: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ պետք է անել այս վիճակից դուրս գալու համար, կարծում եմ՝ պետք է պայքարել, երբեք չպետք է ընկճվել, կանգնել կես ճանապարհին: Ես կարծում եմ՝ պետք չէ նոր անիվ հորինել, դա այդպես է եղել  բոլոր ժամանակներում և բոլոր երկրներում, բացառություն չէ նաև այսօրվա Հայաստանը:

– Դուք ծանո՞թ եք Նարեկ Մալյանի գործից. Մալյանը նոր չէ, որ հետապնդվում է այս իշխանությունների կողմից, նա անգամ կատակում է, թե իր սեփական հոդվածն ունի ՀՀ Քրեական օրենսգրքում՝ 226.2 հոդվածը, որն ընդունվել է հատուկ իր գործունեությունը սահմանափակելու և լռեցնելու համար: Նաեւ եղել է առևանգման փորձ Մալյանի նկատմամբ, հիմա էլ նա կալանքի տակ է, գործը քննում է ԱԱԾ-ն,  Մալյանը զրկված է արտաքին աշխարհի հետ բոլոր տիպի շփումներից: Ըստ Ձեզ,  ինչո՞վ է Նարեկ Մալյանն այդքան խանգարում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը:

– Ճիշտն ասած, չեմ կարող ասել, թե կոնկրետ Նարեկ Մալյանն ինչով է խանգարում, որովհետև կարծում եմ, որ Նարեկ Մալյանն ու այն մարդիկ, ովքեր առաջին իսկ օրվանից պայքարել են այս իշխանության դեմ, բնականաբար, խանգարում են, դրա համար էլ մի մասին փորձում են մեկուսացնել, բայց կարծում եմ՝ Նարեկ Մալյանի դեպքը մի փոքր այլ է, և նրա հետևից ընկած է ոչ այնքան Նիկոլ Փաշինյանն անձամբ, այլ նրա այն շրջապատը, որ հասարակության մեջ ավելի հայտնի են որպես սորոսականներ:

– Երկար ժամանակ է քննարկվում է, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելն օրհասական հարց է Հայաստանի համար, սակայն ընդդիմությունն ամեն անգամ հավաքվում է, քայլում, խոսում և ունենք այն, ինչ ունենք: Վերջերս Նարեկ Մալյանը հարցազրույց էր տվել եւ ասել, որ, իշխանափոխությունը շատ իրատեսական է, ինքն ունի հստակ ծրագիր, սակայն կարևոր է, որ ընդդիմությունը համախմբվի օրակարգի շուրջ, որի առաջին կետում Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, Ձեր կարծիքով, ինչի՞ն է սպասում ընդդիմությունը կամ ի՞նչն է խանգարում նրան` համախմբվել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգի շուրջ:

– Ես ինքս լրիվ համաձայն եմ և ստորագրում եմ Նարեկ Մալյանի այդ խոսքերի տակ: Բազմիցս ինքս տարբեր հարթակներից ասել եմ դրա մասին: Ի՞նչն է խանգարում, չեմ կարող ասել, բայց առաջին հայացքից, այնուամենայնիվ, տարբեր ընդդիմադիր բևեռների ամբիցիաները, ընդ որում, բոլորի, ոչ թե մեկի կամ երկուսի. Հայտնի խոսք կա, երբ կիսում են դեռ չսպանված արջի մորթին:

– Ի՞նչ կանխատեսումներ ունեք ապագայի, մի՞թե, Մալյանի խոսքերով ասած, ընդդիմությունն ընտրեց տանը բլինչիկ թխելն, այլ ոչ թե իշխանափոխություն իրականացնելու ուղին: 

– Երևի թե այս դեպքում չեմ համաձայնվի պարոն Մալյանի այս բնորոշման՝ տանը բլինչիկ թխելու հետ: Այսօր ընդդիմությունը շատ պասիվ է, խոսքը տիտուլային ընդդիմության մասին է, բայց ես գտնում եմ, որ պասիվ է հանրային դաշտում: Այնուամենայնիվ, ետկուլիսային, նախապատրաստական պրոցեսներ, միգուցե նաև այդ նույն համախմբման շուրջ պրոցեսներ գնում են, դրա համար հանրային հարթակում չի երևում ընդդիմությունը, բայց ես համոզված եմ, որ պրոցեսներ ընթանում են:

Տեսանյութեր

Լրահոս