Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ժամանակ քննարկվում են մյուս մեղադրյալների խափանման միջոցների փոփոխությունների միջնորդությունները
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
Նախորդ դատական նիստին Արմեն Աշոտյանի պաշտպանական թիմը բացարկ ներկայացրեց Վահե Դոլմազյանին, ինչը վերջինս մերժեց: Ուշագրավ էր, որ այս վարույթով մյուս մեղադրյալների պաշտպանները նույնպես միացան միջնորդությանը:
Նախորդ դատական նիստին տուժող ԵրՊԲՀ-ի օրինական ներկայացուցիչ ճանաչված Գալինա Հարությունյանը խնդրեց իրեն ազատել այս վարույթին մասնակցելուց, քանի որ նախ 2013թ.-ից չի աշխատում ԵրՊԲՀ-ում, ապա նաև հայերենին լավ չի տիրապետում, իսկ Արմեն Աշոտյանից որևէ պահանջ չունի:
Հիշեցնենք նաև, որ մինչ այսօրվա դատական նիստը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մերժել էր Արմեն Աշոտյանի պաշտպանների բերած բողոքը Վահե Դոլմազյանի որոշման դեմ, ըստ որի՝ ՀՀԿ փոխնախագահի կալանքի ժամկետը երկարաձգվել էր ևս երեք ամսով:
Այսօրվա դատական նիստին ներկա էին Արմեն Աշոտյանը, նրա փաստաբանական թիմը՝ Ռուբեն Մելիքյան, Տիգրան Աթանեսյան, Մարգար Սողոմոնյան կազմով, գործով անցնող ԵրՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, Մարթա Սիմոնյանը, Արմեն Աշոտյանի ընտանիքի անդամները, դատախազներ Դոլինյանն ու Նշանյանը, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, քաղաքական-հասարակական գործիչներ: Ներկա չէր նաև տուժողի՝ ԵրՊԲՀ-ի օրինական ներկայացուցիչ Տիգրան Խաչիկյանը: Վերջինս, հիշեցնենք, 2018թ.-ի իշխանափոխությունից հետո այս իշխանությունների կողմից հանրահռչակված կադրային բանկով նշանակվել ու կարճ ժամանակ պաշտոնավարել էր՝ որպես արդարադատության փոխնախարար:
Այսօրվա դատական նիստը սկսվեց տուժողի իրավահաջորդ ներգրավված Գալինա Հարությունյանի հարցի քննարկումից: Հարցին՝ ինչու է ուզում հրաժարվել դատական նիստերին մասնակցելուց, Գալինա Հարությունյանը պատասխանեց՝ ինքը աշխատանքից ազատվել է 2013թ., և այն, ինչ այստեղ քննվում է, տեղի է ունեցել դրանից հետո:
«Ինձ, իմ ղեկավարած հիմնարկին որևէ վնաս չի պատճառվել»,- ասաց Գալիսնա Հարությունյանը:
Դատախազն առարկեց նրա կարգավիճակը դադարեցնելու դեմ: Հարցը մնաց առկախված, այնուհետ անցան գործով մյուս մեղադրյալների խափանման միջոցների հարցի քննությանը: Առաջինը քննարկվեց Մարթա Սիմոնյանի նկատմամբ ընտրված բացակայելու արգելք խափանման միջոցը վերացնելու հարցը: Վերջինիս պաշտպանը ներկայացրեց համապատասխան միջնորդություն: Ըստ նրա՝ Մարթա Սիմոնյանն իր առողջական վիճակը կարգի բերելու խնդիր ունի և կարիք ունի երկրից դուրս գալ, ապա ասաց՝ եթե դատարանը չի բավարարի միջնորդությունն ամբողջությամբ, խնդրեց թույլ տալ նրան երկու շաբաթով լքել երկիրը: Վերջինս հավելեց՝ փախուստի ռիսկ չկա՝ հաշվի առնելով Մարթա Սիմոնյանի սոցիալական կապերը:
Մեղադրանքի կողմն առարկեց Մարթա Սիմոնյանի խափանման միջոցի փոփոխության դեմ, ասաց՝ այն ենթակա է մերժման, քանի որ փախուստի հավանականությունը մեծ է:
Մարթա Սիմոնյանի պաշտպանը նկատեց՝ դատարանն է արձանագրել, որ փախուստի ռիսկը բացակայում է, և դատախազ Նշանյանը հատուկ վերանայման բողոք չի հայտնել, ու հիմա ոչինչ չի փոխվել, բայց հանրային մեղադրողն ասում է՝ փախուստի ռիսկն առկա է:
Դատարանը որոշեց բավարարել պաշտպանի միջնորդությունը. Մարթա Սիմոնյանի նկատմամբ ընտրված բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվեց:
Հաջորդիվ քննարկվեց ԵրՊԲՀ նախկին ռեկտոր, գործով մեղադրյալ Միքայել Նարիմանյանի նկատմամբ ընտրված գրավ և բացակայելու արգելք խափանման համակցված միջոցները վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը: Դատարանին փաստաթուղթ ներկայացվեց Միքայել Նարիմանյանի առողջական վիճակի, նրա ունեցած ծանր հիվանդությունների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացվեց դատարանի որոշումը Միքայել Նարիմանյանին սնանկ ճանաչելու վերաբերյալ:
Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ դատական նիստն ավարտվեց: Հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ին:
Քանի որ դատավարության մասնակիցները շատ են, որոշվեց նաև դեկտեմբերի 19-ին հաջորդող դատական նիստի օրն ընտրել: Երբ դատավոր Վահե Դոլմազյանն ասաց՝ դեկտեմբերի 27-ին, Արմեն Աշոտյանն առարկեց:
«27-ը չորեքշաբթի է: Քանի որ Ձեր թեթև ձեռքով դեռևս գտնվում եմ անազատության մեջ, խնդրում եմ ինձ չզրկել ընտանիքիս հետ կարճատև տեսակցությունից»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: