«Մի մտեք սրա տակ, էս գործը Ձեր հագով չի, ոչ մեկի հագով չի… Բաքվի անուն տալիս ինչի՞ եք նեղվում». Դատավոր Վահե Դոլմազյանը մերժեց Արմեն Աշոտյանի ու նրա պաշտպանների բացարկի միջնորդությունը
Հոկտեմբերի 11-ին Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվեց Արմեն Աշոտյանի վերաբերյալ հարուցված շինծու քրեական վարույթի շրջանակում ՀՀԿ փոխնախագահի խափանման միջոցի փոփոխության՝ պաշտպանության կողմի միջնորդության քննությունը:
Հիշեցնենք՝ այս գործով 5 մեղադրյալներից կալանավորված է միայն Արմեն Աշոտյանը: Այդ նիստի ընթացքում խոսեց նաև Արմեն Աշոտյանը, սակայն մինչ նա կներկայացներ իր խոսքը, դատավորը նախապես նրան զգուշացրեց քաղաքական հայտարարություններ չանել: Պաշտպաններն ու անձամբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն առարկեցին: Դատավորը դեռ չգիտի՝ ինչ է ինքը խոսելու, բայց արդեն սահմանափակումներ է մտցնում:
Իր խոսքի սկզբում Արմեն Աշոտյանը նշեց, որ ինքն իրեն վատ է զգում շատ բաների համար «Վատ եմ զգում, որ ես նստած եմ Հայաստանի բանտում, իսկ իմ տասնյակ հայրենակիցներ՝ Բաքվում, որ ինձ զրկել են իմ օջախից, բայց իմ հարյուր-հազարավոր հայրենակիցներ ընդհանրապես արդեն օջախ չունեն, որ հիմա կողքի դահլիճում դատում են ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին, որ ազատազրկված են Գրիգորի Խաչատուրովը, Գարիկ Գալեյանը, Ալբերտ Բազեյանը, Լևոն Քոչարյանը:
Այդ նիստին նաև երաշխավորություններ ներկայացվեցին: Արմեն Աշոտյանի իրավաչափ վարքագիծը այլ խափանման միջոցի կամ համակցված խափանման միջոցների ընտրության պարագայում երաշխավորել էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, Մայր Աթոռի և Անթիլիասի կաթողիկոսարանների գերաշնորհներ, Կոլումբիայի նախկին նախագահը, ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահը, ՀՀ նախկին վարչապետը: Սակայն երկու օր տևած միջնորդության քննությունից հետո դատավոր Վահե Դոլմազյանը որոշեց Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգել 3 ամսով:
Այսօրվա դատական նիստին ներկա էին Արմեն Աշոտյանը, նրա փաստաբանական թիմը՝ Ռուբեն Մելիքյան, Հաբեթ Մարտիրոսյան, Տիգրան Աթանեսյան, Մարգար Սողոմոնյան կազմով, գործով անցնող ԵրՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, Մարթա Սիմոնյանը, Արմեն Աշոտյանի ընտանիքի անդամները, դատախազներ Դոլինյանն ու Նշանյանը, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, քաղաքական-հասարակական գործիչներ: Ներկա էր նաև տուժողի՝ ԵրՊԲՀ-ի օրինական ներկայացուցիչ Տիգրան Խաչիկյանը: Վերջինս, հիշեցնենք, 2018թ.-ի իշխանափոխությունից հետո այս իշխանությունների կողմից հանրահռչակված կադրային բանկով նշանակվել ու կարճ ժամանակ պաշտոնավարել էր՝ որպես արդարադատության փոխնախարար:
Նիստի սկզբում դատավոր Վահե Դոլմազյանը նոր բան հորինեց. Յուրաքանչյուր նիստից առաջ պետք է ճշտել՝ լրատվամիջոցները կարո՞ղ են նիստը լուսաբանել, թե՞ ոչ:
Պաշտպան Ռուբեն Մելիքյանն առարկեց՝ դա սահմանափակում է ԶԼՄ աշխատանքների նկատմամբ, և սովորաբար առաջին նիստի ընթացքում են միայն ճշտում կողմերի դիրքորոշումը նիստը տեսալուսանկարահանելու առնչությամբ:
Այս դատական նիստի ընթացքում տուժողի նոր ներկայացուցիչ ներգրավվեց վարույթին, ապա Արմեն Աշոտյանի պաշտպանական թիմի անդամ Ռուբեն Մելիքյանը նախագահող դատավոր Վահե Դոլմազյանին բացարկի միջնորդություն ներկայացրեց՝ վերջինիս անկողմակալության, անաչառության վերաբերյալ կասկածներ ունենալու հիմքով, բերեց դատավորի կողմնակալության վերաբերյալ կոնկրետ օրինակներ:
Տիգրան Աթանեսյանն էլ նշեց՝ այո՛, ես կասկածում եմ Ձեր մասնագիտական ունակությունների վրա. Տիգրան Աթանեսյանը՝ դատավոր Դոլմազյանին:
«Դուք տուժողի օրինական ներկայացուցիչ եք համարում մարդկանց, ովքեր չեն կարող օրինական ներկայացուցիչ լինել: Էլ չեմ ասում առանց մեղադրյալի նիստ անելը: Ես չգիտեմ՝ Դուք ինչ Քրդատ օրենսգրքով եք առաջնորդվում»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:
Մյուս պաշտպաններ Մարգար Սողոմոնյանն ու Հաբեթ Մարտիրոսյանը միացան միջնորդությանը:
Արմեն Աշոտյանը նույնպես միացավ միջնորդությանը, ու ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս դատավոր Վահե Դոլմազյանը ընդհատեց նրան, փորձեց սահմանափակել վերջինիս խոսքը:
«Ձեր խաթր եմ բացարկ հայտնում, մի մտեք սրա տակ, էս գործը Ձեր հագով չի, ոչ մեկի հագով չի, թե չէ ես հո միամիտ չե՞մ, որ հավատամ՝ Դոլմազյանը գնա, կգա ուրիշյանը, ու բան կփոխվի: Ձեզ շանս եմ տալիս»,- դատավորին դիմելով՝ ասաց Արմեն Աշոտյանը:
Այնուամենայնիվ, դատավորը ևս մեկ անգամ ընդհատեց Արմեն Աշոտյանին, երբ վերջինս, դիմելով պետական ծառայողներին, այդ թվում՝ դատարանին, ասում էր՝ սպանեք ձեր միջի Նիկոլին: Դատավոր Դոլմազյանն ասաց, որ Արմեն Աշոտյանի խոսքն անցնում է դատարանին վիրավորելու սահմանով, զգուշացրեց, որ նման կերպ շարունակելու դեպքում Աշոտյանի նկատմամբ կկիրառվի դատական սանկցիա: Տիգրան Աթանեսյանն ու Ռուբեն Մելիքյանն առարկեցին դատավորի գործողությունների դեմ:
Դատավոր Դոլմազյանը փորձեց բացատրել՝ ինչու է սահմանափակում Արմեն Աշոտյանի խոսքի իրավունքը:
Ի վերջո, Արմեն Աշոտյանին հաջողվեց ավարտել իր խոսքը, ու նա ևս մեկ անգամ դատավորին հորդորեց բացարկ հայտնել:
Մյուս մեղադրյալների պաշտպանները միացան միջնորդությանը: Դատախազները, բնականաբար, առարկեցին: Ապա դատավորը դատախազներին հորդորեց դիրքորոշում հայտնել պաշտպանական կողմի այն դիտարկման մասին, որ դատարանը հանդես էր գալիս՝ որպես մեղադրանքի կողմ: Տիգրան Աթանեսյանն առարկեց դատավորի գործողությունների դեմ:
«Ձեզ ցուցում է տալիս՝ ինչ անեք, դատախազներ, պատվարժան դատարան, հարգեք էս մարդկանց ուսադիրները»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:
Երբ դատավորն այսօր ներգրավված տուժողի օրինական ներկայացուցիչ ճանաչված Գալինա Հարությունյանին հարցրեց՝ ի՞նչ կարծիք ունի բացարկի միջնորդության վերաբերյալ, վերջինս անսպասելի հայտարարություն արեց՝ խնդրելով իրեն ազատել այս վարույթին մասնակցելուց, քանի որ նախ 2013թ.-ից չի աշխատում ԵրՊԲՀ-ում, ապա նաև հայերենին լավ չի տիրապետում:
Բոլոր կողմերի դիրքորոշումներին իրեն ներկայացված բացարկի առնչությամբ ծանոթանալուց հետո դատավոր Վահե Դոլմազյանն ասաց, որ Արմեն Աշոտյանի ու նրա պաշտպանական թիմի միջնորդությունն իրենց բացարկ հայտնելու վերաբերյալ, որին միացել էին նաև մյուս մեղադրյալների պաշտպանները, սուբյեկտիվ է, ու մերժեց բացարկի միջնորդությունը:
Դատական նիստն ընդհատվեց: Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 6-ին՝ ժամը 16:00-ին: