Հարկային բեռի ավելացումը ռիսկային է՝ ուղիղ ազդելու է գնի վրա և վնասելու է սպառողին. ավտոներկրող
Ավտոներկրող Ռաֆիկ Ղազարյանն այսօր Կառավարության շենքի մոտ ավտոներկրողների բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2020 թվականին երբ մտան ԵԱՏՄ շուկա, ստեղծվեցին ավտոներկրմամբ և վաճառքով զբաղվող ընկերություններ, որոնք մեքենաները ներկրում ու վաճառում էին իրենց ուզած գնով։
«2022 թվականին ավտոներկրմամբ և վաճառքով զբաղվող ընկերություններից, եթե չեմ սխալվում՝ 50-ը եղել են խոշոր հարկատուներ։ Մեր ոլորտն ապահովել է մեծ շահույթ, նաև հարկերի տեսքով։ Այս տարի փոփոխություններ եղան նաև ԵԱՏՄ շուկայում, մեքենաները, որոնք արտահանվում էին, իրենց քանակը բավականին նվազեց։ Այս պահի դրությամբ մեր Կառավարությունն ԱԺ ներկայացրել է նախագիծ՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որով մեզ պարտադրում են, որ մենք պետք է ունենանք 20 տոկոս շահույթ։ Եթե նույնիսկ մենք չենք ունենում այդ 20 տոկոս շահույթը, իրենք մեզ պարտադրում են, որ հարկային պարտավորությունները ներկայացնելուց շահութահարկի տեսքով դա ներկայացնենք»,- նշեց Ռաֆիկ Ղազարյանը։
Ակցիայի մասնակիցները ցանկանում էին հանդիպել Կառավարության իրավասու պաշտոնյաներից մեկի հետ, պարզելու, թե ինչ հաշվարկների արդյունքում են ստացել 20 տոկոս եկամուտ ունենալու վերաբերյալ թիվը։
«Այստեղ սահմանափակում են մեր ազատ մրցակցային շուկայական հարաբերությունները։ Մենք երեկ նամակ ենք գրել երկրի նախագահին, խնդրել ենք, որպեսզի օրենքի այդ նախագիծն ուղարկի Սահմանադրական դատարան, որպեսզի հասկանանք, այն Մայր օրենքին համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ։ Մենք ուզում ենք հանդիպել այն մարդկանց հետ, ովքեր կանգնած են այս օրենքի սկզբնաղբյուրում, հասկանալու համար, թե ինչն է եղել պատճառը, որ իրենք այս փոփոխությունը ներկայացրել են ԱԺ։
Հարկային բեռի ավելացումը ռիսկային է, շուկայում մեքենաների գները կավելանան, որովհետև եթե հարկային բեռն ավելանում է՝ ուղիղ կերպով անդրադառնալու է վերջնական սպառողին»,- եզրափակեց Ռաֆիկ Ղազարյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում