Բաժիններ՝

Հայաստանում կա 20-30 հազար հնդիկ, նրանք աշխատանքային միգրանտներ են, այլ ոչ թե զբոսաշրջիկներ. Վահան Քերոբյան

Այսօր ԱԺ-ում լրագրողները ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս են պատրաստվում Հայաստանում զբոսաշրջիկների թիվը հասցնել 2, 5 միլիոնի, հնդիկների շնորհի՞վ։

Հարցին Վահան Քերոբյանը բացասական պատասխան տվեց, ապա շարունակեց  բացատրել, թե առհասարակ կա միջազգային մեթոդաբանություն, թե ով է համարվում զբոսաշրջիկ, իսկ նրանք, ովքեր աշխատանքային միգրանտներ են, զբոսաշրջիկ չեն համարվում։

«Անշուշտ, եթե Հնդկաստանից էլ զբոսաշրջիկներ այցելեն Հայաստան, մենք միայն ուրախ կլինենք և այդ ուղղությամբ աշխատում ենք։ Ընդհանրապես պետք է նշեմ, որ ասիական շուկան մեզ համար կարևոր, զարգացման նոր ուղղություն է։ Մենք այնտեղ պարբերաբար մասնակցում ենք զբոսաշրջային ցուցահանդեսների։ Պետք է նաև նշեմ, որ նախորդ շաբաթ ես Ճապոնիա էի գնացել, և «Օսակա» էքսպոյի շրջանակներում մենք 2025 թվականին պլանավորում ենք Հայաստանը Ճապոնիայի հասարակությանը ներկայացնել՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն։ Սա ասում եմ նրա համար, որ մենք դիվերսիֆիկացնում ենք զբոսաշրջային մեր ջանքերը՝ զբոսաշրջային հոսքերը տարբեր ուղղություններով զարգացնելու համար։ Սա մեր ստրատեգիայի մեջ է մտնում»,- նշեց Վահան Քերոբյանը։

Հարցին՝ այսօր Հայաստանում քանի՞ հնդիկ կա, քանի որ տպավորություն է  ստեղծվում, որ առաջիկայում Հայաստանում նրանք հայերից շատ են լինելու, Վահան Քերոբյանը պատասխանեց, թե տարբեր թվեր են ներկայացվում։

Կարդացեք նաև

«Մեզ մոտ ունեցած թվերը, որոնք վերցրել ենք ընդհանրապես սահմանահատումների վերաբերյալ, 30 հազար է, գուցե 20 հազար։ 2010 թվականից մենք վերցրել ենք սահմանահատումների քանակը»,- նշեց նախարարը։

Թե ո՞ր ոլորտներում են աշխատում հնդիկ միգրանտները, Վահան Քերոբյանը նախ սկսեց բացատրել շուկայում աշխատուժի պակասի հարցը, թե մեկ տարի առաջ, երբ քննարկում էին 2023 թվականի բյուջեն, ինքն ասել էր՝ որոնք են 2023 թվականի բյուջեի հիմնական ռիսկերը։

«Այդ ժամանակ մենք քննարկում էինք, և ես ասացի, որ երեք հիմնական ռիսկերը դրանք աշխատուժի պակասն է, տրանսպորտային ու անվտանգային խնդիրները։ Չնայած այդ խնդիրների առկայությանը, Կառավարությունը գերազանցում է 2023 թվականի բյուջեով դրված թիրախները՝ 7 տոկոսից հասցնելով 9,2 տոկոսի։

Միգրանտներն ընդգրկված են տարբեր ոլորտներում՝ շինարարություն, գյուղատնտեսություն, ծառայությունների ոլորտ։ Չեմ կարող ասել, որ բարձր որակավորում ունեցող մասնագետներ են գալիս Հնդկաստանից, նման մասնագետներ գալիս են Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից։ Ուզբեկստանից, Իրանից և Հնդկաստանից գալիս են ցածր որակավորում ունեցող աշխատողներ, որոնք բանվորական տարբեր մակարդակի աշխատանքներ են կատարում»,- հավելեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը։

Ըստ Վահան Քերոբյանի, այսօր ջանքերն ավելի շատ ուղղում են, որպեսզի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք արագ աշխատանք ստանան և կարողանան մտնել տնտեսական կյանքի մեջ, որպեսզի դառնան տնտեսական օգուտ, ուժ, ոչ թե բեռ։

Տեսանյութեր

Լրահոս