Բաժիններ՝

Կգա ժամանակը և Դուք Ձեր արժանի տեղը կգտնեք պատմագիտության մեջ՝ որպես խավարամիտ ու պալատական պատմաբան․ Միքայել Բադալյանը՝ Սմբատ Հովհաննիսյանին

«Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն, ուրարտագետ Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է ««Քիչ առաջ Հանրային հեռուստաընկերությամբ դիտեցի Հայոց պատմության 7-րդ դասագրքի վերաբերյալ «Նոր առասպելներ՝ նոր դասագրքերի մասին» խորագրով հաղորդում-վերլուծությունը և որպես գիտնական, որպես Հայաստանի հանրապետության քաղաքացի իմ պարտքն եմ համարում անել մի քանի դիտարկումներ՝ անկախ նրանից ում դուրը դա կգա, թե ոչ.

ա. Արդեն երրորդ անգամ դասագրքի հեղինակը հրավիրվում է Հանրային հեռուստաընկերություն, մինչդեռ անաչառ լրագրությունը ենթադրում է, որ այդ թեմայով պետք է լսել նաև այլ մասնագետների կարծիքներ: Հակառակ դեպքում, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ամեն ինչ արվում է, որպեսզի արդարացվի դասագրքի հեղինակին, դասագիքրն ու այնտեղ արծարծված ուղղությունները:

Ըստ ինձ՝ հաղորդման վերնագիրն ունի շեղող և մանիպուլյացնող բնույթ:

բ. Դասագրքի վերաբերյալ բոլոր քննադատությունները կարծես թե ներկաացվում են որպես քաղաքական արշավ: Մինդեռ, արդեն իսկ մի քանի գիտնականներ առանց որևէ քաղաքական ենթատեքստի դասագրքի վերաբերյալ արել են բավական կարևոր և արժեքավոր դիտողություններ:

գ. Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեզ ուզում են բաժանել խավարամիտների և լուսավորյալների: Իբր այս դասագիրքը մի նոր լույս է, որը մերժվում է «խավարամիտ» գաղափարախոսների կողմից:

Դեռ հարց է, թե ով է առաջադեմ և ով՝ հետադեմ:

դ. Շատ կարևոր է, որ դասագրքի քննարկումը մեր իրականություն բերեց մինչ այդ գոյություն չունեցող նոր մշակույթ: Կարծում եմ այս ամենը նպաստելու է հետագայում ավելի որակյալ դասագրքեր ունենալուն:

ե. Միակողմանի քննադատությունները, մեկնությունները չեն կարող արդյունավետ լինել: Պետք է ասել ճշմարտությունը: Այս դասագիրքը գրվել է խիստ փնթի ձևով: Դասագրքի առնվազն նախապատմական և հնագույն շրջաններին վերաբերող հատվածներում գրեթե չկա մեկ էջ, որտեղ չլինեն սխալներ, վրիպակներ, անհարկի մեկնություններ: Իմ գործընկերները նաև բազմաթիվ թերություններ են արձանագրել դասագրքի մյուս գլուխներում։ Դասագրքի պատվիրատուն և հեղինակը կարող են ունենալ համարձակություն և տարբեր գիտական հաստատություններից հրավիրել ոլորտի տարբեր մասնագետների և լսել նրանց կարծիքը:

զ. Դասագրքի հեղինակը նշում է, թե իբր զավեշտ է, որ մեկնաբանում են թե դասագրքի քարտեզի այս կամ այն վայրի մատնանշումը թեական է: Այո, Սմբատ, զավեշտն այն է, որ Դուք նման արտահայտություն եք անում, որ Դուք անընդհատ փորձում եք արդարանալ: Սմբատ, քանի որ Ձեր հեղինակած դասագրքում բազմաթիվ են այս կամ այն վարկածի վրա հիմնված մեկնաբանությունները, ես հարկ եմ համարում առաջ քաշել մի վարկած. կգա ժամանակը և Դուք Ձեր արժանի տեղը կգտնեք պատմագիտության մեջ՝ որպես խավարամիտ ու պալատական պատմաբան: Զավեշտներից մեկն այն է, որ այդ դասագրքի խմբագիրը կարծես թե Ձեր կինն է: Այդ դասագիրքը գրվել է նաև մեր հարկերի շնորհիվ: Ինձ համար ակնահյտ է, որ այս դասագրքի որոշ հարցադրումներ ունեն հստակ միտում, որը փորձ է արվում շեղել և քողարկել:

է. Պետք չէ միայն ուշադրությունը սևեռել դասագրքի հեղինակի վրա: Այս դասագրքի հրատարակիչը Մասնակցային դպրոցն է: Պետք է հասկանալ՝ ովքեր են ղեկավաորում այդ Մասնակցային դպրոցը, ինչ ծրագրեր են իրականացնում:

ը. Գիտնականը պետք է լինի անաչառ և օբյեկտիվ՝ անկախ ժամանակներից: Ինձ համար զավեշտ է նաև, երբ տարբեր գործընկերներ ինձ հանդիպելիս ասում են, էտ ինչ լավ էիր գրել դասագրքի վերաբերյալ, բայց իրենք լռում են: Այո, երևի իմ կեցվածքը դուր չի գա շատերին: Դուր չի գա, որ ես ու իմ նմանները հանդգնել ենք քննադատել այս դասագիրքը: Իդեպ, և դասագրքի հեղինակը և նաև այս հաղորդման մեջ, խոսվում է Օրուելի «1984»-ի մասին: Օրուելն ունի ևս մեկ հանճարեղ ստեղծագործություն, որը կոչվում է «Անասնաֆերմա»:

Չարենցի «Երկիր Նաիրին», Օրուելի «Անասնաֆերման» ու Մկրտիչ Արմենի «Երևանը» վերջին ժամանակներին ուզում եմ նորից ու նորից կարդալ…»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս