
«Թշնամին 1-2 կմ-ի վրա էր, արագ առաջ էր շարժվում. հաց էի թխում, կիսատ եմ թողել, հագիս շորերով դուրս եկել գյուղից». երկու անգամ տեղահանված արցախցիներին պատշաճ աջակցություն չի տրվում

Լուսինե Սեյրանյանի ընտանիքն Արցախում երկու անգամ է տեղահանվել իրենց բնակավայրից, առաջին անգամ Հադրութից են ստիպված եղել հեռանալ: Արցախցի մեր զրուցակիցը, հազիվ զսպելով արցունքները, հիշեց. տունը լքելուց րոպեներ առաջ հաց թխելիս է եղել: Չի կարողացել ավարտել.
«Խմորն էի հունցել, որ հաց թխեի, թողեցի՝ դուրս եկա: Արդեն այն պահն էր, որ 1-2 կմ հեռավորության վրա էր թշնամին ու շատ արագ առաջ էր շարժվում: Անգամ ժամանակ չկար որևէ բան հետներս վերցնելու: Կյանքներս փրկելու հարցն էր դրված: Մենակ հագի շորով Հադրութից դուրս ենք եկել: Երկու հարկանի տուն, մեքենա, գութան, շարքացան, տրակտոր: Ամեն ինչ էլ ունեցել ենք: Այդ ամբողջ տեխնիկան ուղղակի թողել ենք այնտեղ: Ամուսինս մեխանիզատոր է: Ահագին ավտոպահեստամասեր ուներ, մեքենաներ էր հավաքում: Այդ ժամանակ էլ մի մեքենա էր հավաքել, որ պետք է վաճառեր, եկամուտ ստանայինք: Դա էլ թողեց: Ի՞նչ ասեմ: Էնտեղից ոչինչ չկարողացանք փրկել»,- ցավով պատմեց արցախցի Լուսինե Սեյրանյանը:
Նրա խոսքով՝ դրանից հետո իրենց ընտանիքը կարճ ժամանակով եկել էր Հայաստան ու վերադարձել Արցախ՝ Ստեփանակերտ: Իսկ Հադրութում կորցրած ամբողջ ունեցվածքի փոխհատուցման միայն կեսն են կարողացել ստանալ: Մյուս կեսի վերաբերյալ փաստաթղթերը, մեր զրուցակցի խոսքով, մնացել են Արցախում՝ արխիվներում:
«Մենք դատը, փաստորեն, օգոստոսի 3-ին էինք շահել: Սեպտեմբերի 8-ին թղթերը տարանք հանձնեցինք, ու սկսվեց էդ չարաբաստիկ իրավիճակը, այլևս չկարողացանք պատասխան վերցնել: Մնացինք այսպես անորոշ ու դատարկաձեռն: Ամբողջ տանջանքներս ջուրը թափվեցին»,- ասաց մեր զրուցակիցը:
Վերջին արցախյան իրադարձություններից հետո էլ այնտեղ նոր կառուցված երկհարկանի տուն են թողել: Այնտեղից էլ կարողացել են միայն անկողնային պարագաներ, երկու թավա ու մանր այլ ապրանքներ տեղափոխել Հայաստան: Այնքան, որքան կտեղավորվեր մեքենայում: Լուսինեն ասում է՝ այստեղ ջանք չեն խնայում օրվա ապրուստը հոգալու համար: Միևնույն ժամանակ, երեք ուսանող է պահում: Նրանց ուսման վարձերի ու ճանապարհածախսի խնդիր ունի լուծելու:
«Այնպես է ստացվել, որ հանգամանքների բերումով, քրոջս աղջկա տունն այս պահին իմ անվամբ է, բայց, բնականաբար, ինձ չի պատկանում: Լավ, հաշվենք, թե ես տուն ունեմ՝ ինձ չեն տալիս գումար, բա ամուսնուս ու երեխաների՞ս ինչո՞ւ չեն փոխանցում գումարները: Ամուսնուս միայն 10.000 դրամն է փոխանցվել, և մի որդիս 100.000 դրամն է ստացել: Ուրիշ որևէ բան չի փոխանցվել: Բայց չէ՞ որ մեր ընտանիքի բոլոր անդամներն են զրկվել տուն ու տեղից, հետո՞ ինչ, որ նրանք ուսանողներ են եղել ու այդ ժամանակ Արցախում չեն գտնվել»,- ասաց Լուսինե Սեյրանյանը՝ հավելելով, որ անգամ մինչև բռնի տեղահանությունը ստանալիք սեպտեմբերի աշխատավարձը չի ստացել:
Նազելի Ստեփանյան