«Հայաստանի իշխանությունը երկիրը տարբեր կենտրոնների համար դարձրել է պալիգոն». Տիգրան Աբրահամյան
Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը խոսելով ՌԴ-ի, մասնավորապես՝ Մարիա Զախարովայի այն հայտարարության մասին, որ Արևմուտքի քայլերը կարող են հանգեցնել նրան, որ Հայաստանը դուրս մնա տարածաշրջանի կոմունիկացիաների գործընթացներից, նկատեց՝ Հայաստանն այս պահին հայտնվել է ռեգիոնալ և տարածաշրջանային տարբեր կենտրոնների բախումների կիզակետում, որում իր գործուն ազդեցությունը, բնականաբար, ունի ՀՀ իշխանությունը։
«Ուզում եմ, որ խնդրին մեկ այլ տեսանկյունից նայենք, որը նպաստավոր է կամ բխում է միջին վիճակագրական հայի շահերից։ Այս տեսանկյունից, երբ Արևմուտքից հայտարարություններ են հնչում, ովքեր համարում են, որ Ռուսաստանն է հիմնական խոչընդոտը, Ռուսաստանն էլ հայտարարություններ է հնչեցնում, որ Արևմուտքն է գլխավոր խոչընդոտը։ Կարծում եմ՝ այս պետությունները, սուբյեկտները պետք է իրենց մոտեցումները պարզապես փոխեն, որովհետև ՀՀ-ում ապրող հայերին ցույց տալու համար, որ իրենք ավելի լավն են, այն մյուս սուբյեկտներն ավելի վատը՝ դա պարզապես յուրաքանչյուրը պետք է անի առարկայական քայլերով, իր վարած քաղաքականությամբ»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։
Ընդդիմադիր պատգամավորը հիմնավորելով իր տեսակետը՝ հավելեց՝ այն երկրները, որոնք խնդիրներ ունեն հայաստանյան իշխանությունների հետ, չպետք է վարեն այնպիսի քաղաքականություն, որի հետևանքով կտուժի հայ ժողովուրդը։
«Եթե ունեն խնդիրներ իշխանությունների հետ, սա վերաբերում է բոլորին՝ և ԵՄ-ին ու Միացյալ Նահանգներին, և՛ Ռուսաստանին, այդ խնդիրները կարող են լուծել հայաստանյան իշխանությունների հետ։ Հայ ժողովուրդը չպետք է դառնա այդ խնդիրների զոհը, դրա ծանր հետևանքները չպետք է իր վրա զգա հայ հասարակությունը։ Այս տեսանկյունից խնդիրը հետևյալն է՝ ակնհայտորեն այն ուղղությունը, որը վերցրել է ՀՀ իշխանությունը, այսինքն՝ այն քաղաքական կուրսը, որը վարվել է, Հայաստանը բերել-հասցրել է մի իրավիճակի, երբ դիտարկվում է բացառապես՝ որպես տարբեր կենտրոնների համար պալիգոն։ Դրա հետևանքով մենք անընդհատ ունենում ենք լայնամասշտաբ ռազմական գործողություններ, Հայաստանը մշտապես տարբեր ագրեսիաների է ենթարկվում։ Արցախը մի քանի անգամ ագրեսիայի ենթարկվեց, որի ծանր հետևանքը սեպտեմբերի 19-ի ողբերգական դեպքերն էին»,- շեշտեց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում