Վեկտոր փոխելու հետևանքները չափե՞լ եք. զենքի, գազի հարցը կա, Ռուսաստանը ցանկացած պահի կարող է կասեցնել Հայաստանից արտահանումները, փոխանցումները. Վարդան Արամյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև։

  • Չի կարող քաղաքական վեկտորը չունենալ տնտեսական ազդեցություններ, և այդ առումով մենք պետք է զգուշավորություն ցուցաբերենք։
  • Իրանից Հայաստան մտնող գազատարների թողունակությունն այնքան բարձր չէ, որքան Ռուսաստանի դեպքում։ Խողովակաշարով փոխադրվող գազն ավելի էժան է, քան տանկերներով փոխադրվողը։ 
  • Մենք այսօր Ռուսաստանից գազը գնում ենք 165 դոլարով, և դա ինքնարժեքն է։ Արդյո՞ք մենք Իրանի հետ ավելի ձեռնտու պայմանագրեր ունենք։ Եթե Ռուսաստանը մտադրություն ունենա գազի գինը բարձրացնելու, կախված նրանից, թե ինչ գին կսահմանի, կարող են լինել տարբեր սցենարներ։
  • Նորմալ չէ բարձրաստիճան պաշտոնյայի համար սիրողական մակարդակի հայտարարություններ անել։ Խոսքը Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի այն հայտարարության մասին է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանից գազ գնել։ Ինչպե՞ս կարելի է ադրբեջանական մաքսիմալիստական հայտարարությունների ֆոնին կոմպրոմիսային հայտարարություններ անել։
  • Տնտեսվարողի վարքագիծը պայմանավորված է նաև կառավարության դրսևորած վարքագծով, այդ վարքագծով պայմանավորված՝ տնտեսության մեջ ստեղծվում է քաոսային վիճակ։ Տնտեսական առումով շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվում տնտեսվարողների համար այն պարագայում, երբ նրանց համար ռիսկեր են ստեղծում պաշտոնյաների այս կամ այն հայտարարությունները։
  • Ներդրողները չեն կատարելու քայլեր, եթե ապագան մշուշոտ է։ Ներդրողների համար շատ կարևոր են կայունության 4 հիմնասյուները՝ դրամավարկային, հարկաբյուջետային, անվտանգային և քաղաքական:
  • Մեր տնտեսությունը, ցավոք, աճում է ոչ արտահանելի ապրանքների հիման վրա, և սա ամենամեծ պրոբլեմն է։
  • Երբ ռուս-ուկրաինական պատերազմն ավարտվի, Հայաստանի տնտեսությունը, կարծում եմ, լուրջ խնդիրներ կունենա։
  • Արդյունաբերությունը, որ արտահանելի հատված է, մի քանի ուղղություններով խոցվում է, և դրանցից առաջինը փոխարժեքն է։
  • Կարելի է տնտեսության առանձին ճյուղին առավելություն տալ, բայց ճգնաժամերի ժամանակ արդյունաբերողների կողքը չկանգնելը սխալ է։
  • Երբ պարեկին ավելի շատ ես վարձատրում, քան զինվորականին, նշանակում է՝ ներքին անվտանգությունն ավելի ես կարևորում, քան արտաքինը։ Ես դա սխալ եմ համարում:
  • Ոստիկանությանը տրվող գումարների աճի ֆոնին աճում են նաև իրավախախտումները։ Ինձ համար՝ որպես քաղաքացու, սա նշանակում է, որ արդյունքայնության ցուցանիշները բավարար չեն։
  • Կառավարության կողմից կազմակերպվող համերգները սովորաբար նպատակ են ունենում, օրինակ, կրթական, մշակութային։ Ես չեմ հասկանում՝ տուրիստն ինչի՞ պիտի գա Սնուփ Դոգ լսելու և ինչո՞ւ է այդ համերգի կազմակերպումը պետական, հանրային ահռելի միջոցներով այդքան կենսական այս կառավարության համար:
  • Մյուս ընտրություններին հասարակությունը՝ որպես հարկեր վճարող, պետք է վերանայի իր մոտեցումները, որովհետև հանրային ֆինանսները կառավարելու գործիքը դա է։

(Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգի կազմակերպման համար կառավարությունը պետական բյուջեից հատկացրել է 2 մլրդ 318 մլն դրամ, ինչը ԱՄՆ դոլարի ներկայիս փոխարժեքով կազմում է մոտ 6 մլն դոլար։ Համերգը չի կայացել, սակայն գումարը տրվել է,- Ս.Ս.)

Կարդացեք նաև

  • Ես չեմ հասկանում՝ իրականում ի՞նչ է ուզում այս կառավարությունը։ Եվրոպական վերլուծաբաններն էլ են նման արձանագրում անում, և սա բարդացնում է իրավիճակը։ Տրանսպորտային ուղիների բացման՝ մեզ հասանելիք օգուտը կախված է նրանից, թե որպես պետություն՝ ինչ ենք մենք ուզում։
  • Եվրոպացիները վստահ չեն, որ մի օր ՀՀ այս իշխանությունները կրկին շրջադարձ չեն կատարի դեպի Ռուսաստան։ Դրա համար այն եռանդով չեն նետվում Հայաստանին օգնելու, ինչպես, օրինակ, 2008թ․ Վրաստանին էին աջակցում։
  • Հյուսիս-Հարավ ճանապարհը միշտ էլ եղել է մեր կարևորագույն ենթակառուցվածքը, որն Իրանը պիտի կապեր Ռուսաստանի հետ։ Եվ այդ ենթակառուցվածքը դեռ չկա։
  • Ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանությունը բավականին կոպիտ է, երբեմն՝ քաղաքավարության շեմը հատող, բայց մենք պետք է հասկանանք՝ ինչո՞ւ այդպես եղավ։
  • Չզարմանաք, որ նորից ինչ-ինչ քաղաքական վերադասավորումների արդյունքում Ռուսաստանը նորմալ վերաբերվի Հայաստանին, Հայաստանի տնտեսությանը։
  • Շատ լավ է, որ Եվրոպայից զենք ենք գնելու, բայց պետք է նկատի ունենալ, որ եվրոպացիները երբեք իրենց բարեկեցությունը չեն զոհաբերելու հայկական շահին։ Նրանք շարունակելու են թե՛ Ադրբեջանից գազ գնել, թե՛ Ադրբեջանի միջոցով՝ ռուսական գազ։ Ինչ որ մենք անում ենք, պետք է կշռադատենք դրա անվտանգային, տնտեսական հետևանքները։ Արդյո՞ք մենք վաղը կարողանալու ենք նույն զենքերը գնել, եթե Ռուսաստանի հետ բոլոր թելերը կտրենք։
  • Ռուսաստանին շատ հարցեր կան, բայց նաև ռուսական զինվորներն էին զոհվում Արցախում։ Պատրա՞ստ է գեթ մեկ եվրոպացի զոհվել հանուն հայկական շահի։ Պետք է միշտ ընտրություն կատարել վատի և վատթարագույնի միջև։
  • Ռուսաստանը ցանկացած պահի կարող է կասեցնել Հայաստանից արտահանումները, փոխանցումները։ Արդյո՞ք եվրոպացիները սեղանի վրա դրել են, օրինակ, տարեկան առնվազն 2 միլիարդի փաթեթ՝ այն դեպքում, եթե Հայաստանը չկարողանա Ռուսաստանից ստանալ իր ռեսուրսները։ Մեր կախվածությունը Ռուսաստանի տնտեսությունից բավականին մեծ է։
  • Երբ 2018թ․փողոցում ցույցեր էին, Հայաստանում պարտատոմսերի շուկայում ցնցում չեղավ, ես ամեն օր մեր միջազգային գործընկերներին ասում էի, որ ամեն ինչ վերահսկվում է։ Նրանք հավատացին մեզ, որովհետև մեր խոսքը ուժ ու արժեք ուներ։ Շատ կարևոր է, որ կառավարության անդամների, ղեկավարի խոսքն արժեք ունենա, որ խոսքն ու գործողությունները միմյանց չհակասեն: 
  • Տնտեսական աճի սպասումներ առաջացնելիս պետք է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր 1 տոկոս ցածր տնտեսական աճը մոտավորապես 20 միլիարդ դրամի կորուստ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս