ՀԾԿՀ անդամը քննադատել է ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու վերաբերյալ իր գործընկերների որոշումը

Եթե Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 16-ի իր որոշմամբ հակասահմանադրական ճանաչի օրենսդրական փոփոխությունները, ապա ամբողջ գործընթացը կարող է ճանաչվել հակասահմանադրական։ Այս մասին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ քվեարկությունից հետո՝ նոյեմբերի 17-ին, հայտարարել է Հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը, որը դեմ է քվեարկել։

Նրա խոսքով՝ թե՛ Սահմանադրական դատարանում, թե՛ Վարչական դատարանում քննվող գործեր կան, որոնք անմիջական ազդեցություն կունենան այս հարցի վրա։ Նռանյանը հավելել է, որ ինքը պատասխան չի ստացել այն հարցին, թե ինչ հետևանքներ կունենա այս գործընթացը անօրինական ճանաչվելու դեպքում։

Արա Նռանյանն ընդգծել է, որ գործընթացը ֆինանսական հետևանքներ ունի. մարդիկ ազատվում են աշխատանքից, աշխատանքի են ընդունվում, կան վարկանիշային խնդիրներ։ «Այդ պատճառով ասել, որ դա մեզ չի հետաքրքրում, այնքան էլ ճիշտ չէ։ Վարույթը հարուցվել է ենթադրությունների հիման վրա։ Մենք բազմաթիվ դիմումներ ենք ստանում և չենք կարող վարույթ հարուցել միայն դիմումների հիման վրա, քանի դեռ համոզված չենք, որ խախտումներ կան, քանի դեռ փաստական հիմքեր չկան։ Տվյալ դեպքում մենք այլ ճանապարհով գնացինք. նախ հարուցեցինք վարույթ, իսկ հետո սկսեցինք մտածել, թե ինչ հիմքեր դնել դրա տակ», – նշել է ՀԾԿՀ ընդդիմադիր քվոտայով նշանակված անդամը։

Տեսանյութեր

Լրահոս