ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն այս պահին առկա չէ. Արման Եղոյան
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ առաջիկայում ԵԱՏՄ-ից դուրս գալու և ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր կնքելու գործընթաց մեկնարկի, նշեց, որ այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն չկա:
Նա տեղեկացրեց, որ այս պահին ընթանում է գործող համաձայնագրի կիրարկման գործընթացը, որն ավարտվելու է միայն 2026 թվականին:
«Մենք արդեն իսկ գտնվում ենք գործող համաձայնագրերի կիրարկման փուլում, որն իրենից ենթադրում է մեր ապրանքատեսակների որակների որոշակի ստանդարտիզացիա: Այսինքն, սա նույն ասոցացման համաձայնագիրն է՝ ազատ առևտրի կոմպոնենտի: Հիմա արդեն ամեն օր լուրեր եք լսում այս կամ այն ապրանքի ստանդարտները համապատասխանեցնելու մասին: Հետո արդեն կխոսենք Ձեր տված հարցի մասին»,- ասաց իշխանական պատգամավորը՝ հավելելով, որ մոտակա ժամանակահատվածում չեն պատրաստվում դիմել նաև ԵՄ անդամության համար:
Ինչ վերաբերում է ԵՄ հետ գործակցության անվտանգային ոլորտին՝ Եղոյանն ասաց, որ որևէ պետության անվտանգային համակարգ կախված չէ միայն մեկ կոմպոնենտից: Իսկ ԵՄ դիտորդական առաքելությունը, ըստ նրա, մեր երկրի անվտանգային ճարտարապետության կարևոր կոմպոնենտներից է:
Իսկ կառույցի հետ հարաբերություններում անվտանգային ոլորտը, ըստ Եղոյանի, հիմնվում է ոչ միայն ռազմական, այլև բազմաշերտ գործակցության վրա:
«Հաշվի առնելով ԵՄ հետ հարաբերությունների որակն ինքնին, ԵՄ քաշը, որոշակի «փափուկ ուժ» կիրառելու լծակները, տնտեսական լծակները՝ այնպես չէ, որ դա մեկ դետալից է բաղկացած: ՀՀ-ԵՄ հարաբերությունների բովանդակության ընդլայնումն ինքնին մեր անվտանգային ճարտարապետության շատ կարևոր բաղադրիչներից է՝ սկսած տնտեսականից՝ վերջացրած առևտրաշրջանառությունից ու լոգիստիկայից»,- ասաց նա:
Նազելի Ստեփանյան