Բորելը հայտնել է Գազայի 35 հիվանդանոցից 20-ի աշխատանքի դադարեցման մասին
Գազայի հատվածի 35 հիվանդանոցից 20-ը դադարեցրել է աշխատանքը: Դրանցից մի քանիսն ամբողջությամբ ավերվել է:
Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում։
«Հիվանդանոցների հետ կապված իրավիճակը խիստ մտահոգիչ է: Դրանցից մի քանիսն ավերված են: 35 հիվանդանոցից 20-ը, ըստ ԱՀԿ-ի, դադարել է գործել, քանի որ չկան վառելիք, ջուր և էլեկտրականություն», – ասել է նա:
Բորելը մատնանշել է բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելու դժվարությունները։ «Մենք Գազային տրվող մարդասիրական օգնությունն ավելացրել ենք՝ հասցնելով 100 միլիոն եվրոյի, բայց այդ օգնությունը պետք է տեղ հասցվի: Իմաստ չունի այն հասցնել, եթե բեռնատարները չեն կարող ժամանել Գազա», – հավելել է նա: