Երևանում բնակարաններ են օտարել, բայց 500 մլն դրամ հարկ չեն մուծել. 2 անձ ձերբակալվել է

Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Պրեմիում Հաուս» բազմաբնակարան շենքերի թաղամասում բնակարանների օտարման պայմանագրերի կնքման հանցավոր սխեմայի կիրառմամբ պետությունից թաքցվել է 500.000.000 ՀՀ դրամի հարկային պարտավորություն։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Քննությամբ պարզվել է, որ ֆիզիկական անձ Ա․ Հ․-ն, հանդիսանալով գույքերի իրական սեփականատեր, այլ անձի՝ Ն․ Ա․-ի անվամբ իրականացրել է կառուցապատման և բնակարանների օտարման գործունեություն` Երևան քաղաքի Ազատության պողոտայի տարբեր հասցեներում գտնվող «Պրեմիում Հաուս» բազմաբնակարան շենքերի թաղամասում։

«Նախնական համաձայնությամբ, հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով բնակարանների օտարման գործարքների փոխարեն նա կնքել է բաժնային սեփականության օտարման գործարքների պայմանագրեր, որի հետևանքով պակաս է հաշվարկել և չի վճարել շուրջ 500.000.000 ՀՀ դրամի հարկ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Ա․ Հ․-ն և Ն․ Ա․-ն ձերբակալվել են:

ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը)նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստացի վերականգնվել է պետությունից թաքցված 250 մլն դրամի հարկային պարտավորություն։

Նախաքննությունը շարունակվում է:

Տեսանյութեր

Լրահոս