Թշնամին Տեղ գյուղում էլ է նստած, հիմա ժողովուրդը սրա հետ պետք է համակերպվի՞, այսպես մինչև ե՞րբ. Արգամ Հովսեփյան

ՀՀ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարել է  «խաղաղության խաչմերուկի» մասին՝ ընդգծելով, որ այդ հայեցակարգով Հայաստանը ոչ միայն խաղաղ կապրի, այլև կունենա տնտեսական առաջընթաց։ Այս ամենի ֆոնին ՀՀ սահմանամերձ շրջաններում ամեն օր համոզվում են, որ թշնամին՝ Ադրբեջանը, հակված չէ խաղաղության, հակառակ պարագայում սահմանին չէր կրակի և դուրս կգար Հայաստանի սուվերեն տարածքից։

168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար, Արավուսի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանը խոսելով «խաղաղության խաչմերուկից»՝ ասաց, որ այսօր թշնամու դիրքերը շատ մոտ են հայկական գյուղերին, հայկական դիրքերից 100-200 մետր հեռավորության վրա են գտնվում նրանց դիրքերը։

«Մենք այստեղ թշնամուն դեմ դիմաց կանգնած ենք, Երևանում խոսում են խաղաղության մասին, միջազգային ինստիտուտներից մեկն էլ խոսել էր Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին։ Հիմա սա խաղաղությո՞ւն է։ Բան չունեմ ասելու, աշխարհազորն այսօր կանգնած է, բանակը կա, որը պետք է Նիկոլ Փաշինյանը ուժեղացնի։ Լավ, մի խելքը գլխին մարդ չկա՞, դրան ասի՝ տղա ջան, բանակն ուժեղացրու, մի գնա ասֆալտ սարքի ու մանկապարտեզների բացմանը մասնակցի։ Պատերազմական վիճակի մեջ գտնվող երկրում այդ մարդը մանկապարտեզ է վերանորոգում, իմ ինչի՞ն է պետք այդ մանկապարտեզն ու ասֆալտը, եթե չենք կարողանում դրանք պաշտպանենք, մեզ զենք է պետք, զենք։ Ալիևը «երկաթե բռունցք» է բերում ու դնում Ստեփանակերտում, ինքն էլ «երկաթե մանդատ» ունի, ինչո՞ւ դրանով Ալիևին չի պատասխանում։ Ես ուրախ կլինեմ, որ Նիկոլը նախկին երեք նախագահներից ուժեղ լինի, բայց հո տեսնո՞ւմ ենք, որ չի կարողանում»,- նշեց Արգամ Հովսեփյանը։

Ըստ նախկին գյուղապետի՝ հայ ազգը հայրենիք է կորցրել՝ Արցախը, և որևէ անգամ պահանջ չի դրել իշխանությունների առջև, որ պետք է այդ հայրենիքը վերադարձնելու կոչ բարձրացնի։

Կարդացեք նաև

«Թշնամին մեր հողում նստած է, դուք տեսե՞լ եք՝ Նիկոլը երբևէ խոսի Արծվանիկի մասին, հայկական Շուշիի ու Հադրութի և ամբողջ Արցախի մասին, էլ չեմ խոսում Նախիջևանի մասին։

Մենք այդքան աննամուս ենք, հա՞, որ մեր հայրենիքը  թողնենք թշնամուն, Նիկո՞լն է որոշողը, որ այդպես տա, ոչ, ժողովուրդը պետք է կանգնի ու որոշի, որ դա սխալ էր։ Ըստ Նիկոլի՝ Տեղ գյուղից այն կողմ ադրբեջանական է, հիմա ժողովուրդը սրա հետ պետք է համակերպվի՞, ախր Տեղ գյուղում էլ է նստած թշնամին, այսպես մինչև ե՞րբ»,- շեշտեց Արգամ Հովսեփյանը։

Միաժամանակ նա ընդգծեց՝ ՀՀ արտգործնախարարը սխալվում է, երբ ասում է, որ թշնամին ՀՀ տարածքից օկուպացրել է 200 քառակուսի կիլոմետր։

«Արարատ Միրզոյանն ասում է 200 քկմ, ես էլ ասում եմ՝ 14 հազար քկմ են օկուպացրել։ Ես իմ հույսը չեմ կտրում, որ ազատագրելու ենք, որովհետև մենք դեռ մեր նամուսը ամբողջովին չենք կորցրել, հետ ենք բերելու»,- եզրափակեց Արգամ Հովսեփյանը։

Տեսանյութեր

Լրահոս