Ավստրալիան ապաստան կտրամադրի ջրի տակ անցնող Տուվալու երկրի բնակիչներին
Ավստրալիայի կառավարությունն ապաստան կտա խաղաղօվկիանոսյան Տուվալու կղզի պետության բնակիչներին, որի տարածքը կարող է ամբողջությամբ ջրի տակ սուզվել գլոբալ տաքացման պատճառով։ Այդ մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը։
Նա նաև նշել է, որ Ավստրալիայի կառավարությունը կօժանդակի մի շարք ենթակառուցվածքային նախագծերի, որոնք հնարավորություն կտան Տուվալուին հարմարվել գլոբալ տաքացման հետևանքներին:
«Ավստրալիան կօժանդակի կլիմայի փոփոխության ադապտացման երկու կարևոր նախագծերին` հատկացնելով 16,9 միլիոն ավստրալական դոլար (10,7 միլիոն ԱՄՆ դոլար)՝ հիմնական կղզու տարածքը 6 տոկոսով ընդլայնելու նախագծի իրականացման համար», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Տուվալուն կղզի պետություն է՝ 30 քառակուսի կիլոմետր տարածքով՝ մոտ 12 հազար բնակչությամբ, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմտյան մասում։ ՄԱԿ-ի փորձագետների գնահատումների համաձայն՝ գլոբալ տաքացման և համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման պատճառով Տուվալուին պատկանող կղզիները 2050-ից մինչև 2070 թվականներն ընկած ժամանակամիջոցում ամբողջովին կանցնեն ջրի տակ, սակայն դրանք կյանքի համար ոչ պիտանի կդառնան շատ ավելի վաղ: