Ադրբեջանի հետ հնարավոր պայմանագիրը շատ ավելի անբարենպաստ է լինելու, քան նոյեմբերի 9-ի փաստաթղթի համատեքստը. Սուրեն Սուրենյանց
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից երեք տարի անց մարդկային ու տարածքային նոր կորուստների շղթան չփակվեց։ Թեև երեք տարի առաջ այս օրը Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, կանգ առնել զբաղեցրած դիրքերում, այդուհանդերձ, Ադրբեջանը դրանից հետո Հայաստանից շուրջ 130 քառակուսի կիլոմետր տարածք օկուպացրեց, ապա նաև՝ փաստացի նոր պատերազմով և ցեղասպանական գործողություններով հայաթափեց Արցախի Հանրապետությունը:
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից 3 տարի անց 168.am-ի հետ զրույցում ցավով արձանագրեց՝ այն շատ մեծ հարված էր հայկական կողմի համար՝ մի քանի ասպեկտով:
«Նախ՝ մենք ունեցանք տարածքային կորուստներ Արցախում, և Արցախի սուբյեկտայնությունը ոչնչացվեց, որովհետև ի տարբերություն 1994 թվականի զինադադարի, որին մասնակից էր նաև պաշտոնական Ստեփանակերտը, 2020 թվականին արդեն Ղարաբաղը մասնակից չէր: Լեռնային Ղարաբաղը, փաստորեն, փաստաթղթավորված հակամարտության սուբյեկտից վերածվեց հակամարտության օբյեկտի:
Երկրորդը՝ այդ հայտարարությամբ էական հարված հասցվեց նաև ՀՀ ինքնիշխանությանը. Սյունիքը դարձավ հայ-ադրբեջանական հակամարտության մաս, ինչքան էլ Փաշինյանը հերքի, հենց նրա թեթև ձեռքով (եռակողմ հայտարարության հայտնի 9-րդ կետը, որը վերաբերում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի տրանսպորտային հաղորդակցությանը, ոչ այլ ինչ է, քան Սյունիքը հակամարտության մաս դարձնել),- մանրամասնեց քաղաքագետը՝ այդուհանդերձ պնդելով, որ եռակողմ հայտարարությունն՝ իր բոլոր ավերներով հանդերձ, չէր կանխորոշում ԼՂ ճակատագիրը,- Ճիշտ է, այդ փաստաթուղթը շատ անբարենապաստ էր մեզ համար, բայց այն շանսեր էր ստեղծում ԼՂ հայկական ինքնության պահպանման համար, որովհետև այդ փաստաթղթում նշվում էր ԼՂ մասին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի մասին,Ղարաբաղը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքի մասին: Այսինքն՝ կային մի քանի պարամետրեր, որով ԼՂ ինքնությունը պահպանվում էր և ամենակարևորը՝ այն չէր կանխորոոշում ԼՂ կարգավիճակը՝ հնարավորություն թողնելով, որ հետագայում անդրադարձ լինի դրան»:
Սուրեն Սուրենյանցը, սակայն, ցավով արձանագրեց, որ այս հնարավորությունը փակվեց «բրյուսելյան ծուղակում», քանի որ 2022 թվականի ապրիլից սկսած, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանն իրեն բնորոշ հապճեպությամբ ուկրաինական պատերազմում կանխորոշեց ՌԴ ֆիասկոն և թեքվեց բրյուսելյան հարթակ:
«2022 թվականի ապրիլին նա հռչակեց Ղարաբաղի կարգավիճակի իջեցման նշաձող, որի էպոպեան դարձավ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի տխրահռչակ քառակողմ հայտարարությունը, որով ՀՀ-ն պաշտոնապես հայտարարեց, թե այլևս ԼՂ կարգավիճակի հարցում վեճ չունի Ադրբեջանի հետ, և այն ճանաչեց ունիտար Ադրբեջանի մաս:
Հիմա մենք կանգնած ենք շատ ավելի տխուր իրականության առաջ. հնարավոր պայմանագիրը, որ կարող է կնքվել Ադրբեջանի հետ, շատ ավելի անբարենպաստ է լինելու, քան այն համատեքստը, որ ենթադրվում էր նոյեմբերի 9 փաստաթղթով»,- ամփոփեց քաղաքագետը: