Փարիզում մեկնարկել է Գազային հումանիտար օգնության թեմայով համաժողովը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում համաժողով է անցկացնում Գազային հումանիտար օգնության թեմայով։ Համաժողովին մասնակցում են ավելի քան 50 երկրների, ինչպես նաև ՄԱԿ-ի գործակալությունների և հասարակական կազմակերպությունների տարբեր պաշտոնյաներ։
Իր ելույթում Մակրոնը նշել է, որ հարկավոր է Գազայի հատվածում մարտերի հումանիտար դադար տալ, և որ երկրները պետք է աշխատեն Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ընթացող պատերազմում հրադադարի հասնելու շուրջ։
Մակրոնի խոսքով՝ Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմում Գազայի խաղաղ բնակիչներն են «գին վճարում»։
«Ահաբեկչության դեմ պայքարը երբեք չպետք է տարվի՝ առանց կանոնների։ Իսրայելը դա գիտի։ Ահաբեկչության թակարդը բոլորիս համար նույնն է՝ տրվել բռնությանը և հրաժարվել մեր արժեքներից», – ասել է Ֆրանսիայի նախագահը։
ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության ղեկավար Ֆիլիպ Լազարինին հայտարարել է, որ Գազայում շարունակական հումանիտար օգնության, այդ թվում՝ վառելիքի կարիք կա։ Նրա պնդմամբ՝ «Ռաֆահ» անցակետով Եգիպտոսից մտնող օգնությունը բավարար չէ, և պետք է բացվեն Գազա տանող բոլոր անցակետերը։
Իսրայելի իշխանությունները Փարիզում ընթացող համաժողովին չեն մասնակցում, սակայն, ըստ հրապարակման, Ֆրանսիայի նախագահը համաժողովի ավարտից հետո պետք է հեռախոսազրույց ունենա Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր The New York Times-ը, Կատարի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում, որպեսզի ՀԱՄԱՍ-ն ազատ արձակի մինչև 15 պատանդների՝ հումանիտար հրադադարի դիմաց, որը թույլ կտա Գազայի հատված մարդասիրական օգնություն մատակարարել։
Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակման հետևանքով Իսրայելում 1400 մարդ սպանվել է, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 10 500-ը․ նրանց 40 %-ը երեխաներ են։