Այդ «թավշյա հեղափոխության» արդյունքը հենց Արցախի կորուստն էր. արցախցի
Արցախի «Շուշի» կազմակերպության ղեկավար, պատմաբան Աշոտ Հարությունյանը լրագրողներին հայտնեց, որ իրենք դեռևս 2021 թվականին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին առաջարկել էին Արցախի անվտանգության ապահովման նախագիծ, որը նա վիժեցրել է:
«Մենք երկու տեսակի բնակավայր էինք նախատեսում. Մեկը՝ Արցախում ապաստանած փախստականների, մյուսը՝ Հայաստանում ապաստանած փախստականների համար: Այս ծրագրերը վիժեցվեցին, քանի որ մարդիկ հասկացան, որ մենք ուզում էինք ձևավորել դիմադրության օջախ: Դա պետք է կոչված լիներ կռվելու Ադրբեջանի դեմ: Դա վիժեցնելու համար բոլորը պետք է պատասխան տան ռազմական դատարանի առջև»,- ասաց Հարությունյանը:
Նրա փոխանցմամբ՝ երկարատև քննարկումներից հետո արցախցիները պատրաստվում են Փաշինյանին ներկայացնել նախագիծ, որով պահանջելու են Արցախից ՀՀ տեղափոխվածներին ապահովել ժամանակավոր բնակավայրով, որը կվերածվի ադրբեջանական զավթիչների դեմ դիմադրողական օջախների:
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Արցախն ադրբեջանական համարող ու «խաղաղության» օրակարգն առաջ տանող Փաշինյանը կքննարկի իրենց հետ այդպիսի հարցեր՝ արցախցի մեր հայրենակից Աշոտ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ Փաշինյանը խաղաղության մասին խոսելիս պետք է գիտակցի ռազմավարական անվտանգության կարևորությունը:
«Այս պարագայում խոսել ինչ-որ վիրտուալ «խաղաղության» մասին, երբ քո սահմաններին կուտակված են թշնամու զորքերը՝ նշանակում է, որ մարդը չի տիրապետում իրավիճակին: Իսկ այդ պարագայում ինքն ասել է, թե ինչպես է դա լինում, չէ՞: Պայուսակը վերցնում ու հեռանում է: Պարզապես մենք ուզում ենք իմանալ՝ մարդը հասկանո՞ւմ է, որ ինքը ՀՀ վարչապետն է, ոչ թե Ադրբեջանի: Այստեղ իր ինչ-որ ներկայացուցչի անունը տվեցիք (Նկատի ունի հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանին.- Ն.Ս.), որն ասել է, թե Արցախի որևէ ինստիտուտ պահելու դեպքում ՀՀ անվտանգությունը վտանգի տակ կդրվի: Այդ խոսքն ասողը, ըստ երևույթին, ադրբեջանական գործակալ է, որովհետև նման զրույց կարող է անել միայն ադրբեջանցի ինչ-որ գործակալ, որ հայ հանրությանը վախեցնում է պատերազմով»,- համոզմունք հայտնեց շուշեցի պատմաբանը՝ փաստելով, որ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ արցախցիների ծավալած պայքարի ընթացքում նույնպես ՀՀ-ից որևէ աջակցություն չի ստացվել:
Ինչ վերաբերում է ՀՀ ներկա իշխանությունների կողմից Արցախի հարցը չբարձրացնելու փաստին՝ Հարությունյանը հիշեցրեց, որ Փաշինյանի վարչակարգը միշտ քննադատում էր «նախկիններին»՝ միևնույն ժամանակ ի վիճակի չլինելով որևէ քայլ կատարել առկա իրավիճակը կարգավորելու ուղղությամբ:
«Միշտ ասում էին՝ «նախկինները… նախկինները»: Բայց այդ «նախկինները» ո՞նց էին բարձրացնում այդ հարցը: Պետք է արձանագրենք, որ այդ «թավշյա հեղափոխության» արդյունքը հենց Արցախի կորուստն է: Եթե մարդն անկարող է, եթե նա ՀՀ անվտանգություն ասելով՝ հասկանում է զուտ իր անվտանգությունը, դրա համար հազարավոր զինյալներ է իր շուրջը հավաքում, ապա նրանք կարող են նաև ՀՀ սահմանները պաշտպանել: Հայոց բանակն ի զորու է հակահարված տալ Ադրբեջանին: Այս առումով էլ հարցեր ունենք վարչապետին, թե ինչու տարբեր երկրներից բերվում են զենքեր, որոնց տիրապետելու համար մեր բանակից զգալի ժամանակ է պահանջվում»,- ասաց Հարությունյանը:
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին՝ «արցախցի փախստականներին արագ ընդունելու ու ինտեգրելու» վերաբերյալ, Հարությունյանն ասաց, որ «ինտեգրում» բառն իրենց համար վիրավորական, ծանր խոսք է:
«Մենք այլմոլորակայիններ չենք, որ ինտեգրվենք: 30 տարի է՝ նույն սահմաններում ապրում ենք, նույն կառավարման համակարգում ապրում ենք, խոսում ենք նույն լեզվով, նույն դրամից ենք օգտվում: Այս պայմաններում մենք ընդամենը կարող ենք խոսել ազգային համախմբման ծրագրի մասին ու հասկանալ, թե արդյո՞ք ՀՀ վարչապետն ունի այդպիսի ծրագիր, թե՞ չէ»,- ասաց Արցախի «Շուշի» կազմակերպության ղեկավար, պատմաբան Աշոտ Հարությունյանը:
Նազելի Ստեփանյան