«Հազար ամոթ մեզ, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է ադրբեջանական գերության մեջ». Արգամ Հովսեփյան

Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է  մնալ ադրբեջանական գերության մեջ։ Արցախի նախկին երեք նախագահները, ՊԲ նախկին հրամանատարը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալը, նախկին պետնախարարն ու արտգործնախարարը, ԱԺ ներկայիս նախագահը։ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները տարբեր միջազգային հարթակներում իրենց ելույթների ժամանակ որևէ խոսք չեն ասում այս մարդկանց, ինչպես նաև այն հարյուրավոր քաղաքացիների մասին, որոնք 44-օրյա պատերազմից հետո գտնվում են ադրբեջանական բանտերում։

168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար, Արավուսի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանը Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ադրբեջանական բանտում գտնվելը գնահատեց՝ որպես հայի ամոթ։

«Ամոթ մեզ, հազար ամոթ, որ մեր նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունն այսօր գտնվում է ադրբեջանական գերության մեջ։ Իշխանությունն այսօր գիշեր-ցերեկ պետք է աշխատեր, որպեսզի այդ մարդկանց վերադարձներ հայրենիք, եթե այդքան հայրենասեր իշխանություն ունենք, թող նրանց բերեր Հայաստան, եթե մեղավոր են, Հայաստանում դատեին։ Այս իշխանությունն իրեն հարց տվե՞լ է, թե ինչու մեր թշնամին մեր հայենակիցներին պետք է տանի ու դատի։

Օրինակ, Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Բաբայանն ի՞նչ են արել, Վարդանյանը որոշեց Արցախում ապրել, գնաց ապրեց, Դավիթ Բաբայանը դիվանագետ մարդ է, իր աշխատանքն է արել։ Կամ Բակո Սահակյանը, Լևոն Մնացականյանը, այսինքն՝ իրենց հայրենիքն են պաշտպանել»,- նշեց Արգամ Հովսեփյանը։

Կարդացեք նաև

Արավուսի նախկին գյուղապետն իշխանությունների կողմից որևէ քայլ չի տեսել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Հետևաբար՝ կարծում է, որ նրանց հայրենիք վերադարձնելու բոլոր աշխատանքները մնացել են ազգի ուսերին՝ պետք է ոտքի կանգնեն ու մշտապես խնդրի մասին բարձրաձայնեն։

«Անկեղծ՝ Եվրոպայից, Ամերիկայից, Ռուսաստանից որևէ բան չեմ սպասում, ինչպես ասում են՝ եղունգ ունես, գլուխդ քորի։ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ նախկինները թալանել են, բա որ թալանել են, տղա ջան, ինչո՞ւ որևէ մեկը բանտում չէ։ Կամ արդեն 6-րդ տարին է՝ Հայաստանի ղեկավարն ինքն է, ինչո՞ւ չհզորացրեց երկիրը։

Ինքս կռվող տղա եմ, իմ գործը մարտի դաշտում է, թող զենք տան, զենքով ապահովեն, մենք մեր գործն անենք։ Ադրբեջանցին այդ ո՞վ էր, որ մեզ այսպես այս օրը գցեց։ Հասկանալի է, մի շարք պետություններ պատերազմեցին մեր դեմ, բա Նիկոլն ինչի՞ համար էր, թող գնար սրա ու նրա դուռը, բանակցեր, դիվանագիտություն աշխատեցներ, որ այդ պատերազմը չլիներ, թող գնար բոլորի հետ լեզու գտներ։

Ես չգիտեմ՝ այս ամենի վերջն ինչ է լինելու, բայց այս ամենը մեր ամոթն է»,- եզրափակեց Արգամ Հովսեփյանը։

Տեսանյութեր

Լրահոս