«Իրանում կրակոցների ձայները մեզ մոտ լսվում են, բնական է՝ անհանգստություններ կլինեն». Արգամ Հովսեփյան

Մարտի 4-ին «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ հայտարարեց՝ ՀՀ-ում տեղի են ունեցել նոր ներխուժումներ, ինչը Հայաստանի իշխանությունը թաքցրել է հանրությունից։

Արման Թաթոյանը լուսանկարներով ներկայացրեց այդ ներխուժումների վայրերը՝ Վայոց ձորում՝ Ջերմուկում և Գեղարքունիքի մարզում։ Թշնամու դիրքերի փոփոխություններն, ինչպես նշեց Արման Թաթոյանը, տեղի է ունեցել 2025 թվականի օգոստոսին։

Նա նաև հստակ ասել էր, որ Ջերմուկում ադրբեջանցիները բարելավել են այն դիրքերը, որտեղից կարող են ականանետեր, նռնականետեր օգտագործել։

«Այստեղ նրանք կառուցել են ականանետային դասակների համար նախատեսված դիրքեր, սրանք հասարակ ինժեներային ու հատուկ դիրքերի ամրացման աշխատանքներ չեն, սրանք արվել են հատուկ նպատակներով՝ Ջերմուկի հարևանությամբ, ՀՀ ինքնիշխան տարածքի մեջ»,- նշել էր Արման Թաթոյանը։

Կարդացեք նաև

168.am-ը Արավուսի նախկին ղեկավար, Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանից հետաքրքրվեց՝ Տեղ համայնքում 2023 թվականից հետո թշնամու կողմից որևէ դիրքային փոփոխություն, առաջխաղացում եղե՞լ է։

«Սյունիքում՝ Տեղ համայնքում դիրքերն ինչպես կային, այդպես էլ շարունակում են մնալ, որևէ փոփոխություն չկա»,- նշեց Արգամ Հովսեփյանը։

Ինչ վերաբերում է Իրանում տեղի ունեցող պատերազմական գործողություններին և մարդկանց հնարավոր հոսքին, Արգամ Հովսեփյանն ասաց՝ մարդկանց մեծ հոսք Իրանից այս պահին չկա։

«Իրանում այդ կրակոցների ձայները մեզ մոտ լսվում են, բնական է, որ անհանգստություններ կլինեն։ Բայց այնպես չէ, որ մարդիկ խուճապի մեջ են, իրենց առօրյա կյանքով ապրում են։

Իրանից մարդկանց մեծ հոսք չկա, Գորիսի տարածաշրջան դեռևս հարևան Իրանից մարդ չի եկել»,- հավելեց Արգամ Հովսեփյանը։

Հիշեցնենք՝ ադրբեջանական կողմը Տեղ համայնքի հատվածում առաջ էր եկել 2023 թվականին մարտի 30-ին և դիրքավորվել, իսկ ապրիլի 11-ին կրակ էր բացել հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունեցել է 4 զոհ և 6 վիրավոր։ Այս պահին էլ ադրբեջանական Զու ներկայացուցիչները շարունակում են մնալ իրենց կողմից օկուպացված հատվածներում՝ թիրախում պահելով նաև խաղաղ հայ բնակչությանը։

Նշենք, որ ԱԺ-ում նախորդ շաբաթ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փորձում էր հերքել Արման Թաթոյանի ներկայացրած արբանյակային լուսանկարների իսկությունը։

Տեսանյութեր

Լրահոս