Թվանկարչություն. Իրենք հարստանում են, իսկ հասարակ քաղաքացին էլի մնում է նույն խեղճն ու անապահովը

Այս օրերին Ազգային ժողովի հանձնաժողովներում քննարկվում է հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը։ Նախորդ տարիների բյուջեների նման, անշուշտ, այս մեկն էլ հորով-մորով կանեն։ Իշխող քաղաքական խմբակցությունը, շըփ-թըփ անելով, կդակի ու կանցկացնի բյուջեն, բայց խնդիրները դրանից չեն պակասի, մի բան էլ կավելանան։

Այս բյուջեով հաջորդ տարի նվազագույն աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում։

Չի նախատեսվում նաև կենսաթոշակների ու նպաստների բարձրացում։

Դրանք կմնան նույնը, իսկ գները կշարունակեն աճել։

Կավելանան նաև քաղաքացիների հարկադիր ծախսեր՝ հարկային բեռի ծանրացման պատճառով։

Այսինքն՝ մարդիկ ստիպված կլինեն ավելի վատ ապրել, եթե չունեն ավելի շատ ծախսելու հնարավորություն։

Բյուջեի քննարկումների ժամանակ սրա մասին իշխանությունները, բնականաբար, աշխատում են չխոսել, փոխարենը՝ բյուջեի բարձր եկամուտներով ու ճոխ ծախսերով են զարմացնում։ Ո՞ւմ են պետք այդ եկամուտներն ու ծախսերը, եթե դրանից երկիրն ավելի անվտանգ չի դառնում, իսկ մարդիկ ավելի լավ չեն ապրելու։

Նիկոլ Փաշինյանը հինգ տարի առաջվա հետ է բյուջեն համեմատում, բոլոր ոլորտներում ծախսերի անգամներով աճերից է խոսում։ Հարցնող լինի, եթե ծախսերն անգամներով ավելացել են, ինչո՞ւ է մեր երկիրն այսքան անպաշտպան, ինչո՞ւ է խորացել աղքատությունը, ինչո՞ւ է կենսաթոշակառուն և, ոչ միայն կենսաթոշակառուն, ավելի վատ ապրում, քան ապրում էր հինգ տարի առաջ։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները շատերին կարող են հետաքրքրել, բայց ոչ իշխանություններին։ Իշխանությունները զբաղված են մանր խորմանկություններով ու թվանկարչությամբ բյուջեի ցուցանիշներն ուռճացնելով։

Դա անելու են, նախ՝ արցախահայության հաշվին։ Այն գումարները, որոնք միջազգային կազմակերպությունները հատկացրել ու հատկացնում են իրենց հայրենի հողից բռնի տեղահանված ու ամեն ինչից զրկված արցախահայությանը մարդասիրական օգնություն տրամադրելու համար, մտադիր են ներառել բյուջեում։

Անունը դրել են թափանցիկության ապահովում, բայց այլ խնդիր են լուծում։

Նախ՝ դրանց հաշվին կուռճացնեն բյուջեի եկամուտները։ Իսկ հետո, որն ավելի կարևոր է իշխանությունների համար, այդ գումարներով իրականացվող  ծախսերը կներկայացնեն որպես պետական բյուջեից կատարվող ծախս, ու տպավորություն կստեղծեն, թե՝ տեսեք, ինչքան հոգատար է կառավարությունն Արցախի մեր հայրենակիցների, կամ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է սիրում ասել՝ «քույրերի ու եղբայրների» նկատմամբ։

Թե մինչև հիմա դրսից որքա՞ն գումար է հատկացվել արցախահայության մարդասիրական օգնության տրամադրման շրջանակներում, կառավարությունը չի բարձրաձայնել։ Բայց հայտնի է, որ խոսքը տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է, որոնք այսօր էլ շարունակվում են հատկացվել՝ տարբեր կառույցների ու երկրների կողմից։

Այդ գումարները կմուտքագրեն բյուջե ու ինչ-որ ծրագրերի անվան տակ՝ կառավարության անունից, ամբողջությամբ կամ մասամբ, կտրամադրեն արցախահայերին, հետո էլ կասեն, թե իրենք են արել, պետական բյուջեի հաշվին։

Արցախցիներին օժանդակելու համար կառավարության հաստատած ծրագրերի գինը մինչև հիմա կազմել է 54 մլրդ դրամ։ Դրանից հատկացվել է 15-20 միլիարդը։

Թվում է, թե 54 միլիարդն արդեն լուրջ օժանդակություն է արցախահայությանը և ծանր բեռ՝ պետական բյուջեի վրա։ Այնինչ՝ իրականում դա անգամներով պակաս է նույնիսկ այն գումարից, որը նախկինում հատկացվում էր Արցախին օժանդակության համար։ Դրսից օգնությունների մասին չենք խոսում։

Հաջորդ տարվա պետական բյուջեն նախորդներից առանձնանում է նրանով, որ դրանում այլևս Արցախին օժանդակելու համար գումարներ նախատեսված չեն։ Արցախը հայաթափելուց ու Ադրբեջանին հանձնելուց հետո, իշխանություններն իրենց ազատեցին այդ «բեռից» ու հիմա կարող են ուզած ձևով տնօրինել Արցախին տրամադրվող օժանդակության գումարները։

Արցախի բյուջեին գումար չեն տա, բայց չեն էլ պատրաստվում գոնե նախկինում արվող հատկացումները ծախսել Արցախի մեր հայրենակիցների վրա։ Իրենց հետևողական գործողություններով մարդկանց հայրենազրկեցին, հասան նրան, որ ստիպված լինեն դատարկաձեռն լքել իրենց տները, ու դեռ դա էլ շատ են համարում։ Հաջորդ տարվա բյուջեում չնչին գումար են դրել արցախցիներին օգնելու համար։ Այդ գումարները հետո գուցե և ավելանան, բայց դատելով կառավարության տրամադրվածությունից, շատ քիչ են լինելու՝ լուծելու այն համատարած խնդիրները, որոնց առաջ կանգնել են Արցախից հարկադրված հեռացած մեր հայրենակիցները։

Այս իշխանությունները, որոնք սովոր են ամեն ինչի մեջ առաջին հերթին սեփական շահը փնտրել, պատրաստվում են բյուջեի ցուցանիշները ճոխացնել ոչ միայն Արցախի մեր հայրենակիցների, այլև Հայաստանի քաղաքացիների հաշվին։ Ու դրա համար կօգտագործեն հիփոթեքային վարկերի գծով տրվող եկամտային հարկի գումարները։ Նախատեսում են եկամտային հարկի գծով վերադարձվող գումարները ներառել բյուջեի եկամուտներում ու դրանց հաշվին նաև ծախս ցույց տալ։

Հաշվապահական այս մի գործողության արդյունքում բյուջեի ցուցանիշներն արհեստականորեն կմեծանան, մարդիկ կտեսնեն, թե ինչքան լրացուցիչ հարկեր են հավաքել ու ծախսեր կատարել, բայց իրականում արդյունքը կլինի զրոյական։ Ընդամենը մուտքերն ու ելքերը կփոխեն և միանգամից 50-60 միլիարդով բյուջեի եկամուտներն ու ծախսերը կավելացնեն։

Կունենանք հերթական վիճակագրական կամ հաշվարկային աճերը, առանց որևէ լրացուցիչ արդյունքի։

Նախկինի նման հիփոթեքի գծով եկամտային հարկի վերադարձի ծրագրում գտնվողները հետ կստանան իրենց եկամտային հարկի գումարները, բայց արդեն բյուջեի եկամուտներում ու ծախսերում ներառվելուց հետո։ Նրանց համար բան չի փոխվի, իսկ կառավարությունը հնարավորություն կստանա, չեղած տեղից, բյուջեի ցուցանիշների մի քանի տասնյակ միլիարդ դրամի հասնող ավելացումների մասին խոսել։

Սա է այս իշխանության կյանքի իմաստը։ Թվանկարչությամբ ու զեղծարարությամբ են զբաղված, ձևականությունների հետևից են ընկած, գումարները մի տեղից հանում, մեկ այլ տեղ են դնում ու կարծում են, թե դրանով մեծ բան է փոխվելու։ Այդ պատճառով է, որ վիճակագրական աճերով համաշխարհային ռեկորդներ են գրանցում, բայց մարդիկ արդյունքը չեն տեսնում։ Իրենք հարստանում են, իրենց շրջապատը հարստանում է, իսկ հասարակ քաղաքացին էլի մնում է նույն խեղճն ու անապահովը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս