Ո՞ր քաղաքների վրա հարձակվելու համար է թուրք-ադրբեջանական տանդեմը զորավարժության ժամանակ դիտարկում քաղաքային մարտերի սցենարը. Դավիթ Ջամալյան
Արդեն տևական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ իշխանությունները պատրաստվում են չեղյալ հայտարարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսվող պայմանը: Այն է՝ ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: ՀՀ-ն երաշխավորում է ԱՀ արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը պետք է իրականացնեին Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:
Օրերս Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հաստատեց շրջանառվող տեղեկությունը՝ հայտարարելով, որ «ճանապարհների ապաշրջափակման» համատեքստում «գործընթացի մեջ են ԱԱԾ կազմում հատուկ ստորաբաժանման ստեղծման աշխատանքները, որի նպատակը կոմունիկացիաների անվտանգության ապահովումն է լինելու»:
Այսօր էլ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «այդ ստորաբաժանումն արդեն իսկ ստեղծված է, իհարկե, մենք նախկինում այդ ուղղությամբ որոշակի նախապատրաստական աշխատանքներ իրականացրել էինք, որովհետև մեր պլաններում դա կար»:
Ի դեպ, օրեր առաջ էլ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հավաստիացրել էր, որ Փաշինյանի հայտարարած «խաղաղության խաչմերուկ»-ը խաղաղություն է բերելու Հայաստանին, զարգացնելու է մեր երկրի տնտեսությունը:
Մինչդեռ, այդ նույն ժամանակահատվածում թշնամական Ադրբեջանն ու Թուրքիան ՀՀ հետ սահմանին դիրքեր են կառուցում՝ այդ «խաղաղության խաչմերուկ»-ում պատերազմ սկսելու համար:
Հիշեցնենք, որ «Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտ»-ը «կարմիր»` ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել Ադրբեջանի համար, քանի որ առաջիկա օրերին և շաբաթներին այդ երկրի կողմից Հայաստան ներխուժման անհանգստացնող հավանականություն է տեսնում:
Միևնույն ժամանակ, Ադրբեջանում այդ երկրի իշխանական թևի ներկայացուցիչները հայտարարում են, որ չեն պատրաստվում Հայաստանի հետ քննարկել հարաբերությունների կարգավորման հարցը, քանի դեռ, իրենց իսկ բնորոշմամբ, «Արևմտյան Ադրբեջան» չեն «վերադարձել» ադրբեջանցի 600.000 «փախստականները»:
Ռազմագետ Դավիթ Ջամալյանը 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ այժմ բոլոր գործողությունները զարգանում են «նիկոլական մանիպուլյացիաների տրամաբանությամբ»: Նրա գնահատմամբ՝ ՀՀ ներկա իշխանությունները ո՛չ միայն դրական քայլ չեն անում ՀՀ տրանսպորտային ապաշրջափակման գործընթացում, այլև ռուսներին տարածաշրջանից հեռացնելով՝ շատ ավելի մատչելի թիրախ են դարձնում Սյունիքը թշնամական երկրների համար:
Ջամալյանը վստահեցրեց, որ եթե չլիներ Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում, մասնավորապես՝ Սյունիքում, ապա Սյունիքը վաղուց կորցրած կլինեինք: Այս համատեքստում ռազմագետը հիշեցրեց, որ 2020 թվականից առ այսօր ռուսական կողմն առնվազն երկու անգամ կանխել է Սյունիքի անկումը: Իսկ անցյալ տարվա սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ ռուսական 102-րդ բազան մարտական խնդիր էր կատարել, ինչի շնորհիվ նաև Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական հարձակումը կասեցվել էր:
Դիտարկմանը, որ հենց ինքը՝ Փաշինյանն էլ ավելի վաղ ընդունել էր փաստը, որ Սյունիքը հնարավոր էր եղել պահել հենց ռուսների ներկայության ու կատարած քայլերի շնորհիվ՝ Ջամալյանն ասաց, որ Փաշինյանը, լինելով Արևմտյան կենտրոններից կառավարվող «դրածո», հնչեցնում է բազմաթիվ հայտարարություններ՝ առաջ տանելով իր առջև դրված հիմնական ռազմավարական գիծը, այն է՝ Ռուսաստանին հանել տարածաշրջանից:
«Նա այդ նպատակով էլ բերվել է իշխանության, այդ նպատակով էլ նրա արևմտյան տերերն առ այսօր պաշտպանում են նրան՝ ՀՀ իշխանություններին հայտարարելով «ժողովրդավարության բաստիոն»: Այնպես որ, խնդրին անտեղյակ մարդուն կարող է թվալ, թե պետականակենտրոն քայլ է արվում, այլ երկրի ԶՈւ վերահսկողությունից դուրս է բերվում մեր տարածքով անցնող կարևոր ճանապարհը և դրվում մեր վերահսկողության ներքո: Բայց Սյունիքը թիրախ է թուրք-ադրբեջանական տանդեմի համար, և՛ ադրբեջանական, և՛ թուրքական կողմը չեն հրաժարվել օկուպացնելու մտքից:
Ավելին, վերջին զորավարժություններով իրենք խաղարկել են օկուպացիայի սցենարը: Այնպես որ, այս խունտայի գործողությունների արդյունքում Սյունիքը ո՛չ միայն ավելի մատչելի թիրախ է դառնում թշնամու համար, այլև հող է նախապատրաստվում, որ այդ կոմունիկացիաների հանդեպ վերահսկողությունն իրականացնեն կա՛մ թուրք-ադրբեջանական ուժերը, կա՛մ ՆԱՏՕ-ի կուրացիայի տակ գտնվող, ինչ-որ այլ երկրի «խաղաղապահներ» անվանում ստացած ուժերը»,- ասաց ռազմագետը:
Վտանգները, սակայն, այսքանով չեն սահմանափակվում, կարծում է Դավիթ Ջամալյանը: Իրադարձությունների այսպիսի սցենարի զարգացման դեպքում, հետագայում, երբ թշնամին մեր երկրի տարածքի ուղղությամբ ագրեսիվ արշավները սկսի, ՀՀ իշխանությունները կանգնելու են հարցի առաջ, թե թշնամուն որտեղ հնարավոր կլինի կանգնեցնել: Ինչ վերաբերում է Հնդկաստանից ու Ֆրանսիայից սպառազինության ձեռք բերելու մասին պայմանավորվածություններին՝ ռազմագետը համոզմունք հայտնեց, որ դրանք ընդամենը հայտարարություններ են, որոնք որևէ ազդեցություն չեն կարող ունենալ ստեղծված իրավիճակում:
«Ռուսաստանից առաջարկվող ռեալ օգնությունը սրանք մերժում են: Ռուսական կողմին փորձում են հեռացնել Սյունիքից: Արդյունքը լինելու է հարվածը Սյունիքին: Իսկ այս պարագայում, որպես միակ պատվար՝ հանդես են գալու մեր ԶՈւ-ն և, գուցե, կամավորական ջոկատները, որոնք, ինչպես Արցախի պարագայում էր, հերոսաբար դիմադրելով հանդերձ, ունակ չեն լինելու համարժեք հակահարված տալ բազմապատիկ գերազանցող թշնամական ուժերին: Այս պարագայում, Սյունիքի հայապատկանության գրավականը հայ-ռուսական համատեղ ուժերն են գումարած՝ Իրանի Իսլամական Հանրապետության հնարավոր աջակցությունը»,- վստահեցրեց ռազմագետը:
Ըստ Դավիթ Ջամալյանի՝ միամիտ պետք է լինել՝ հավատալու համար, թե թշնամական հարձակման պարագայում ԵՄ դիտորդներն ու Արևմուտքը ՀՀ-ին օգնության են հասնելու: Նա համոզված է, որ Արևմուտքի հայտարարությունները ո՛չ միայն ի զորու չեն կանգնեցնելու Հայաստանի նկատմամբ ագրեսիան, այլև ընդամենը հակահայկական խարդավանքի մաս են կազմում: Որպես ապացույց՝ ռազմագետը հիշեցրեց, որ ՄԱԿ-ի առաքելությունն Արցախ մտավ՝ ադրբեջանական կողմից բռնի հայաթափումն իրականացնելուց հետո միայն:
«Նրանք այսպիսով նպատակ ունեն Հայաստանում տարածելու հակառուսական տրամադրություններ, որպեսզի մենք մեր ձեռքով քանդենք մեր տունը: Թույլ տանք, որ այս արևմտյան խամաճիկները և՛ բազան (ռուսական 102-րդ.- Ն. Ս.) դուրս բերելու հարց դնեն, և առհասարակ խզեն կապերը ռուսների հետ: Բայց դա կլինի մեր պետականության վերջը: Հիմա, եթե մեր պաշտպանական ինքնաբավությունն ուղղակի անցել է հնարավոր բոլոր «կարմիր գծերն» ու հասել է նվազագույնի, մեզ հուսալի դաշնակիցներ ու բարեկամներ են պետք»,- ասաց Ջամալյանը:
Ռազմագետի գնահատմամբ՝ Ալիևի վրա ճնշում բանեցնելու համար Արևմուտքը տիրապետում է բազմաթիվ լծակների: Դա չի անում, քանի որ իրականում նրանց ձեռնտու է Սյունիքի օկուպացիան: Միևնույն ժամանակ, ըստ Ջամալյանի, արևմտյան հարթակները կարողանում են հայանպաստ հայտարարություններով այնպես անել, որ ՀՀ-ում որևէ մեկը հանկարծ չկասկածի, որ տարվող գործողությունները մանիպուլյացիա են:
«Երբ մենք տեսնում ենք, որ այդ հարթակների կողմից արվող հայտարարություններին զուգահեռ՝ թուրք-ադրբեջանական տանդեմը զորավարժություններ է անցկացնում մեր սահմաններին, երբ տեսնում ենք, որ Արցախի դեմ ագրեսիայի գործընթացում ներգրավված այդ ահռելի խմբավորումը հիմա բերվում է Սյունիքի մատուցների մոտ, երբ իրենք սցենարներ են մշակում, թե ինչպես պայքարել, օրինակ, իսկանդերի դեմ, չեն էլ թաքցնում, քաղաքային մարտերի սցենար են խաղարկում՝ հարց է ծագում. այդ ո՞ր քաղաքում է նախատեսվում այդ մարտերի մղումը:
Օրեր առաջ էլ մի ռեպորտաժ էին տարածել՝ Կապանի մոտից, որ «մի շնչի հեռավորության վրա ենք գտնվում»: Այսինքն, պարզ է, որ թիրախը Սյունիքն ու Վայոց ձորն են, չեմ բացառում՝ նաև Գեղարքունիքը՝ իր Վարդենիս քաղաքով»,- մտավախություն հայտնեց ռազմագետը:
Այս համատեքստում Ջամալյանն անդրադառնալով նաև Լեմկինի անվան ինստիտուտի հայտարարությանը՝ Հայաստանի վրա Ադրբեջանի մոտալուտ հարձակման վերաբերյալ, եզրակացրեց, թե ՀՀ-ում իշխանափոխություն չլինելու և հայ-ռուսական ռեսուրսը չկիրառելու պարագայում հնարավոր հարձակումն անխուսափելի է, որը կհանգեցնի Սյունիքի անկմանը:
Այդ նույն ժամանակ, ըստ ռազմագետի, արևմտյան կենտրոնները կսահմանափակվեն «հայանպաստ» ինչ-որ հայտարարություններով:
«Արևմտյան հարթակը, իհարկե, թույլ չի տա, որ Երևան մտնեն, բայց… սրանք (ՀՀ իշխանությունները.- Ն.Ս.) ինքնիշխանության վերաբերյալ ունեն այլասերված ընկալումներ: Ռուսաստանից կախվածությունները համարում են մեր պետականության համար շատ վտանգավոր, ինչը շատ չափազանցված է: Իսկ փաստը, որ դառնալով մի շատ փոքր քվազիպետություն, Հայաստանը կախվածության մեջ է ընկնելու Թուրքիայից՝ իրենց չի հուզում»,- ասաց ռազմագետը:
Այս տեսակետը հիմմնավորելու համար Ջամալյանը հիշեցրեց Ռուսաստանում բավականին մեծ հեղինակություն վայելող արևելագետ Կարինե Գևորգյանի հայտարարությունը, թե Արցախյան ագրեսիայի օրերին ինչպես է հայկական կողմը մերժել Ռուսաստանի ռազմավարական նշանակության առաջարկը.
«Դեռ այն ժամանակ, ռուսական կողմը, ի դեմս այդ երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, Հայաստանի օրվա իշխանություններին առաջարկել է՝ մեր երկրի տարածքը որպես հիմք օգտագործելով՝ մի այնպիսի սցենար խաղարկել, որը կկայունացնի իրավիճակը: Հայկական կողմը մերժել է: Դե թող հերքեն: Սրանց կողմից ես առայժմ հերքում չեմ տեսել»,- ցավով արձանագրեց ռազմագետ Դավիթ Ջամալյանը:
Նազելի Ստեփանյան