Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության հասնելու մեր օրակարգին, որի կարևոր մասն է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը. Ալեն Սիմոնյան
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահն ընդունել է Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմանի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Էստոնիայի հետ բարեկամական հարաբերությունները՝ հիմնված փոխվստահության, ընդհանուր ժողովրդավարական արժեքների եւ մարդու իրավունքների հարգման վրա:
Նա ընդգծել է, որ ժողովրդավար Հայաստանը մեծապես կարեւորում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Եվրոպական միության ջանքերը:
«Երախտապարտ ենք Էստոնիային՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրած մարդասիրական աջակցության համար»,- շեշտել է ՀՀ ԱԺ նախագահը:
Հանդիպմանը քննարկվել են ժողովրդավարությանը եւ ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն առնչվող հարցեր:
«Հարգելի՛ գործընկերներ, չնայած բոլոր մարտահրավերներին` մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության հասնելու մեր օրակարգին, որի կարեւոր մասն է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ տնտեսական կապերի խթանման գործիք»,- ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը:
Էստոնացի գործընկերները նկատել են, որ որեւէ մեկը չի կարող մյուսին այդքան լավ հասկանալ, որքան փոքր երկրները, Հայաստանի ցավն ու բարձրացրած հարցերն իրենց համար խորթ չեն:
Հանդիպմանը քննարկվել են բարեկամական խմբի այցի արդյունքում նախանշվող ուղիների զարգացումը եւ մի շարք այլ օրակարգային հարցեր: