
Սևանա լճի մակարդակը վերջին մեկ ամսում նվազել է 6 սանտիմետրով

Սևանա լիճը 2023 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 24 սանտիմետր բարձրության վրա։ Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, նախորդ տարվա նոյեմբերի 1-ի համեմատ Սևանա լճի մակարդակը նվազել է 14 սանտիմետրով, իսկ այս տարվա հոկտեմբերի 1-ի համեմատ՝ 6 սանտիմետրով։
2023 թվականի մայիս-սեպտեմբեր ամիսներին ոռոգման նպատակներով Սևանա լճից բաց է թողնվել 228 միլիոն 234 հազար խորանարդ մետր ջուր, իսկ նույն տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 99 միլիոն 935 հազար խորանարդ մետր ջուր։
Սևանա լիճ թափվող գետերն այս պահին սակավաջուր են։
Խոսրով Խլղաթյան