Իմ թալանը քո թալանին վնաս չի, վնաս չի․․․
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու հիմնական զենքը ժողովրդից թալանածը հետ բերելն էր։ Մարդիկ հավատացել էին, որ ժողովրդից թալանածը հետ են բերելու ու բաժանեն իրենց։
Այս տարիների ընթացքում այդ գործոնը Նիկոլ Փաշինյանը միշտ էլ շահարկել է՝ իշխանությունը պահելու համար։
Նախկին «թալանչիների» դեմ պայքարն այսօր էլ շարունակում է լինել նրա իշխանության մնալու հիմնական զենքը։ Սակայն այն գնալով կորցնում է իր ուժը։ Մարդիկ տեսնում են, որ տարիներն անցնում են, իսկ թալան ասվածը, այդպես էլ հետ չի գալիս, առավել ևս՝ ժողովրդին չի բաժանվում։
Ի վերջո, իշխանություններին պաշտպանող մի մեծ հատված կա, որին ավելի շատ հուզում է թալանը հետ բերելը, քան նույնիսկ Հայաստանի, առավել ևս՝ Արցախի ապագան։ Զարմանալի չէ, որ անգամ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո այս մարդկանց աջակցությամբ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվեց։
Բայց ժամանակն անցնում է, իսկ թալանը հետ չի գալիս։ Ու որպեսզի իշխանության գալուց հինգ-հինգուկես տարի հետո հասարակությանը շարունակեն «թալանով» կերակրել, Գլխավոր դատախազությունն օրերս ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ մի աշխարհացունց հայտարարություն տարածեց։ Այդ հայտարարությունը շատերին, այդ թվում՝ նաև լրատվամիջոցներին, մոլորության մեջ գցեց՝ տպավորություն ստեղծելով, որ արդեն մեծ քանակությամբ գույք ու ֆինանսական միջոցներ են բռնագանձվել՝ ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում։
«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ձևավորումից մինչ օրս (2020 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբեր) նախաձեռնել է 419 ուսումնասիրություն, 115 վարույթներով դատարան է ներկայացրել հայցի նախնական ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդություն:
Վարչությունը, իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում, դատարան է ներկայացրել 89 հայցադիմում, որոնցով պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1000 անշարժ և 200 շարժական գույք, 270 իրավաբանական անձանցում մասնակցություն:
Գնահատված գույքերի շուկայական արժեքների հաշվառմամբ, հայցերի ընդհանուր հայցագինը գերազանցում է 500 միլիարդ դրամը (բազմաթիվ գույքերի, այդ թվում՝ իրավաբանական անձանցում մասնակցությունների շուկայական արժեքն այս փուլում դեռևս գնահատված չէ. թիվն ունի աճի միտում)»,- ասվում էր Գլխավոր դատախազության հայտարարության մեջ:
Այս ամենից բացի՝ Գլխավոր դատախազությունը, առաջին հայացքից, ոչ այնքան կարևոր մի տեղեկություն էր հայտնել այն մասին, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը մինչ օրս կնքել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով պետությանը փոխանցվել է 6 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 2 միլիարդ 100 միլիոն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 79 միլիոն դրամ։ Իրականում հենց սա է այն ամբողջը, ինչին ապօրինի գույքի բռնագանձման արդյունքում հասել են իշխանությունները. 2,1 մլրդ դրամի անշարժ գույք, այն էլ՝ գնահատված արժեքով, և շուրջ 79 մլն դրամ։
Մնացածն ամբողջությամբ ջուր է, քանի դեռ չի հիմնավորվել դատարանի վճռով։
Իսկ թե ներկայացվող մեղադրանքներն ինչքանո՞վ են հիմնավորվում դատարաններում, մեկ անգամ չէ, որ տեսել ենք։ Շատ հաճախ դրանք նույնիսկ դատարան չեն հասնում՝ փլվում են կես ճանապարհին։ Բայց, իհարկե, կատարում են իրենց դերը՝ հասարակությանը կեղծիքով կերակրելու ու «թալանչիների» դեմ տրամադրելու գործում։
Թող տպավորություն չստեղծվի, որ դեմ ենք ապօրինի գույքի բռնագանձմանը կամ պետությանը վերադարձնելուն։ Ցանկացած գույք, որի ապօրինի լինելը կհիմնավորվի դատարանում, պետք է վերադարձվի տիրոջը։ Բայց դրա մասին պետք է ոչ թե սկզբից խոսել, այլ վերջում։ Մեծ հարց է, թե ներկայացված հայցերի ո՞ր մասը կհիմնավորվի, ո՞ր մասը՝ ոչ։ Որ բազմաթիվ դեպքերում ու դրվագներով դրանք չեն հիմնավորվի, դեռ առիթ կլինի տեսնելու։
Այնպես որ, հարյուրավոր անշարժ ու շարժական գույքերից, տասնյակ ու հարյուրավոր միլիարդ դրամների հասնող հայցագնից խոսելն այսօր շատ վաղ է։
Ժամանակը ցույց կտա, թե ներկայացված հայցերը որքանո՞վ քննություն կբռնեն։
Այս ամենի մեջ ակնհայտ քաղաքական ուղղվածություն կա։ Իշխանությունները գնում են գերազանցապես իրենց քաղաքական հակառակորդների «ապօրինի» գույքերի հետևից։ Մոռանում են, որ իրենց շարքերում էլ այդպիսի մարդիկ կան, ու եթե լավ փնտրեն, հաստատ ապօրինի գույքեր կգտնեն։
Այս ընթացքում էլ թալանի ու պետական միջոցները վատնելու վերաբերյալ քիչ օրինակներ չեն եղել, թեև այդ մասին աշխատում են չխոսել։
Ամենաթարմ օրինակներից մեկն էլ հայտնի երգչին պետական բյուջեից վճարված մի քանի միլիոն դոլարի պատմությունն է։ Փողը տվեցին, իսկ նախատեսված համերգը նույնիսկ չկայացավ, հայտնի էլ չէ, ընդհանրապես կայանալո՞ւ է, թե՞ ոչ։
Մի՞թե սա պակաս թալան է կամ պետության բյուջեի փողերի վատնում։
Բայց չգիտես ինչու, սրա հետևից ոչ մեկը չի գնում։ Կարծես 6 մլն դոլարը քիչ փող է մեր բյուջեի համար։ Ընկած այստեղից-այնտեղից օգնություն են խնդրում Արցախի մեր հայրենակիցներին օգնելու համար, բայց կարող են առանց աչք թարթելու՝ 6 մլն դոլար վճարել ինչ-որ, թեկուզև աշխարհահռչակ երգչի, այն էլ՝ առանց համերգի։
Պետության միջոցները մեկ այլ կարգի վատնելու ոչ պակաս ակնհայտ օրինակ է Երևանի քաղաքապետի երդման արարողության ժամանակ հարյուր-հազարավոր դոլարների ծախսերի իրականացումը, ինչ է թե՝ որոշ մարդիկ իրենց Արգիշտի թագավորի ժամանակներում են ուզում պատկերացնել։
Երբ երկրում հազար ու մի առաջնային ծախսեր կան անելու, այդ թվում՝ Արցախի հայաթափումից ու մարդկանց դատարկաձեռն Հայաստան տեղափոխվելուց հետո, նման ծախսերը որևէ արդարացում չեն կարող ունենալ։
Ապօրինի գույքերի բռնագանձման կամ նախկինների թալանի մասին են խոսում, իսկ իրենց արածները չեն տեսնում։ Վերջին տարիներին հարյուրավոր միլիոն դոլարների միայն «օրինական թալան» են արել բյուջեից՝ պարգևավճարների անվան տակ։
Պետական բյուջեից միլիարդավոր դրամներ տվեցին պատերազմից հետո Արցախում բնակարանաշինություն իրականացնելու համար, որպեսզի հետագայում Արցախը հայտարարեին Ադրբեջանի մաս ու ամեն ինչ հանձնեին։ Սա էլ պետական միջոցները վատնելու մեկ այլ օրինակ է։
Ի վերջո, ոչ մի նշանակություն չունի, թե պետական միջոցներն ինչպես են թալանվում կամ վատնվում ՝ օրինակա՞ն, թե՞ անօրինական ճանապարհով։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ