Առանց մրցույթի՝ «Մեկ անձից գնում» ընթացակարգով ավելի քան 400 հազար դոլարի գնումներ ԿԳՄՍՆ-ում
Հաշվեքննիչ պալատի 2020 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացության համաձայն՝ պետական բյուջեի կատարող 12 գերատեսչություններում իրականացված հաշվեքննությունների արդյունքում ամենաշատ անհամապատասխանություններ արձանագրվել են ԿԳՄՍ նախարարությունում՝ թվով 44 անհամապատասխանություն:
Անհամապատասխանություններն առնչվում են գնման գործընթացներում օրենքի տեսանկյունից խնդրահարույց փաստերի. օրինակ, նախարարությունը ֆեդերացիաների հետ դրամաշնորհային պայմանագրեր է կնքել առանց սահմանված կարգով պահանջվող մրցույթների, «Մեկ անձից գնում» ընթացակարգով 206,033.5 հազար դրամի չափով գնումներ կատարելիս մասնակիցներին չեն ուղարկվել հրավերներ, պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարությունները տեղեկագրում հրապարակվել են ավելի ուշ, քան կնքվել են պայմանագրերը, «Երևանի պետական զարդարվեստի արհեստագործական» ՊՈԱԿ-ի կողմից էլ 709.0 հազար դրամի գնում է կատարվել, սակայն բացակայում են գնման նպատակով կատարված գործողությունները և դրանց հիմքերի վերաբերյալ էլեկտրոնային փաստաթղթերը, նախարարության ենթակա թանգարաններում գնումները իրականացվում են գերազանցապես «Մեկ անձից գնում» գնման ընթացակարգով և այլն:
Եզրակացության մեկ այլ հատվածից էլ տեղեկանում ենք, որ անհամապատասխանությունները չեն շրջանցել դպրոցները. «Նախարարության Ծրագիր 5-ի թվով 2 դպրոցների ՝ «Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոց» և «Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ների 1119 աշակերտների համար ԿԳՄՍՆ-ի կողմից 2020 թ., տարեկան ֆինանսավորումների վերաբերյալ տրամադրված տեղեկատվություններում արձանագրվել են անհամապատասխանություններ»:
Մասնավորապես, «Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի նախնական (ըստ թվով 24 դպրոցների համար ներկայացված) տրամադրված տեղեկատվության մեջ ներկայացվել է 156,894.3 հազ. դրամ, իսկ հետագայում ամփոփ (ըստ թվով 111 դպրոցականների համար ներկայացված) տրամադրված տեղեկությամբ՝ 188,273.2 հազ. դրամ: Հաշվեքննիչ պալատի հաշվարկներով այն պետք է կազմեր 120,158.3 հազ. դրամ, տարբերությունները՝ համապատասխանաբար՝ 36.736.0 հազ. դրամի և 68,114.9 հազ. դրամի:
«Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի պարագայում այդ հաշվարկների տարբերությունները համապատասխանաբար կազմել են 17,942.8 հազ. դրամ և 35,869.6 հազ. դրամ:
Արձանագրվել են նաև սովորողների փաստացի թվի հետ կապված տարբերություններ՝ավելագրումներ, որոնք կարող են ազդել տարեկան ֆինանսավորումների վրա: