Սահմանները բացելուց հետո Թուրքիայի տնտեսությունը պարզապես «կուլ կտա» ՀՀ տնտեսությունը. տնտեսագետ
Երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին վստահեցնում էր, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները հաստատելուց ու ճանապարհները բացելուց հետո Հայաստանը տնտեսական եռապատիկ ավելի մեծ աճ է ունենալու:
«Հայաստանը չի կարող իրեն դուրս դնել տարածաշրջանի տնտեսական, առևտրային հարաբերություններից, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր ճանապարհները բոլոր՝ Ադրբեջանի, Թուրքիայի հետ բացվեն։ Ես ձեզ խոստանում եմ՝ այդ պարագայում Հայաստանի տնտեսությունը, եթե հիմա 12-14 տոկոս ենք ունենում, ապա այդ ժամանակ կրկնապատիկ, եռապատիկ աճ է ունենալու, և դա մեր համաքաղաքացիները տեսնելու են։ Էլ չեմ ասում, որ վերջապես խաղաղություն ենք ունենալու, ունենալու ենք խաղաղ երկիր»,- հայտարարել էր Սիմոնյանը:
Իսկ ավելի վաղ ՀՀ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը հույս էր հայտնել, որ ՀՀ և Ադրբեջանի միջև քաղաքական տարաձայնությունները կհարթվեն, ու Հայաստանը հնարավորություն կստանա գազ ներմուծելու Ադրբեջանից:
Հիշեցնենք, որ օրերս Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը նոր տերմին մտցրեց շրջանառության մեջ՝ «Խաղաղության խաչմերուկ» անվամբ: Ավելի ուշ տարածվեց նաև համանուն նախագիծը:
168.am-ի հարցին, թե որքանո՞վ է իրատեսական Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ թշնամական երկրների հետ սահմանները բացելու պարագայում ՀՀ տնտեսության զարգացման մասին պնդումը, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը կարճ պատասխան տվեց՝ Սիմոնյանի հայտարարությունը բացարձակ սուտ է, իսկ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների մասին մտածելը՝ սխալ:
Ըստ Միքայելյանի՝ նախկինում բազմիցս հայտարարվել է, որ Թուրքիայի հետ հարաբերություններով ՀՀ-ում որևէ առաջընթաց չի գրանցվելու: Առավելագույն առաջխաղացումը, ըստ մասնագիտական գնահատումների, կարող է կազմել ընդամենը 1 տոկոս: Այս դեպքում էլ, տնտեսագետի խոսքով, հաշվի է առնվել միայն առանձին գործոնների ազդեցությունը:
Բացի այդ, նրա գնահատմամբ, Թուրքիայի հետ հարաբերություններում տնտեսական օգուտները գրանցել չենք կարող, եթե չգիտենք այդ հարաբերությունների հաստատման պայմանների մասին: Իսկ ներկա իրողությունները, ըստ Հրանտ Միքայելյանի՝ տանում են նրան, որ Հայաստանն առաջիկայում կարող է դառնալ պարզապես Թուրքիայի «կլիենտ» պետություն:
Տնտեսագետը նաև վստահեցրեց, որ հարևան երկրի արտադրողները մեծաքանակ են և հայ-թուրքական սահմանները բացելու պարագայում իրենց արտադրությունը Հայաստանի միջոցով մեծացնելու խնդիր չունեն:
«Եթե վերցնենք Հայաստանի արդյունաբերական արտադրանքների շուկան, ու պայմանական՝ տարեկան 10 մլրդ դոլար, որի 5 տոկոսն արդեն իսկ առաջանում է թուրքական ապրանքների միջոցով, իսկ մնացած 95 տոկոսը՝ այլ երկրների, տեսականորեն, Թուրքիան կարող է ևս մի 5-10 տոկոս գրավել հայկական շուկայում՝ այդ շուկայից դուրս մղելով ուրիշ արտադրողների: Այս պարագայում, ըստ երևույթին, կթիրախավորվեն հենց տարածաշրջանային երկրները՝ Վրաստանը, Իրանն ու Ռուսաստանը»,- ասաց տնտեսագետը:
Նա նաև արձանագրեց, որ ի տարբերություն Հայաստանի՝ Թուրքիան Հայաստանում ունի վաճառքի ցանցեր: Բացի այդ, կան նաև մանր առևտրականներ, որոնք իրենց ապրանքը նույնպես ՀՀ են ներմուծում թուրքական շուկայից: Սահմանների բացվելու դեպքում Թուրքիան փորձելու է ոչ թե տնտեսական գործունեության ընդլայնում իրականացնել Հայաստանում, այլ ավելի մեծ ուժով իրականացնել լոբբինգի ու հատուկ ծառայությունների աշխատանքները:
Ի տարբերություն Թուրքիայի, Հայաստանը, ըստ մասնագետի, Թուրքիայում իր արտադրությունը մասշտաբացնելու խնդիր ունի: Սակայն անգամ այդ հնարավորությունն ունենալու պարագայում չի կարող 20 կամ 50 տոկոսով ավելացնել իր արտադրության ծավալները:
Մյուս կողմից՝ տնտեսագետը համոզմունք հայտնեց, որ Հայաստանում չկա արտադրության մի որևէ տեսակ, որը Թուրքիայում առկա չէ ու կարող է հետաքրքրել այդ երկրին:
«Կարող են ինչ-որ առանձին ապրանքներ լինել… ինչպես, օրինակ՝ անցյալ տարի ոսկի արտահանվեց, դրանից առաջ՝ հոսանք… բայց դա հատվածական գործակցություն էր: Իրականում՝ Հայաստանը Թուրքիային առաջարկ չունի ու չի էլ կարող ունենալ»,- ասաց տնտեսագետը:
Նրա խոսքով՝ տեսականորեն որոշակի ապրանքներ կարող են Հայաստանից արտահանվել Արևելյան Թուրքիայի որոշ շրջաններ, սակայն՝ խիստ սահմանափակ ծավալներով:
Մյուս կողմից, օրինակ՝ հագուստի արտադրության ոլորտում՝ և՛ հայ արտադրողները, և՛ թուրքերը գտնվում են մրցակցային հարթակում:
Սա, ըստ Հրանտ Միքայելյանի, նշանակում է, որ երբ հայ արտադրողները, Թուրքիայում չունենալով որևէ ներկայացվածություն, փորձեն որևէ քայլ իրականացնել՝ թուրքական կողմը կարող է պարզապես կուլ տալ հայկական շուկան՝ ամբողջությամբ ողողելով այն իր արտադրությամբ:
«Այսինքն, հայ արտադրողների արտադրությունն այս պարագայում ոչ թե աճելու է, այլ նույնիսկ նվազելու է: Այս պարագայում, ստացվում է, որ հայկական տնտեսություն ո՛չ միայն չի զարգանա, այլև ընդհակառակը, կտրուկ կարող է նվազել»,- ասաց Հրանտ Միքայելյանը՝ պնդելով, որ Թուրքիան այս իրավիճակն անգամ կծառայեցնի իր շահերին՝ քաղաքական շանտաժների տեսքով ու սահմանը կրկին փակելու սպառնալիքներով:
Անդրադառնալով Ադրբեջանից առաջիկայում գազ ներմուծելու Հայաստանի իշխանությունների ցանկությանը՝ մասնագետը հայտարարեց, որ դիվերսիֆիկացիան որքան էլ օգտակար գաղափար է՝ չպետք է մոռանալ Ադրբեջանի կողմից տարվող քաղաքական մոտեցումներն ու դրանց հնարավոր հետևանքները Հայաստանի վրա: Այս համատեքստում, Միքայելյանը նաև համոզմունք հայտնեց, որ ՀՀ իշխանությունները գնում են ադրբեջանական գազը ներմուծելու ճանապարհով՝ ռուսական կողմի հետ գործակցությունը թուրք-ադրբեջանականով փոխարինելու համար:
«Դիվերսիֆիկացիան ենթադրում է ո՛չ միայն տնտեսական սեգմենտ, այլև քաղաքական, որպեսզի մենք կախվածության մեջ չլինենք Ռուսաստանից, այլ կախվածության մեջ ընկնենք ումի՞ց՝ Ադրբեջանի՞ց… Այս քաղաքականությունը որևէ լավ արդյունք չի կարող տալ»,- շեշտեց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը:
Նազելի Ստեփանյան