Շուշիում 2 օր պահեցին պալատկայի մեջ, ծեծում էին. Ինձ հետ եղած մարդկանց ճակատագրից տեղյակ չեմ. Ադրբեջանական գերությունից փրկված Մավրիկ Փաշայան

Սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում ավելի քան 100 հազար խաղաղ բնակիչներ ենթարկվեցին էթնիկ զտման և բռնի տեղահանվեցին իրենց բնօրրանից, շատերը սպանվեցին, ոմանք գերեվարվեցին, կան նաև անհետ կորածներ։

Ասկերանի շրջանի Սզնեք գյուղի բնակիչ Մավրիկ Փաշայանը կորցրել է ոչ միայն հայրենիքը, այլև ամբողջ հուշերը հայրենի գյուղի հետ կապված, կորցրել է նաև այնտեղ վերադառնալու հույսը, մնացել է միայն ինքն իր ցավի հետ։ Նրա հուշերը մնացել են ադրբեջանցիների կողմից գերեվարվելու երկար ու տանջալից ճանապարհներին։

Մավրիկ Փաշայանը երեք օր, վիրավոր ձեռքով,  անցկացրել է ադրբեջանական գերության մեջ: Վիրավորվել է  գերեվարելու պահին թշնամու արձակած կրակոցից։

Այսօր դժվարությամբ է հիշում այն դժոխքը, որի միջով անցել է, ասում է՝ գերեվարվելուց հետո հույս չուներ՝ որ ողջ կմնա ու կգա Հայաստան։

Կարդացեք նաև

Պատերազմը սկսվելու պահին  տանը միայնակ է եղել, տեսել է, որ թշնամին անընդհատ կրակում է՝ նկուղ է իջել։

«Պադվալում սպասեցի, տեսա, որ կրակոցները չեն դադարում, երբ համեմատաբար մի քիչ դադարեց, գնացի հորեղբորս տուն։ Հորեղբորս հարցրեցի՝ չի՞ վախենում, ասեց՝ չէ, ի՞նչ անեմ, եթե խփեցին, կխփեն էլի։

Հետո եղբայրս դիրքերից իջավ, ասաց, որ բոլորը փախնում են, պատերազմ է, ինչո՞ւ դուրս չենք գալիս գյուղից։ Հետո դուրս եկանք տնից, մի քանի հոգով էինք, մեր հետ էր նաև գյուղի բժիշկը, նրա տղան եկավ՝ մեքենայով տարավ, իսկ մենք գնացինք Խաչմաչ գյուղ, մեկ օր այնտեղ ենք մնացել, այնտեղ կրակոցներ չենք լսել։ Առավոտյան եղբայրս դուրս եկավ, ասաց՝ գնում է մեքենա փնտրի, հետո իմացանք, որ ճանապարհը փակ է, հետ ենք վերադարձել։ Մի հատված կա, որտեղ կածան կա, այդտեղով մտել ենք, դուրս ենք եկել մի ծմակ տեղ։ Ես էի, հորեղբայրս, մեր գյուղապետի հայրը և մեկ այլ մարդ ու մի տարեց կին։ Եղբայրս ու մեկ հոգի մեզ թողեցին, որ գնան մարդ բերեն, որպեսզի կարողանան բոլորիս դուրս հանեն այդտեղից, իրենք գնացին ու այդպես էլ չվերադարձան»,- 168.am-ին պատմեց Մավրիկ Փաշայանը։

Ամբողջ ճանապարհը շատ դժվար է եղել, նստել մի քիչ հանգստացել են, հետո, երբ նորից շարունակել են ճանապարհը, ադրբեջանցի զինվորները նրանց բռնել են, խոստացել են, թե չեն կրակի։ Մավրիկի հորեղբայրն  ադրբեջաներենով նրանց ինչ-որ բան է ասել, ինչից հետո նրանք հեռացել են, իսկ իրենք շարունակել են իրենց ճանապարհը, մտել են անտառ, որտեղ հորեղբորը կորցրել է, իսկ ծեր կինն իրեն վատ է զգացել ու խնդրել է իրեն  թողնել ու գնալ։

«Կարմիր գյուղի ճանապարհով ուզում էի գնալ քաղաք, ճանապարհը գիտեի, քանի որ կովերին այդ հատվածներում տանում արածացնում էի։ Ճանապարհներին կրկին ադրբեջանցի զինվորներն ինձ բռնեցին, բղավում էին,  որ կանգնեմ, «գյուլլան» գլխիս վրայով «վզզում» էր, մտածում էի՝ թող կրակեն, չեմ կանգնի, բայց իրենց կրակոցներից մեկը ձեռքիս կպավ, մատիս։ Այդ ժամանակ իրենք ինձ հասան, բռնեցին, ծեծելով տարան ճանապարհի մյուս կողմը։ Ինձ շոկոլադ տվեցին, հրաժարվեցի, ասացին՝ վերցրու, նկարում ենք, այդպես ինձ նկարեցին, իբրև թե վիրակապ են անում ու ինձ սնունդ են տվել ուտելու։ Հեռախոսս վերցրեցին, փող ունեի, դա էլ վերցրեցին, ասացին, որ տանում են Շուշի, տարան ու 2 օր այնտեղ պահեցին։ Պալատկայի մեջ էին ինձ պահում, ծեծում էին, գիշերը քնած էի, եկան, «բատինկայով» հարվածում էին, հայհոյում էին հորս ու մորս, ազգիս»,- ցավը զսպելով՝ պատմում  էր Մավրիկ Փաշայանը։

Հայաստան գալուց հետո նրա ձեռքը վիրահատել են «Երևան» բժշկագիտական կենտրոնում, վիրաբույժի գնահատմամբ՝ վիճակն այս պահին նորմալ է, Մավրիկ Փաշայանն էլ կազդուրվելու փուլում է։ Ամբողջ խնդիրն այն է, որ նրա ձեռքը երկար ժամանակ այդպես է մնացել, մինչև հասել է հիվանդանոց, դրանից էլ բարդություններ են առաջացել։ Չնայած Մավրիկ Փաշայանը գտնվում է բժիշկների, այդ թվում՝ վիրահատող բժշկի հոգատարության ներքո, սակայն ուզում է ժամ առաջ դուրս գրվել հիվանդանոցից, հարազատների կողքին  լինել։

Ադրբեջանական գերությունից ու տանջանքներից հետո Մավրիկ Փաշայանը Հայաստան է վերադարձել շտապօգնության մեքենայով, որոշ չափով գիտակցությունը տեղը չի եղել, ամեն ինչ շատ աղոտ է հիշում, նույնիսկ գերությունից ազատվելու օրը չի հիշում։ Ասում է՝ մտքերը հիմա դժվարությամբ է հավաքում, քանի որ մշտապես մտքով հայրենի Սզնեքում է, որտեղ մեծացել ու ապրել է։ Նա Հայաստանում առաջին անգամ է, եկել է ոչ իր կամքով, ասում է՝ եթե պատերազմ չլիներ, հավերժ իր գյուղում կապրեր, իր հողը կմշակեր ու անասուններին կարածեցներ, ինչով որ ամբողջ կյանքն է զբաղվել։ Հայաստանում էլ չի ուզում մնալ, ուզում է  հարազատ քույրերի մոտ գնալ՝ Ռուսաստան։

Հարցին՝ Արցախ կվերադառնա՞, Մավրիկ Փաշայանի պատասխանը միանշանակ չէր, երկար մտածելուց հետո, ասաց, որ՝ չէ, կգնա քույրերի մոտ՝ Ռուսաստան։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս