«Չեմ կարծում, որ ճանապարհն այդպես կմնա, ամեն դեպքում այս պահին այնպես է, ինչպես երեկ կամ դրանից առաջ էր». Կոռնիձորի գյուղապետ

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբն այսօր  տեղեկացրել է, որ   Ադրբեջանի զինուժն այս գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:

«Արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին Շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։

ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ Տեղ-Կոռնիձոր գրունտային ճանապարհը երթևեկելի է, և, հաշվի առնելով Արցախի շարունակվող շրջափակումը, դրանով հնարավոր է իրականացնել Արցախի հումանիտար մատակարարումները ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: Այդ ճանապարհը, ի դեպ, Արցախի Հանրապետության սահմանին՝ Հակարի գետի կամրջի մոտ վերահսկվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից»,- հայտնել էր Տեղեկատվական շտաբը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ից Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքը, Ներքին Սուսն  ու Աղավնոն թշնամուն հանձնելուց հետո, Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը Սյունիքի մարզի Տեղ, Կոռնիձոր գյուղերով է միանում Արցախին՝ Բերդաձորի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով։

Կարդացեք նաև

Իսկ մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, Շուշի-Լիսագոր հատվածում խախտել էին նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում: Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել էին տվյալ բարձունքին և վերահսկում  էին այն: Նրանք միևնույն ժամանակ բանակցություններ էին վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք

168.am-ի հետ զրույցում Կոռնիձոր գյուղի ղեկավար Արշակ Կարապետյանն անդրադառնալով ճանապարհը փակելուն՝ նշեց, որ այս պահին իրավիճակը նորմալ է, լարվածություն չկա, այսպես ասած՝ ամեն մարդ իր գործին է։

«Ապրիլի 1-ին այդ նոր ճանապարհի շինաշխատանքներն ավարտվելու են, չգիտեմ, այդպես են խոսում, որ ապրիլի 1-ին բացվելու է»։

Չեմ կարծում, որ ճանապարհն այդպես կմնա, ամեն դեպքում այս պահին ճանապարհն այնպես է, ինչպես երեկ կամ դրանից առաջ էր։ Դե, չեմ կարող ասել՝ ինչ լուրեր են շրջանառվում, բայց կոնկրետ այս պահին ամեն ինչ նորմալ է, այդ ճանապարհին աշխատանքները շարունակվում են։ Այսպես ասեմ՝ իմ իմանալով՝ ճանապարհը բաց է, աշխատում են»,- նշեց Արշակ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։

Տեսանյութեր

Լրահոս