«Գիտեմ՝ ինչպիսի դաժան օրեր են ապրում Բաքվում գտնվող մեր գերիները». Մարալ Նաջարյան

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո ադրբեջանական կողմը շարունակում էր գերեվարել հայ զինվորների, քաղաքացիական անձանց։ Նրանցից շատերը մինչ օրս շարունակում են մնալ ադրբեջանական գերության մեջ, ոմանց տվյալներն Ադրբեջանը թաքցնում է, մինչդեռ կան տեսանյութեր, թե նրանք ինչպես են գերեվարվում ադրբեջանցի զինվորների կողմից։

Լիբանանահայ Մարալ Նաջարյանը, ով 2020 թվականի օգոստոսի սկզբին Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո Հայաստան էր եկել, եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո՝ նոյեմբերի 10-ին, Բերձորում գերեվարվել էր Ադրբեջանի կողմից։ Նրա հետ միասին գերեվարվել էր նույն տաքսիում եղած Վիգեն Էուլջեքյանը. Մարալ Նաջարյանն Արցախ էր գնում անձնական իրերը վերցնելու։

Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո Մարալ Նաջարյանը որոշել էր հաստատվել Արցախում, քանի որ Արցախի Կառավարությունը պատրաստակամություն էր հայտնել մի քանի հազար լիբանանահայերի բնակարանով ապահովել Արցախում, սակայն նա չէր հասցրել ամբողջությամբ հաստատվել Արցախում, երբ սկսվել էր 44-օրյա պատերազմը։

Որոշ ժամանակ հարազատները փնտրում էին Մարալ Նաջարյանին, քանի որ նրանից լուր չկար. այդ փնտրտուքները դադարեցին այն ժամանակ, երբ Բաքուն հաստատեց, որ նա և Վիգեն Էուլջեքյանը գերեվարված են։

Կարդացեք նաև

Մարալ Նաջարյանը 120 օր մնացել էր ադրբեջանական գերության մեջ՝ ապրել մի ամբողջ ողբերգություն, ադրբեջանական կողմի գործադրած դաժանության պայմաններում նույնիսկ փորձել գնալ ինքնասպանության, սակայն հիշելով, որ տանն իրեն սպասում են երեխաները՝ հետ էր կանգնել այդ մտքից։ Մարալ Նաջարյանը հայրենիք վերադարձավ 2021 թվականի մարտին՝ Լիբանանի արտաքին գործերի նախարարության, ՀՅԴ Լիբանանի Կենտոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունու հետևողական աշխատանքի շնորհիվ։

Սկզբում Մարալ Նաջարյանը վերադարձավ Լիբանան, այնուհետև եկավ Հայաստան։ Այժմ նա կրկին վերադարձել է Լիբանան՝ երեխաների մոտ:

168.am-ի հետ զրույցում Մարալ Նաջարյանը պատմեց, որ արդեն երկու տարի է՝ վերադարձել ու ապրում է Լիբանանում։

«Ադրբեջանում ապրածս մղձավանջից հետո, երբ ազատվեցի գերությունից, վերադարձել եմ իմ ծննդավայր՝ Լիբանան։ Այստեղ արդեն ունեմ իմ անձնական վարսահարդարման սրահը, որտեղ աշխատում եմ և որպես վարսահարդար, մատնահարդար, և դիմահարդար։ Ուրախ եմ, որ վերջապես իմ զավակների մոտ եմ։
Հեշտ չէր մոռանալ այն օրերը, որոնք ես անցկացրել եմ Բաքվում գերության մեջ… Բայցևայնպես կյանքը շարունակվում է, պետք է զորավոր լինենք, որպեսզի այդ դժվարությունները դիմագրավենք»,- նշեց մեր զրուցակիցը։

Հայաստանից Մարալ Նաջարյանը հեռացել է, քանի որ կյանքը շատ է թանկացել, տան վարձերը բարձր են, առօրյա հոգսերն ու տան վարձն ի վիճակի չի եղել հոգալ։
Գերության 120 դաժան օրերն այսօր լիբանանահայ կինը որոշ չափով մոռացության է տվել՝ այդ հարցում օգնել են աշխատանքը, տան առօրյան, ընտանիքը, հետ գնալու և ադրբեջանական դաժանությունները հիշելու ժամանակ չկա։ Ասում է՝ որքան էլ ժամանակ անցնի, միևնույն է՝ այդ օրերը չի կարող մոռանալ, բայց գերությունից վերադառնալուց հետո, նախ աշխատել է հոգեբանների հետ, այնուհետև սեփական ուժերով կարողացել է վերականգնվել։

«Հոգեբանների ու հոգեբույժների հետ աշխատեցի, գրեթե մեկ տարի էր պետք, որպեսզի Բաքվի դաժանությունների մասին իմ հիշողությունները մոռանամ։ Մեկ տարի հետ արդեն կարողացա ինքնուրույն ինձ հետ աշխատանքներ տանեմ՝ վերականգնվելու համար։

Արտաքին տեսքս վերականգնվել է, հետքերն արտաքինիս չեն, ներսումս են, դրսից ամեն ինչ հանգիստ է։ Այն օրերը, որոնք անցկացրեցի Բաքվի բանտում, դրանք իմ մեջ կմնան, մի քիչ ժամանակ է պետք՝ ամբողջովին մոռանալու համար։

Ես չեմ կարող ասել, թե այսօր Ադրբեջանն ինչպես է վարվում Բաքվում պահվող հայ գերիների հետ։ Վարվեցողության մեթոդները տարբեր են, նայած, թե ինչի համար են տվյալ անձին գերեվարել ու ինչ մեղադրանք են առաջադրել։ Հիմա ես չեմ կարող ասել, թե ինչ վիճակում ու ինչ պայմաններում են պահվում մեր գերիները, յուրաքանչյուրին տարբեր տեղերում ու տարբեր պայմաններում են պահում»,- հավելեց Մ. Նաջարյանը։
Նրա խոսքով՝ իհարկե, շատ կցանկանար գալ Հայաստան, իր հայրենիքը, բայց այս պահին Լիբանանում էլ իրավիճակը խիստ լարված է, ուստի հիմա դժվար է նման որոշում կայացնելը։ Հետագայում, երբ օրերն ավելի խաղաղ լինեն, գուցե և գա Հայաստան մի քանի օրով։

Սեփական մաշկի վրա զգալով գերության 120 դաժան օրերը, Մարալ Նաջարյանը Բաքվի բանտերում գտնվող պատանդների, գերիների ընտանիքներին, հարազատներին միայն հորդորում է՝ աղոթել, որպեսզի մի օր նրանք էլ հայտնվեն ազատության մեջ։

«Գիտեմ, ինչպիսի դաժան օրեր են ապրում Բաքվում գտնվող մեր գերիները, ուզում եմ բոլորս նրանց ազատության համար աղոթենք»,- եզրափակեց Մարալ Նաջարյանը։

Նշենք, որ Մարալ Նաջարյանի հետ գերեվարված Վիգեն Էուլջեքյանը մինչև այս պահը գտնվում է ադրբեջանական գերության մեջ, Բաքվի դատարանը նրան 20 տարվա ազատազրկման է դատապարտել՝մեղադրելով, իբր թե նա գումարի դիմաց Արցախում կռվել է Ադրբեջանի դեմ։ Վիգեն Էուլջեքյանը նույնիսկ հացադուլ էր սկսել Բաքվի բանտում, որը դադարեցրել էր միայն ընտանիքի անդամների հետ հեռախոսազրույցից հետո։

Հիշեցնենք, որ այս պահին Բաքվում պատանդի կարգավիճակում պահվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ նախկին երեք նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։

Տեսանյութեր

Լրահոս