Շուշիում ուղղակի պետք էր տեսնել դրսից եկած հյուրերի աչքերի արցունքները. Հայկ Տիգրանյան
Օպերա հաճախող 50 հոգուց մեկն այն սիրում է, 49-ը գնում է, որ սիրի։ Ժամանակին նման կարծիք է հայտնել գրող Մարկ Տվենը։ Իսկ թե որքանո՞վ է այն համապատասխանում իրականությանը` փորձել ենք պարզել օպերային երգիչ Հայկ Տիգրանյանի հետ զրույցում։
– Կիսո՞ւմ եք Մարկ Տվենի այս կարծիքը։
– Այո, միանշանակ կիսում եմ, և որպեսզի կարողանանք այդ կարծրատիպը կոտրել` պետք է կարողանալ հենց մանկուց զարգացնել մշակութային կրթությունը։ Երեխաները դպրոցական հասակից պետք է հաճախեն օպերային թատրոն, ու այդ ամենը պետք է կարողանան կազմակերպել այսօրվա կառավարիչները։ Մենք միշտ պատրաստ ենք ելույթ ունենալ բեմում` թե՛ երեխաների, թե՛ մեծերի համար։ Երբ դպրոցում նաև կրթություն ստանան, մշակույթն ավելի մոտեցնեն երեխաներին, կտեսնենք, որ ինչ-որ ժամանակ հետո այն երեխաները, ովքեր այսօր շատ հաճախեն օպերային թատրոն՝ ավելի ծանոթ կլինեն օպերային։ Նաև կարելի է երեխաներին ծանոթացնել արտիստների հետ։ Կարող են տեսնել, թե ի՞նչ է կատարվում, օրինակ, մեր բեմական փորձերի ժամանակ։ Արտիստների հետ շփումը հանգեցնելու է նրան, որ կարողանանք կոտրել Մարկ Տվենի ասածն ու հասնել նրան, որ ունենանք 49 հասկացող և մեկ հոգի, ով եկել է, որ սովորի։
– Օպերա Ձեր մուտքը կարծես թե եղել է 12 տարեկանում, երբ կատարել եք Քաջ Նազարի դերերգը` համանուն մյուզիքլում։ Ինչպե՞ս առաջարկ ստացաք։
– Երբ սովորում էի հանրակրթական դպրոցում, այդտեղ մայրս երգչախումբ ուներ, որտեղ հաճախում էի, հանդես էի գալիս՝ նաև որպես մենակատար։ Սովորում էի նաև Ավանի թիվ 20 երաժշտական դպրոցում՝ դաշնամուրային բաժնում։ Մի օր սոլֆեջիոյի ուսուցիչն ասաց, որ Նարեկ Դուրյանը, ով Օհան Դուրյանի որդին է, ու ես նրան գիտեի, բայց առիթ չէր եղել հանդիպելու (քանի որ հայրս հոբոյահար է, Օհան Դուրյանի նվագախմբում երկար տարիներ հոբոյ է նվագել, ինձ համար մեծ պատիվ էր՝ շփվել Օհան Դուրյանի հետ), ու երբ իմացա, որ նրա որդին «Քաջ Նազար» մյուզիքլը պետք է բեմադրի, ուրախացա։ Իմացա, որ պետք է կատարեմ թամադայի դերերգը։ Ներկայացմանը մնացել էր երկու ամիս, երբ Նարեկ Դուրյանը Փարիզից եկավ Հայաստան, որպեսզի լսի, թե ինչպես ենք խաղում, որովհետև արդեն պրեմիերաները դրված էին, տոմսերը վաճառվում էին։ Փորձը լսեց Նարեկ Դուրյանն ու ասաց, որ Հայկը պետք է լինի Քաջ Նազարը, իսկ այդ դերերգով հանդես եկող տղան՝ թամադա։ Ասում եմ՝ վստա՞հ եք, որ կհասցնեմ, պատասխանեց, թե՝ պետք է հասցնես։ 6-7 անգամ հանդես եկանք, հաճախեցինք նաև մարզեր։
– Հիմա մարզեր գնո՞ւմ եք։
– Լինում են դեպքեր, երբ Օպերային թատրոնը կազմակերպում է համերգներ։ Լինում են դեպքեր, որ մարզերից ենք հրավիրում թատրոն։
– «Քաջ Նազար» հեքիաթում վերջաբանում ասում է՝ ինչ քաջություն, ինչ խելք, մարդ պետք է բախտ ունենա։ Հավատո՞ւմ եք բախտին, ճակատագրին։
– Միանշանակ, հավատում եմ բախտին և ճակատագրին, բայց նաև կարծում եմ, որ պետք է ավելի կարևոր տեղում լինի խելքը, հետո քաջությունը։ Բախտն էլ ունի իր դերը, որովհետև մեծերից շատ ենք լսում, որ մարդ պետք է նաև բախտ ունենա։ Կարծում եմ, հենց այդպես է, բայց միայն բախտով օպերային թատրոնի բեմում դժվար թե կարողանաս երգել և հանդես գալ, որովհետև օպերային արվեստը շատ դժվար է և մեծ սինթեզ է։ Պետք է լինես նաև դերասան։ Երգում ենք իտալերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, մեծ է նվագախումբն ու երգչախումբը ու այս ամբողջի սինթեզը պետք է կարողանաս հասցնել հանդիսատեսին։ Շատ դժվար է ու շատ հաճելի։
– Թումանյանից չհեռանանք․ նաև «Անուշ»-ում եք խաղում՝ Քյոխվայի դերում։ Ու քանի որ նա գյուղի կառավարիչ է, երբևէ մտածե՞լ եք՝ Դուք էլ լինեիք կառավարիչ, քան գնայիք օպերա, լինեիք երգիչ։
– Այո, շատ եմ մտածել, և գաղտնիք չէ, շատ են առաջարկել կառավարել այս կամ այն հաստատությունը։ Դեռևս հրաժարվում եմ այդ առաջարկներից։ Ասացիք՝ գյուղի քյոխվան, բայց, օրինակ, «Աիդա» օպերայում քրմապետն եմ, կերտում եմ թագավորի դերերգեր, և եթե անկեղծ լինեմ, ուզում եմ դեռևս երգել, կարիերան ավելի մեծացնել, աշխարհի ավելի լավ բեմերում հանդես գալ։ Միգուցե տարիներ անց՝ մեծ տարիքում, կփորձեմ ղեկավարել ինչ-որ թատրոն։ Ժամանակը ցույց կտա։
– Կա՞ դերերգ, որը չեք ցանկացել կատարել, բայց ստիպել են։
– Չեմ կարող ասել, որ ստիպում են, իմ այդ տարիքն էլ անցել է, որ ստիպեն՝ ինչ-որ բան անեմ։ Սիրելով եմ կատարում իմ դերերգերը։ Եղել է դեպք, որ «Волшебная флейта»-ում ասել են՝ պետք է վերցնես և սովորես Զարաստրոյի դերերգը։ Սովորում եմ դա, հետո իտալացի ռեժիսորը գալիս է ՀՀ, լսում, վերջում թե՝ ուզում եմ, որ Պապագենոյի դերերգը կատարես։ Ասացի՝ մաեստրո, չէ՞ որ դա բարիտոնի է, ես բաս եմ։ Պատասխանեց, թե՝ քո նման բաս ձայները երգել են։ Ամբողջ կյանքս թագավորի, քրմապետի, հա լավ՝ գյուղապետի դերերգ երգես, մեկ էլ առաջարկում են կոմիկական դեր։ Արդեն իմ աչքերի առջև էր, որ ինքը պետք է բեմում թռվռալով, պարելով երգի։ Չէ՞ որ մենք թագավոր ենք՝ գավազանով անընդհատ կանգնած, մեկ էլ այս առաջարկը։ Մինչև վերջին օրը դերերգն էի սովորում, որովհետև կա խոսակցական մաս՝ գերմաներեն լեզվով։ Պրեմիերան եղավ Դուբայի օպերային թատրոնում։ Մարդիկ մինչ վայելում էին կյանքը, ես անգիրն էի սովորում։
– Միշտ ասում ենք՝ մեր մշակույթը պետք է հանրայնացնենք և տարածենք, բայց ի՞նչ է արվում այդ ուղղությամբ։ Արդյո՞ք ազգային օպերաները կարողանում ենք ներկայացնել արտերկրում։
– Որպես անհատ, երբ Հայաստանից դուրս ունենում եմ համերգներ, փորձում եմ խնդրել կազմակերպիչներին, ու եթե հնարավորություն լինում է, անպայման կատարում եմ հայկական արիաներ կամ ռոմանսներ, թեկուզև հանդիսատեսը լինի միայն իտալացի, գերմանացի։ Իսկ Օպերային թատրոնը հնարավորություն ունեցել է դրսում ներկայացնել, բայց՝ ոչ շատ։ Պետք է կարողանանք բարձր մակարդակի հայկական օպերան տանել դեպի Եվրոպա, հանել միջազգային ասպարեզ։
Մի քիչ ցավոտ թեմայի մասին էլ կուզեի խոսել։ Շուշիում մասնակցել եմ «Արծվաբերդ» օպերային, կերտել Ավոյի դերերգը, 2015թ., ապա «Սասունցի Դավիթ» օպերան եղավ 2018թ.։ Այդ ելույթները, հավատացեք, շատ կարևոր էին մեզ համար, որովհետև միջազգային հանրությունը նույնպես ներկա էր։ Հրավիրված էին դեսպաններ, և ուղղակի պետք էր տեսնել դրսից եկած հյուրերի, մասնագետների աչքերի արցունքներն ու ուրախությունը։ Մեծ ոգևորությամբ էին ընդունում։ Ցավալի է, որ այս պահին Շուշին մերը չէ, իմ հուշերը մեծ են Արցախից։ Կարծում եմ, որ կգա ժամանակ, որ այս ու այլ՝ «Անուշ», «Արշակ 2-րդ», «Դավիթ Բեկ» օպերաներն այնպիսի բեմադրություններ կունենան, որ հավասար կլինեն համաշխարհային մակարդակին։
– Տարիներ առաջ հարցազրույցում ասել էիք, որ մարդիկ երբ հեռուստացույց են միացնում և տեսնում են, որ դասական համերգ է, օպերա՝ ալիքը փոխում են։ Ինչ-որ փոփոխություն նկատո՞ւմ եք։
– Միանշանակ փոփոխություն կլինի, բայց կուզեմ, որ շատ խոսեն մշակույթի մասին։ Երբ ալիքը փոխես, տեսնես, որ մյուս ալիքում նույնպես խոսում են մշակույթից, միգուցե մարդիկ այդ ժամանակ շատ թերթելու հնարավորություն չունենան ու ավելի շատ կլսեն, կսովորեն։
Երեխաները խաղալիս անգամ լսում են, մինչ քեզ թվում է, որ նա խաղում է, ու դա նշանակում է, երբ հաղորդում միացված լինի, որի ժամանակ խոսեն երաժշտությունից, թատրոնից, երեխան կսկսի հետաքրքրվել, թե, օրինակ, ի՞նչ է ջութակը, երբ տեսնի, որ ինչ-որ մեկը ջութակ է պատրաստում։
Մանրամասները՝ տեսանյութում