Փաշինյանի և իր թիմի գործողությունների առանցքում թուրքական և հատկապես ադրբեջանական պատումներն են․ Մարինե Պետրոսյան

Ակնհայտ է, որ մեր դեմ քարոզչական մեքենա է աշխատում։ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի գործողություններում թուրքական և հատկապես ադրբեջանական պատումներն են, նրանց նպատակների իրագործումը։ Դրան դժվար է հավատալ, քանի որ կարծես սարսափ հեքիաթ լինի։ Ինչպե՞ս է դա հնարավոր, երբ թվում է՝ մենք պետություն ունենք։ Փաստացի, Նիկոլ Փաշինյանն անում է ճիշտ այն, ինչը պետք է Հայաստանը քանդելու համար։ Անշուշտ, նա խնդիրներ ունի, և դա պարզ տեսանելի է, բայց այս ամենը միայն անձնական հանգամանքով չի բացատրվում։ Մենք պետք է գիտակցենք, որ մեր դեմ հսկա մեքենա է աշխատում։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց բանաստեղծ Մարինե Պետրոսյանը:

«Մեր հասարակության տարբեր շերտերում՝ և՛ հասարակ ժողովրդի, և՛ նույնիսկ մտավորականության մեջ, մի տխուր մտայնություն կա։ Մարդիկ մտածում են՝ գուցե Արցախի հարցը մեզ պետք չէ՞ր, այն մեզ փորձանքի մեջ գցեց, և պետք է դրանից հրաժարվել։ Պետությունն Արցախից փաստացի հրաժարվել է, ու մարդիկ մտածում են՝ եթե վերջնականապես հրաժարվենք, գուցե իսկապե՞ս ադրբեջանցիների և թուրքերի հետ կարողանանք ապրել։ Դա ոչ միայն բարոյական առումով է սխալ՝ հաշվի առնելով մեր զոհերին, այլև վտանգավոր է ապագայի համար։ Ինչպե՞ս են ադրբեջանցիները տեսնում իրենց պատմությունն ու անելիքներն այս տարածաշրջանում, հարաբերությունները Հայաստանի և մյուս հարևանների հետ։ Եթե անգամ մենք Արցախի հարցը չբարձրացնեինք, մեր հակամարտությունն Ադրբեջանի հետ անպայման առաջանալու էր»,- ասաց արվեստագետը:

«Ե՛վ ռուսալեզու, և՛ անգլալեզու աղբյուրներում ադրբեջանցիները ներկայացնում են, թե իբր այս ամբողջ տարածքը, այսինքն՝ այսօրվա Հայաստանը, պատմականորեն իրենցն է եղել, իրենք են այնտեղ բնակվել, հետո իբր ռուսներն են հայերին բերել։ Իրենց նպատակը պարզապես Արցախը չէր։ Արցախը ռազմավարական իմաստով պակաս կարևոր է, այն Սյունիքի թիկունքն է, իսկ Սյունիքը նրանք իրենցն են համարում։ Սկզբում ասում էին՝ Սյունիքն ու Սևանի ավազանն է իրենցը, բայց հիմա ամբողջ Արևելյան Հայաստանին են հավակնում։ Եվ քանի որ իրենք շատ միջոցներ, նավթադոլարներ ու դաշնակիցներ ունեն, դրանցով աշխարհում հարցեր են լուծում։ Բացի այդ, իրենք պատմականորեն այդ ամենը դատարկ տեղը չեն ասում։ Մի տխուր փաստ կա, որ Առաջին Հանրապետության անկախացումից առաջ թաթարներն այստեղ մեծաքանակ բնակչություն ունեին։ Դրա վրա հենվելով էլ՝ ասում են, թե իբր սա իրենց երկիրն է, հետո իրենց հանել են այստեղից»,- նշեց Մարինե Պետրոսյանը:

Կարդացեք նաև

Մտավորականի կարծիքով՝ եթե վերջնականապես հրաժարվենք Արցախի հարցից, միևնույն է՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը չի լուծվելու.

«Պետք է գիտակցենք այս իրավիճակը, որ այն ճիշտ գնահատենք։ Խաղաղությունը շատ լավ բան է, բայց այս իրավիճակում Ադրբեջանին այն պետք չէ։ Կազմակերպություն են ստեղծել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնք, և աշխատում են։ Աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ դաշնակիցներ ունեն՝ Թուրքիա, Իսրայել, Պակիստան։ Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է քարոզչական դաշտում»:

«Շատ խելացի պետք չէ լինել այս ամենը հասկանալու համար։ Փաշինյանն այս ամենը գիտե, տեսնում է։ Ի՞նչ պիտի անի որևէ երկրի ղեկավար, եթե իր երկրի դեմ նման սպառնալիքներ կան։ Եթե հանգիստ ժամանակ երկրի ներսում հակասություններ կան, և դա բնական է, սպառնալիքի դեպքում պետք է համախմբվել։ Եթե երկրիդ կենաց-մահու վտանգ է սպառնում, դու բոլոր միջոցներով պետք է համախմբես, դա քո շահն է։ Ի՞նչ է անում Փաշինյանը՝ ճիշտ հակառակը։ Ուրեմն՝ նա մեր երկրի ղեկավարը չէ, որքան էլ դա դժվար է պատկերացնել»,- ամփոփեց Մարինե Պետրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս