Ինչպե՞ս է թուրք ջարդարար Խալիլ փաշան Երևանում հանդիպում Թովմաս Նազարբեկյանին և պատմում Դիլմանի ճակատամարտում իր փախուստի մասին

1918 թվականը Հայոց պատմության ամենաբարդ ու ճակատագրական շրջաններից մեկն էր: Մայիսյան հերոսամարտերի ժամանակ թուրքական բանակի դեմ հերոսական հաղթանակից ու Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորումից հետո խնդիրները չէին պակասում:

Նորաստեղծ պետությունը կանգնած էր ներքին ու արտաքին մի շարք հարցերի առաջ: 1918 թվականի օգոստոսի վերջին Հայաստան է ժամանում թուրք զինվորական գործիչ և գեներալ Խալիլ Կուտ փաշան: Նա Հայաստան է ժամանում Գերմանիայի ներկայացուցիչ Ֆոն Կրեսի և Ավստրո-Հունգարիայի ներկայացուցիչ բարոն Ֆրանկենշտայնի հետ:

Կարդացեք նաև

Հանդիպմանը կողմերը պետք է քննարկեին Հայաստանի Հանրապետության և Օսմանյան կայսրության միջև առկա մի շարք հարցեր, ինչպես նաև թուրքական զորքերի դուրսբերման հարցը Լոռիից: Խալիլ փաշան թուրքական արյունարբու քաղաքականության գաղափարախոսության արմատական կրողներից էր:

Նա եղել է պանթուրքիստական՝ «Մեծ Թուրանի» գաղափարախոսության հետևորդ և փորձել է այն իրականացնել՝ ձգտելով նվաճել թյուրքալեզու ժողովուրդներով բնակեցված տարածքները։ Այդ ծրագրի ճանապարհին նա դիտարկել է Հայաստանը և հայ ժողովրդին՝ որպես խոչընդոտ:

1918 թ. մայիսի 15-ին հենց Խալիլ փաշայի զորքերն են գրավել Ալեքսանդրապոլը: Նույն թվականի սեպտեմբերին Բաքվի գրավումից հետո թուրքական ուժերը զանգվածային կոտորած են իրականացրել հայ բնակչության նկատմամբ՝ սպանելով մոտ 30 հազար մարդու։ 1920 թվականի մարտին Խալիլը Նուրի փաշայի և մուսավաթականների հետ մասնակցել է հայկական Շուշի քաղաքի հրդեհմանը և հայ բնակչության զանգվածային սպանությանը:

1918 թվականի օգոստոսին գալով Հայաստան, բնականաբար, նրա այցը չէր կարող լավ արձագանք ստանալ հայ ժողովրդի կողմից, քանի որ միայն վերջին երկու տարիների ընթացքում նրա հրամանով և ղեկավարությամբ թե՛ Հայաստանում, և թե՛ Արցախում կոտորվել էին տասնյակ-հազարավոր հայեր, օկուպացվել էին տարածքներ:

Ժամանելով Հայաստան, հասնելով Երևան, Խալիլ փաշան ցանկանում է հանդիպել գեներալ, մայիսյան հերոսամարտերի հրամանատար Թովմաս Նազարբեկյանի հետ:

Խալիլ փաշայի և Թովմաս Նազարբեկյանի հանդիպման մասին իր հուշերում պատմում է քաղաքական գործիչ Վահան Նավասարդյանը.

«Քաղաք ժամանելուց Խալիլն անմիջապես ցանկություն է հայտնում այցի գնալ հայկական զորքերի գերագույն հրամանատարին՝ Նազար փաշային: Արամը հայտնում է, որ Նազարբեկյանն իրեն՝ Խալիլին՝ քիչ վերջը այցի պիտի գա, ուստի կարող է փաշան չանհանգստանալ և իր բնակարանի մեջ սպասել իր վաղեմի ախոյանին: Խալիլը վճռականապես մերժում է այս առաջարկը, հայտնելով, որ վայել է իրեն՝ Խալիլին, առաջին այցը տալ տարիքով իրենից մեծ և աստիճանով բարձր զորականին՝ Նազարբեկյանին»: (Աստվածատրյան Ա., «Արամը. Մահվան հիսունամյակի առթիվ», Երևան, 1991, էջ 493):

Արամ Մանուկյանի ուղեկցությամբ Խալիլ փաշան գնում է Թովմաս Նազարբեկյանի բնակարան: Թուրք ջարդարարին հայ գեներալը դիմավորում է իր տանը, կրծքին կրելով Գեորգիևյան սպիտակ խաչը, որը ռուսական բանակի մեջ ընդունված է որպես զինվորական առաջին շքանշան: Հենց հանդիպման պահին Արամ Մանուկյանը բռնում է հայ գեներալի կրծքի խաչը և հարց է ուղղում Խալիլ փաշային:

Այդ հարցից հետո սկսվում է հետաքրքիր զրույց, որի մանրամասները ևս ներկայացնում է Վահան Նավասարդյանը: Հատկանշական է, որ այս հանդիպման մանրամասների մասին Արամ Մանուկյանը պատմել է Վահան Նավասարդյանին, իսկ քաղաքական գործիչը հետագայում վերապատմել է այս հուշ-պատմությունը:

«-Իսկ գիտե՞ս, թե ինչու տրված է այս խաչը:

– Ո՛չ,- պատասխանում է Խալիլը:

– Ուրեմն գիտցիր, որ այս խաչը տրված է Դիլմանի տակ քեզ փառավորապես փախուստի մատնելու համար,- ժպտալով ավելացնում է Արամը:

– Ուրեմն մի գեղեցիկ պատմություն էլ ես անեմ, լսեցե՛ք,- ասում է Խալիլը:

– Իմ պարտության պատճառը ավելի շատ իմ կոշիկներն են, քան թե որևէ ուրիշ բան:

Ինձ հետ կռվող զորքը գիտե,- սկսում է իր պատմությունը թուրք փաշան,- որ Խալիլն իրեն հետ միշտ մի քանի զույգ կոշիկ պիտի ունենա և այն էլ՝ ո՛չ սովորական զինվորական կոշիկ: Դիլմանի ջարդի օրը ես շատ լավ ճաշ ունեի պատրաստած, մի քանի տեսակ փիլավ և իմ սիրած խորտիկները: Կոշիկներս հանած հանգստանում էի և սպասում ճաշի, երբ հանկարծ խուճապ ընկավ իմ սպայակույտի մեջ:

Միանգամայն անսպասելի էր ռուսական զորքերի հարձակումը, մանավանդ՝ մեր շրջապատված լինելը: Վայրկյանապես խուճապն այնպիսի կերպարանք առավ, որ ես, իմ սպաների ստիպման տակ, հարկադրված եղա իսկույն ոտքի ելնել, ձի առնել և փախուստի ճամփան բռնել: Իսկ որ ամենից հետաքրքրականն է, ժամանակ չունեցա ո՛չ կոշիկ հանգնելու և ո՛չ էլ կոշիկներս առնելու: Այս լուրը հասավ նահանջող զորքին:

– Քանի որ Խալիլն առանց կոշիկի է փախչում, ուրեմն մեր վիճակը հուսահատական է,- եզրակացնում է զորքս և խուճապահար նահանջում»: (Նույն տեղում, էջ 493-494):

Ժամանակին թուրք արյունարբու գեներալներն անգամ այսպիսի վերաբերմունք էին ցույց տալիս հայ գեներալի նկատմամբ: Թովմաս Նազարբեկյանի և Խալիլ փաշայի այս զրույցը դրա վառ օրինակներից մեկն է:

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս